Սերբիա եւ Չեռնոգորիայի Հերցոգ-Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնության մասնակիցները հատեցին եզրագիծը:
Կիրակի օրը կայացած հինգերորդ տուրից հետո երեկ մեկօրյա հանգիստ էր հայտարարվել: Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում առայժմ ավելի հաջող հանդես են գալիս տղաներից՝ 12 տարեկանները եւ 16-ամյա Զավեն Անդրիասյանը: Վերջինը տարել է չորս հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4,0 միավորով ընթանում է առաջատարների խմբում՝ բաժանելով 3-7-րդ տեղերը:
Նույնպիսի ցուցանիշ ունեն նաեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող մեր չորս շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Թամազյանը, որոնք նույնպես չորսական անգամ ճաշակել են հաղթանակի քաղցրությունը, մեկական անգամ ընդունել իրենց պարտությունը եւ 4,0-ական միավորով բաժանում են 4-8-րդ հորիզոնականները: Այս տարիքային խմբում Սամվելից եւ Հայկից կես միավոր պակաս են վաստակել Ռոբերտ Աղասարյանն ու Հայկ Վարդանյանը, որոնք 9-18-րդ տեղերը բաժանողների խմբում են:
10 տարեկանների մրցապայքարում հերթական՝ 4-րդ պարտությունը կրեց Արա Դիլոյանը: Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը եւ Ռաֆայել Գաբրիելյանը պարտության մատնեցին մրցակիցներին: Հովհաննեսն ու Կարենը 3,5-ական միավորով 9-19-րդ տեղերը բաժանողների խմբում են:
14 տարեկան տղաներից Ռոբերտ Հովհաննիսյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ Դավիթ Գրիգորյանը պարտություն կրեց:
Չնայած անհաջողության մատնվեց Արման Փաշիկյանը (18 տարեկաններ), սակայն նա 3,5 միավորով նույնպես առաջատարների մեջ է՝ 5-12-րդ տեղեր: Նրա հասակակիցներից Տիգրան Մամիկոնյանը 1 միավոր վաստակեց, իսկ Վարդան Մովսիսյանն ու Յուրի Համբարձումյանը ոչ-ոքի արեցին:
Մեր աղջիկներից 5-րդ տուրում պարտություն կրեց միայն 14-ամյա Լուսինե Կարապետյանը: Ահա մյուսների արդյունքները:
10 տարեկաններ. Սուսաննա Գաբոյան եւ Աստղիկ Խալիկյան՝ հաղթանակ:
12 տարեկաններ. Լուսինե Թորոսյան՝ հաղթանակ:
14 տարեկաններ. Դիանա Մնացականյան՝ հաղթանակ:
16 տարեկաններ. Նունե Դարբինյան՝ ոչ-ոքի, Աննա Հայրապետյան՝ հաղթանակ:
18 տարեկաններ. Անի Դարբինյան՝ ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ