Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԵՐԸ

Սեպտեմբեր 20,2005 00:00

«ԳՈՐԾԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ՔԱՆ ԲԱՌԵՐԸ» Ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը – Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով՝ ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյանին: Հստակեցրեք՝ ամերիկյան տրամադրությունների արմատականությունը: – Հայաստանում լիդերների այնքան առատություն կա, որ մի քանի Հայաստանի կբավարարի: Գոնե այդպես մտածող, ինքնասիրահարված մարդկանց ոչ քիչ խմբեր կան այսօր հրապարակային, հասարակական, քաղաքական դաշտում: Ձեր հարցի մեջ կա հակադրության տարր, ինչը ճիշտ չեմ համարում: Կարող եմ խոսել իմ մասին. ես Վաշինգթոնում էի գտնվում ԱՄՆ Պետքարտուղարության «Լիդերների միջազգային այցելուներ» ծրագրով, որի շրջանակներում շուրջ 180 պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարներ են այցելել ԱՄՆ: Քանի որ 15 տարում սա ԱԺ նախագահի առաջին նման այցն էր ԱՄՆ, բնականաբար, լավ առիթ է նաեւ շնորհակալություն հայտնելու ԱՄՆ իշխանություններին այցի պատշաճ կազմակերպման համար: Կարող եմ ասել, որ հանդիպումներն անցել են փոխադարձ հետաքրքրության, փոխըմբռնման եւ համագործակցության շարունակման պատրաստակամության պայմաններում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի տրամադրություններին, ապա ասեմ հետեւյալը. ԱՄՆ-ը մեզնից ակնկալում է ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացում, սահմանադրական եւ ընտրական ռեֆորմների իրականացում, կոռուպցիայի դեմ նպատակային պայքար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ եւ այլն: Ակնհայտ է, որ տնտեսական թեկուզեւ փոքր, բայց արդեն օրըստօրե նկատելի դարձող առաջընթացը պետք է զուգակցել ժողովրդավարական բարեփոխումների խորացման քաղաքականության հետ: ԱՄՆ-ում կարելի է ասել, որ ոչ թե տրամադրությունների արմատականություն կար, այլ՝ ակնկալիքների: Իսկ այդ ակնկալիքները կապված են այսօր եւ առաջիկա մի քանի տարիներին մեր երկրում տեղի ունեցող առանցքային քաղաքական իրադարձություններին՝ սահմանադրական հանրաքվեն, նոր համապետական ընտրությունները ազատ եւ միջազգային չափանիշներով անցկացնելու եւ մի շարք այլ խնդիրների հետ: – Եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի կամ արդյունքները կեղծվեն, որը շատ ավելի հավանական է, ԱՄՆ-ն արդյոք կցանկանա՞ օգնել Հայաստանում հեղափոխություն անելուն: Դեսպան Էվանսի վերջին հայտարարություններում կարծես կային նման դիտարկումներ: – Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ եթե-ապաներով չեմ առաջնորդվում: Իսկ ինչո՞ւ եք ելակետ վերցնում, որ սահմանադրական հանրաքվեն պիտի տապալվի, արդյունքները պիտի կեղծվեն: Ինչո՞ւ, օրինակ, ավելի լավ ելակետ չենք վերցնում, որ հանրաքվեն կկայանա՝ դրանով իսկ նպաստելով ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը երկրում: Իսկ որ այդ բարեփոխումներն իրոք առաջընթաց քայլ են, դա արդեն իսկ ակնհայտ է: Եվ ոչ թե միայն մեր կարծիքով, այլ նույն միջազգային հանրության եւ ամերիկյան փորձագետների կարծիքով եւս, որոնք, ի դեպ, հինգ մատի պես գիտեն եւ Հայաստանը, եւ սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը: Այժմ հեղափոխությունների մասին. յուրաքանչյուր հեղափոխություն կատարվում է երկրում բարեփոխում անելու հիմնավորմամբ, ես կողմ եմ իրական բարեփոխումներին, այլ ոչ թե հեղափոխություններին, իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են նույն այդ իրական բարեփոխումներին, նրանք իրոք առաջացնում են այդ հեղափոխությունները: Դեսպան Էվանսի այդ դիտարկմանը ծանոթ չեմ, բայց չեմ կարծում, որ քողարկված դիտարկումներ կան, որովհետեւ մինչեւ օրս դեսպանի բոլոր ելույթները ինձ համար եղել են հստակ ու հասկանալի: Այժմ ԱՄՆ-ի մասին. ես համոզված եմ, որ ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է տեսնել ժողովրդավարություն՝ իր կանխատեսելի զարգացումներով: Իմ բոլոր հանդիպումների ընթացքում, որ ես ունեցել եմ Վաշինգթոնում ու Նյու Յորքում, վստահ կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման մեջ: Այս ճանապարհին մենք դաշնակիցներ ենք՝ համատեղ աշխատելու երկրում եւ տարածաշրջանում ժողովրդավարության, համագործակցության ու խաղաղության ամրապնդման համար: Ի վերջո՝ ժողովրդավարությունը հավասար է խաղաղության, որովհետեւ այն ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է դիմակայելու ահաբեկչությանը, պատերազմին, աղքատությանն ու այլ մարտահրավերների: Ըստ որում՝ ոչ միայն մեր բարդ տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում: – Ձեր կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեից հետո ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր, եթե հանրաքվեն տապալվի: Հնարավո՞ր է, որ քավության նոխազ դառնա խորհրդարանը, որն այսօր շեշտվում է որպես սահմանադրական փոփոխությունների պատասխանատու: – Մամուլում եղել են տարբեր տեսակետներ ու վարկածներ՝ հանրաքվեն տապալվելու ու քավության նոխազների որոնման կամ նշանակման մասին: Ես չեմ կարծում, որ դրանք ավելին են, քան վարկածն ու տեսակետը: Ժողովրդավարությունը բազմակարծություն է ենթադրում, եւ ես առանձնապես մեծ վտանգներ չեմ տեսնում նման ենթադրությունների մեջ: 1988 թվականից հետո մենք ազգովին այնքան փորձությունների միջով ենք անցել, որ իրավական, քաղաքական ու պատմական բավականաչափ գիտելիքներ կուտակել ենք՝ ճիշտ կողմնորոշվելու առումով: Ես ձեզ կարող եմ ասել՝ ինչ զարգացումներ են հնարավոր, եթե հանրաքվեն չտապալվի: Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի օրենսդրական այն փոփոխություններին, որոնք նախատեսված են Սահմանադրության փոփոխություններով. կստեղծվեն երկրի զարգացման նոր հնարավորություններ: Հանրաքվեն ապրիորի, իրեն-իրեն չի կայանալու, տապալվելու կամ հաջողության հասնելու՝ որոշողը այն մարդիկ են լինելու, ովքեր գնալու են իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը ասելու: Գիտե՞ք՝ գործերը միշտ ավելի բարձր են խոսում, քան սոսկ բառերը, ուրեմն եկեք միասին բոլոր շահագրգիռ ուժերի հետ ապացուցենք, որ Հայաստանում հնարավոր է այդ բարեփոխումներն անել: Խորհրդարանը քավության նոխազ դառնալու ոչ մի շանս չունի՝ դա լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը՝ հի՞ն, թե՞ նոր Սահմանադրությամբ առաջնորդվել: Եվ Ազգային ժողովը այս պարագայում ընդամենը այն օղակն է եղել, որտեղ այդ փոփոխությունները քննարկվել ու միջազգային կառույցների աջակցությամբ համապատասխանեցվել են եվրոպական ստանդարտներին: Ավելին՝ այլ մարմին էլ չկա, որ դա իրականացնի: Այնպես որ, յոթ քաղաքական խումբ ու խմբակցություն ունեցող օրենսդիր իշխանությունը քավության նոխազ դառնալու կամ դարձնելու ոչ մի հնարավորություն չկա: Ինքս դեմ եմ խախտումներով հանրաքվե անցկացնելու յուրաքանչյուր փորձի: Մենք պետք է հարգենք մարդկանց ընտրության իրավունքը: – Մինչ ԱՄՆ մեկնելը Ձեր մասին խոսվում էր որպես եվրոպական արժեքների ջատագովի եւ եվրոպական կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի, հիմա կարծես շեշտադրումները փոխվել են, եւ Դուք ամերիկյան արժեքների ջատագով եք դարձել, ինչո՞ւ: – Ամերիկյան եւ եվրոպական արժեքներն իրար գումարած նշանակում են արեւմտյան արժեքներ. քաղաքակիրթ աշխարհում այդպես է տարածված, այնպես որ, իմ եվրոպական կողմնորոշումները ամերիկյան տրամադրությունների հետ հակադրելու կարիք եւ անհրաժեշտություն չկա: Ես հանդես եմ գալիս Հայաստանում հենց այդ արեւմտյան արժեքների հետեւողական ներդրմամբ, եվրոպական ինտեգրացիայի խորացմամբ եւ մեր երկիրն ու տարածաշրջանը միասնական եվրոպական ընտանիքում տեսնելու ցանկությամբ: – Այդ դեպքում ո՞ւր մնաց Ռուսաստանը, եւ ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: – Սա հենց այն դեպքն է, որ մենք մեր հարաբերությունները չպետք է ճամբարավորենք: Այլ խնդիր է, թե մեր երկրի համար ինչ արժեքային համակարգ ենք գերադասելի համարում: Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, մեր գործընկեր երկիրը, խոսքն այն մասին է, թե ապագայում ի՞նչ աշխարհաքաղաքական միավորի մեջ է լինելու Հայաստանը, լինելո՞ւ է Եվրամիության մեջ՝ որպես եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, զարկ է տալու եվրոինտեգրման խորացմա՞նը, թե՞ դառնալու է Ռուսաստան-Բելառուս միության երրորդ անդամ: Իմ կարծիքով, մենք պետք է մեր հարաբերությունները երկկողմանի զարգացնենք Ռուսաստանի հետ՝ ունենալով եվրոպական միասնական ընտանիքում լինելու հեռանկարը, եւ ոչ թե Ռուսաստան-Բելառուս-Հայաստան եռյակում, ինչպես այսօր փորձում են անել ե՛ւ տարբեր քաղաքական գործիչներ, ե՛ւ քաղաքական ուժեր: – Դուք, որպես ԱԺ նախագահ, պատրա՞ստ եք դիմակայել այն ամենին, ինչ պատրաստվում է անել ընդդիմությունն ԱԺ դահլիճում, այսինքն՝ օգտագործելով ԱԺ ամբիոնը, ապացուցել, որ կոալիցիան աշխատում է միայն սեփական խնդիրները լուծելու համար: – Իհարկե, պատրաստ ենք, ամեն մի քաղաքական ուժ կարող է ներկայացնել իր տեսակետը: Ասում են՝ կույրին հայելի պետք չի. այսօր ակնհայտ է, որ Հայաստանում կան նաեւ բազմաթիվ դրական տեղաշարժեր, բայց կան նաեւ բազմաթիվ անարդարություններ, այսինքն՝ լավն էլ կա, վատն էլ, սեւ ու սպիտակի բաժանելու քաղաքականությունն ընդունելի չէ: Մենք պատրաստ ենք առողջ քննադատությունը ընդունել, բայց նաեւ լավ գործերին էլ հարկավոր է ճիշտ գնահատական տալ: – Պարոն Բաղդասարյան, երրորդ գումարման Ազգային ժողովը կարծես առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ միջազգային ասպարեզում, դա ի՞նչ նպատակով է արվում: – Վերջին շրջանում իրոք որ ակտիվացել են միջխորհրդարանական կապերը, եւ դա շատ կարեւոր է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մոտ երկու անգամ ավելացել են բարեկամության խմբերը եւ միջխորհրդարանական կապերը այլ պետությունների խորհրդարանների հետ: 30-ից ավելի խորհրդարանների հետ, որոնց հետ որեւէ կապ չենք ունեցել, հաստատել ենք միջխորհրդարանական կապեր: Ինչ խոսք, սրանք շատ կարեւոր իրողություններ են, որովհետեւ նշանակում են, որ այդքան երկրներ վաղը, մյուս օրը, երբ Հայաստանի հետ կապված հարցեր կքննարկվեն միջազգային կառույցներում, մեխանիզմներ կունենանք այդ երկրների հետ աշխատելու ու հայանպաստ դիրքորոշումներ ձեւավորելու՝ մեր երկրին ու ժողովրդին հուզող խնդիրները լուծելու ժամանակ: Խորհրդարանի 15 տարին, որ հիմա տոնելու ենք, լավ առիթ է այդ կապերը խորացնելու (80-ից ավելի պատվիրակներ են հրավիրված), բարեկամությունն ամրապնդելու, խոսելու Հայաստանում պառլամենտական ավանդույթների արմատավորման մասին, որովհետեւ այսօր աշխարհում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը, եւ մենք պետք է կարողանանք խորհրդարանական ժողովրդավարությունը հասու դարձնել եւ երկրի ներսում, եւ նրա սահմաններից դուրս: Մենք պետք է վարենք ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն: Ես մի առիթով արդեն ասել եմ, որ աշխարհի մայրաքաղաքներում նստած՝ Հայաստանի դարդ ու ցավի մասին չեն մտածում առավոտից երեկո: Մենք փոքր երկիր ենք, մենք պետք է վարենք ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ կարողանալու լուծումներ տալ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Երբ քննարկվում են տարածաշրջանին վերաբերող խնդիրներ կամ երբ Ղարաբաղի հարցն է քննարկվում, այս բոլոր խնդիրների շուրջ ճիշտ լուծումներ, ճիշտ դիրքորոշումներ գտնելու համար շատ կարեւոր է ունենալ տարբեր երկրների խորհրդարանների հետ քաղաքական ամուր կապեր, պատվիրակություններ՝ միջազգային կազմակերպություններում: Այո, այս երկու տարում ավելի շատ խորհրդարանների նախագահներ են եղել Հայաստանում, քան անցած 13 տարում, եւ սա ոչ թե պատահականություն է, այլ ակտիվ եւ հետեւողական աշխատանքի արդյունք: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել