Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Սեպտեմբեր 20,2005 00:00

Ոչ «ԱրմենՏելն» է մի բան, ոչ էլ «ՎիվաՍելլը» Բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի ի հայտ գալն առայժմ չի նպաստում որակի բարձրացմանը «Առավոտի» նախորդ համարում մենք անդրադարձել էինք «ԱրմենՏելի» բջջային կապի ցածր որակին, բայց այս օրերին նույնպիսի որակ է ապահովում նաեւ «ՎիվաՍելլը»: Մոտ մեկ ամիս առաջ «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կապի վատորակության համար դժգոհում էր իր մրցակցից՝ հայտնելով, թե «ՎիվաՍելլից» «ԱրմենՏել» զանգել չի լինում, իր բաժանորդները տուժում են եւ այլն: Այդ օրերին «ԱրմենՏելը» կորցրեց իր պոտենցիալ բաժանորդների մեծ մասը, նախեւառաջ այն պատճառով, որ այդ ընկերության «իզի-քարտերը» ազատ վաճառքում չկային: Հիմք ընդունելով պարոն Յիրիկյանի բողոքները՝ բաժանորդները «ՎիվաՍելլից» կատարած բոլոր անհաջող զանգերի «մեղքը» բարդում էին «ԱրմենՏելի» վրա, բայց հիմա, երբ շատացել են նաեւ «ՎիվաՍելլի» բաժանորդները, ակնհայտ է, որ այդ անհաջողության մեջ «ԱրմենՏելը» բոլորովին կապ չունի: «ՎիվաՍելլից» «ՎիվաՍելլ» զանգելն անգամ մեծ պրոբլեմ է՝ լավագույն դեպքում հաջողվում է յուրաքանչյուր 5-րդ զանգը: Երբ այս առնչությամբ զանգեցինք ընկերության ադմինիստրացիայի բաժին, այնտեղից առաջարկեցին «ալո» քարտից զանգել 111՝ բաժանորդային բաժին ու ստանալ բոլոր հետաքրքրող պատասխանները: Բաժանորդային բաժնի հետ կարողացանք միանալ միայն 4-րդ փորձից հետո: Ի տարբերություն «արմենտելցիների», «ՎիվաՍելլի» աշխատակիցներն ընդունեցին, որ «իրոք, կապի որակը վատացել է, եւ պատճառը ընկերության կողմից իրականացվող միջցանցային աշխատանքներն են»: Ընկերության աշխատակիցները նաեւ հաստատեցին, որ «ԱրմենՏելն» այստեղ իսկապես կապ չունի, եւ խնդիրը հենց իրենց հետ է առնչվում: Բացի բջջային կապի որակից, «ՎիվաՍելլի» «ալո» քարտի բաժանորդները դժգոհելու այլ պատճառներ էլ ունեն: Նախ, շուկա մտնելուց առաջ հրավիրած մամուլի ասուլիսում ընկերության տնօրինությունը հայտարարեց, որ բացի իրենց սպասարկման կենտրոններից, քաղաքացիները կարող են «ալո», «կլասիկ» եւ լիցքավորման քարտեր ձեռք բերել մայրաքաղաքի շուրջ 1000 կետերից: «ՎիվաՍելլի» բաժանորդ դառնալու համար այս պահին որեւէ խոչընդոտ չկա, բայց լիցքավորման քարտերի հարցում մեծ դժվարություններ են լինում: Ինչպես մեզ հայտնեցին ընկերության բաժանորդային բաժնում, իրենք առաջարկում են 5 տեսակի լիցքավորման քարտեր՝ 2000, 4500, 7000, 9500 եւ 18000 դրամանոց: Իրականում բաժանորդների համար ընտրությունն այդքան էլ մեծ չէ, խանութներում կարող ես գտնել միայն 2000 դրամանոց քարտեր: «ՎիվաՍելլից» մեզ ասացին, որ «մյուսները պետք է ճարել, դրանք, ճիշտ է, շատ քիչ են, բայց կան»: Ավելին՝ ընկերությունն առաջին հայացքից բավականին «անհիմն» թվացող մեր այս հարցադրումը մեկնաբանեց պահանջարկի առկայությամբ. «2000 դրամանոցն ավելի շատ են առնում, դրա համար էլ դիլլերները դրանք են մեզնից վերցնում ու տարածում»: Սակայն այստեղ մի նրբություն կա. 2000 դրամանոց քարտերի մարման ժամկետը 20 օր է, մյուսներինը՝ 2-10 ամիս: Այս քարտերի վաճառքը շատ ձեռնտու է ընկերությանը, որովհետեւ բաժանորդները չեն կարողանա խոսելաժամանակ տնտեսել եւ ստիպված պիտի լինեն 20 օրը մեկ լիցքավորել քարտը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել