Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրյան «Արմմոնոն» փակվեց

Սեպտեմբեր 20,2005 00:00

Շեքսպիրյան «Արմմոնոն» փակվեց Շաբաթ օրը «Սայաթ-Նովա» համալիրի «Կոլիզեյ» սրահում կայացավ «Արմմոնո» երրորդ միջազգային շեքսպիրյան փառատոնի փակումը: Հետաքրքիր մի հանգամանք ուղղակի աչքի էր զարնում՝ միջոցառմանը, բացի փառատոնի կազմակերպիչներից, սակավաթիվ հյուրերից ու լրագրողներից, ուրիշ ոչ ոք չէր մասնակցում: Չնայած այս ամենին, փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը գոհ է «Արմմոնոյից»: Նա նշեց, որ Մոնոներկայացումների փառատոների միջազգային ասոցիացիայի ոչ մի տնօրեն չէր հավատում, որ այն հնարավոր է իրականացնել. «Սակայն շեքսպիրյան փառատոնը կայացավ, եւ այն էլ ի՜նչ մասնակիցներով՝ միջազգային փառատոների մի քանի մրցանակակիրներ Աննա Մելե (Թուրքմենստան), Գարեթ Արմսթրոնգ (Մեծ Բրիտանիա), Քշիշտոֆ Գորդոն (Լեհաստան) եւ այլք: Էլ չեմ ասում, որ հայ դերասանները հրաշալի ներկայացան փառատոնին: Եթե, օրինակ, Գուժ Մանուկյանի հարցում, որպես կայացած դերասան, կասկածներ չկային, ապա մի քանի մասնակիցների հարցում թերահավատություն կար»: Հ. Ղազանչյանը ավելացրեց, թեւ «Արմմոնո» շեքսպիրյան փառատոնը հագեցած է եղել հրաշալի ներկայացումներով, սակայն եղել են նաեւ բացթողումներ՝ մեկ-երկու ներկայացում, որոնք կարող էին նաեւ չլինել: Թե հատկապես որ ներկայացումների մասին էր խոսքը՝ Հ. Ղազանչյանը ձեռնպահ մնաց անուններ ու վերնագրեր ասելուց: Մոնոներկայացումների այս փառատոնը ժյուրի չուներ, չկային հաղթողներ եւ պարտվողներ: «Յուրաքանչյուր փառատոն պետք է լինի մշակութային հրավառություն եւ ոչ թե սպորտ: Փառատոնը պետք է խրախուսի, օգնի դերասանին, ոչ թե կոտրի նրան: Այդ իսկ պատճառով այսուհետեւ ես ժյուրի բառը չեմ ուզում լսել»,- նշեց «Արմմոնոյի» տնօրենը: Փառատոնի բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության սերտիֆիկատներ: Հ. Ղազանչյանի կարծիքով՝ «Արմմոնո» շեքսպիրյան փառատոնի սերտիֆիկատները ժամանակի ընթացքում մեծ կշիռ կունենան: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկին նկատեց. «Այստեղ հավաքվել են դերասաններ տարբեր երկրներից, սակայն բոլորս Շեքսպիրի օգնությամբ խոսում ենք մի լեզվով: Հետաքրքիր էր, թե ինչպես տարբեր լեզուներով կարելի է խոսել միեւնույն շեքսպիրյան լեզվով, թեեւ մասնակիցներից յուրաքանչյուրն իրեն հարազատ ոճով էր ներկայանում»: Արդյո՞ք կարելի է այս փառատոնը կայացած համարել հարցին, Ժուրովսկին պատասխանեց. «Ես տեսա հանդիսատեսի ռեակցիան, իմ կարծիքով հանդիսատեսը ձեր հարցին դրական է պատասխանել»: Շեքսպիրյան փառատոնը եզրափակվեց Անուշ Փանոսյանի «Ջուլիետ» ներկայացմամբ: «Ես ներկայացրել եմ այն Ջուլիետը, ում ես եմ պատկերացրել: Աշխատել եմ սյուժեից չշեղվել, թեեւ խաղում եմ առանց Ռոմեոյի»,- ասաց Անուշը: Ա. Փանոսյանը Ջուլետին ներկայացրեց առանց բառերի, նուրբ ու ճկուն շարժումներով՝ մնջախաղով: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել