Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊԵՐՈՎ

Սեպտեմբեր 20,2005 00:00

ՄԻՋԱԴԵՊԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ Նուբարաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում ընտրությունների պատկերը տարբեր էր Անցյալ կիրակի մայրաքաղաքի Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կայացան թաղապետերի եւ ավագանիների ընտրություններ: Բոլոր երեք համայնքներում տեղի ունեցած ընտրությունները մեկ ընդհանրություն ունեին՝ ընտրացուցակների խայտառակ վիճակ, եւ սա այն դեպքում, երբ պատկան մարմինները, իբր, աշխատել էին նախորդ ընտրություններից հետո ընտրացուցակները կարգի բերելու ուղղությամբ: Պաշտոնական տվյալներով, կիրակի օրը Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար դատարաններ էր դիմել համապատասխանաբար 18, 349 եւ 540 ընտրող: Ընտրացուցակներում, բացի «հանգուցյալներից», ընդգրկված են եղել տեղամասերում չգրանցված կամ գրանցված, բայց ընտրացուցակում չընդգրկված քաղաքացիներ: Սակայն ընտրացուցակների ճչացող թերությունները, կարծես թե, չէին խանգարել մասնավորապես Էրեբունիում եւ Նուբարաշենում նորմալ ընտրություններ անցկացնելուն: Համենայնդեպս, Նուբարաշենում ընտրություններն անցել են համեմատաբար քաղաքակիրթ, ասել է թե՝ առանց լցոնումների ու ընտրակեղծիքների, թեեւ, ըստ որոշ տեղեկությունների, ընտրություններից 1-2 օր առաջ թեկնածուներից մեկը՝ Մհեր Հովհաննիսյանը, իր ապագա ընտրողներին փող էր բաժանել: Գործող թաղապետ Ռուբեն Ասատրյանը ջախջախիչ պարտություն կրեց՝ հավաքելով ընդամենը 509 քվե: Այս համայնքում հաղթող թեկնածուն գազալցման կայանի տիրոջ որդի, Գագիկ Ծառուկյանի «պրոտեժե», 26-ամյա Մ. Հովհաննիսյանն է, որին վստահության քվե է տվել 3016 նուբարաշենցի: Թաղապետի աթոռի համար պայքարում էր եւս մեկ թեկնածու՝ Կարապետ Բարբարյանը ՀՅԴ-ից: Նրա օգտին քվեարկել է 76 հոգի: Երեկ խոսեցինք նախկին թաղապետ Ռ. Սսատրյանի հետ, որն ասաց, թե ընտրությունների ընթացքից գոհ է եւ ոչ մի խախտումներ էլ իրենք չեն արձանագրել: Իսկ նորընտիր թաղապետին մաղթեց հաջողություններ: Ընտրություններն անհամեմատ լարված անցան Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ առաջադրվել էր 4 թեկնածու՝ գործող թաղապետ Ռուբեն Սինոյանը, Վալերիկ Հարությունյանը, Արայիկ Քոթանջյանն ու Պետրոս Սողոյանը: Խիստ նախնական տվյալներով, որը հրապարակել է ԿԸՀ-ն, այս համայնքում ձայների աննշան տարբերությամբ՝ 83 քվե, հաղթել է Արայիկ Քոթանջյանը: Նրա օգտին քվեարկել է 7575, Վ. Հարությունյանի՝ 7492, Ռ. Սինոյանի՝ 6330 եւ Պ. Սողոյանի օգտին՝ 311 ընտրող: Համայնքի ընտրելու իրավունք ունեցող 53491 քաղաքացիներից կիրակի օրը կայացած ընտրություններին մասնակցել է 22796-ը՝ շուրջ 60 տոկոս: Անճշտությունների թիվը 206 է, ինչը գերազանցում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուների քվեների տարբերությունը՝ 83: Հենց այս հանգամանքն էլ կարող է համայնքում ընտրություններն անվավեր ճանաչելու պատճառ դառնալ, եթե ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի դեպքում անճշտությունների վերջնական չափը չփոփոխվի, կբացառվի ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը: Ընտրություններն այս ընտրատարածքում առանց միջադեպերի չեն անցել: Թաղապետի թեկնածուներ Վ. Հարությունյանի ու Ա. Քոթանջյանի շտաբներից 30 դիմում-բողոքներ են ստացվել, այդ թվում՝ տեղամասային ընտրական փաթեթների բացման եւ ձայների վերահաշվարկման պահանջով: ԸԸՀ-ն առաջիկայում վերահաշվարկ կանցկացնի մոտ 11 ընտրատեղամասերում: Ստուգումների արդյունքների ամփոփման վերջին ժամկետը սեպտեմբերի 23-ն է: Թաղապետի բոլոր թեկնածուների նախընտրական շտաբներում էլ բողոքում են, որ տեղամասերում ընտրակեղծիքներ են եղել ի վնաս իրենց թեկնածուների: Երեկ մասնավորապես Ա. Քոթանջյանը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, թե Վ. Հարությունյանի թիմակիցների հայտարարությունները՝ անճշտությունների չափի մասին, «փուչիկ են», եւ որ արձանագրված թիվն արհեստականորեն ուռճացված է: Թեկնածուի ասելով, երեկ ժամը 01:00-ի կողմերը, երբ ակնհայտ է եղել իր (Ա. Քոթանջյանի- Ն. Մ.) հաղթանակը, Վ. Հարությունյանի թիմակիցները սկսել են ընտրակեղծիքների դիմել: Մասնավորապես, թեկնածուի ասելով, երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 3/5 տեղամասում հանձնաժողովի նախագահին եւ անդամներից մեկին վախեցրել են՝ պարտադրելով ինչ-որ արձանագրություններ ստորագրել, բայց դա չի ստացվել: Արդյունքում այդ տեղամասի արդյունքները ընտրատարածքային հանձնաժողով են հասել հանձնաժողովի 9 անդամներից միայն 6-ի ստորագրությամբ: Թիվ 181 դպրոցի շենքում տեղակայված տեղամասում էլ ավագանու թեկնածուներից մեկն է կռվի մեջ մտել տեղամաս եկած Հրո անունով մի երիտասարդի հետ, որը, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորից է: Թեկնածուների վստահված անձինք ահազանգել են ոստիկանություն, եւ վերջիններիս օպերատիվ արձագանքից հետո իրավիճակը հարթվել է: Մեր տվյալներով, ընտրությունների օրը եւ Ա. Քոթանջյանի, եւ Վ. Հարությունյանի շտաբներից մարդիկ են տարվել համայնքի ոստիկանության բաժին, բայց ինչպես Ա. Քոթանջյանը մեզ փոխանցեց, նրանցից մեկն է իր շտաբից եղել եւ նրան կարճ ժամանակ հետո բաց են թողել, իսկ ահա Վ. Հարությունյանի շտաբում հերքեցին, թե իրենցից որեւէ մեկին բաժին են տարել: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել