Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանական

Սեպտեմբեր 20,2005 00:00

Գերմանական բալանս Բունդեսթագի նոր կազմի համար կայացած ընտրություններն այդպես էլ չպատասխանեցին այն հարցին, թե ով կդառնա Գերմանիայի նոր կանցլերը: Նախնական տվյալներով, գործող կանցլեր Գերհարդ Շրյոդերի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ԳԴՀ ավելի քան 60 մլն ընտրողների քվեների 34,3 %-ը: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից եւ նրան հարող ոչ այնքան ազդեցիկ քաղաքական ուժերից բաղկացած ընդդիմադիր բլոկին բաժին է հասել 35,2 %-ը: Բունդեսթագ ընդգրկված մնացյալ քաղաքական ուժերին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ազատ դեմոկրատներ՝ 9,8 տոկոս, «Ձախեր»՝ 8,7%, «Կանաչներ»՝ 8,1%: 598 բազկաթոռ ունեցող Բունդեսթագում համապատասխանաբար 222 եւ 225 պատգամավորներ «ապահոված» Գերհարդ Շրյոդերն ու Անգելա Մերկելը միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն չստացան, եւ միայն ներկայումս ընթացող բանակցությունները ցույց կտան, թե ում կվերապահվի նոր կանցլերի պոստը: Քաղաքագետների գնահատմամբ, առջեւում մեծ ու գուցեեւ՝ անսպասելի ընթացք խոստացող «բազարներ» են: Չի բացառվում անգամ, որ կառավարական կոալիցիայի մեջ միավորվեն գաղափարապես անհամատեղելի, սակայն նախարարական պորտֆելներին տիրապետելու ընդհանուր՝ «գերմանանվեր» ցանկություն ունեցող կուսակցություններ: Մի իրողություն, որ ԳԴՀ-ում վերջին անգամ արձանագրվել է անցած դարի 60-ականների ավարտին: Եթե կոալիցիա ձեւավորելու բանակցություններն այդպես էլ արդյունք չտան, ինչի հավանականությունն աննշան է, Գերմանիայում պետք է անցկացվեն կրկնական ընտրություններ: Իսկ մինչ այդ, ԳԴՀ խորհրդարան անցած գրեթե բոլոր ուժերից յուրաքանչյուրը հայտարարում է իր հաղթանակի կամ չպարտվելու մասին, եւ պետք է նկատել, որ նրանք բոլորն էլ յուրովի ճիշտ են: Այսպես. միայն առաջին հայացքից պարտված սոցիալ-դեմոկրատները, շատ փորձագետների կարծիքով, ուղղակի ընտրական հրաշք գործեցին: Նախ, գեղեցիկ ժեստ արեց Շրյոդերը, որի նախաձեռնությունը՝ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ժամկետից 1 տարի շուտ, փաստորեն այլ բան չէր, քան ներկայիս կառավարությանը ցուցաբերվող վստահության ստուգատես: Դա նշանակում է, որ անգամ խիստ անմխիթարական վարկանիշների ու կանխատեսումների պարագայում գործող կանցլերն ապացուցեց, որ ամենեւին կառչած չէ իր աթոռից եւ ի վիճակի է քննադատության թիրախ լինելով հանդերձ՝ ստանալ հզոր հորջորջվող ընդդիմությանը հավասար չափով քվեներ (այս հանգամանքը հայաստանյան մտածողության համար, թերեւս, դժվարըմբռնելի է, քանզի այստեղ գործողներն ուղղակի «չորով» կեղծում են): Չի պարտվել նաեւ Անգելա Մերկելի գլխավորած ընդդիմադիր բլոկը, քանզի չի կարող պարտված համարվել այն ուժը, որը, թեկուզեւ 0,9% տարբերությամբ, բայց գրավել է առաջին տեղը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել