Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՊԿՆ-Ի ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ՝ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳՈՎ

Սեպտեմբեր 20,2005 00:00

Եվ բացառիկ «արհավիրքով»՝ նոր «շրջափակմամբ»

Սեպտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) 2005/06 համերգաշրջանի բացման համերգը: ՀՊԿՆ-ն կներկայացնի 20-ամյա ջութակահար, Բրյուսելի Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանին (Գերմանիա): Հանդիպեցինք ՀՊԿՆ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին:

– ՀՊԿՆ-ն իր 9-րդ համերգաշրջանն է բացում, ինչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին:

– Սեպտեմբերի 24-ի համերգի մենակատարը 20-ամյա Սերգեյ Խաչատրյանն է, որն իր հաղթանակից անմիջապես հետո ելույթ է ունենում Հայաստանում: Շատ աստղեր՝ ջութակահարներ, ժամանակին մասնակցել են այդ մրցույթին, բայց նման հաջողության չեն հասել: Իսկ Սերգեյը բացառիկ երեւույթ է: 2000-ին նա շահել է առաջին մրցանակ Ֆրեյբուրգի Լուիս Սպորի անվան եւ Հելսինկիի Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթներում՝ դառնալով ամենաերիտասարդ հաղթողը վերջինիս պատմության մեջ: Ի դեպ, Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակը ստանալով՝ հայազգի ջութակահարը ձեռք է բերել նաեւ 4 տարի ժամանակով Ստրադիվարիուսի ջութակն օգտագործելու իրավունք:

Ես Սերգեյին առաջին անգամ լսեցի, երբ դեռ 12 տարեկան էր: Ինձ ներկայացրին մի փոքրիկ տղայի: Երբ նա սկսեց նվագել, զգացի, որ սովորական տաղանդավոր երեխա չէ, բացառիկ է: Երբ նա ավարտեց նվագը, փորձասենյակում հավաքվածներս ակամա ոտքի կանգնեցինք ու սկսեցինք ծափահարել: Մի համերգ էլ նախատեսված է Գյումրիում: Ուզում ենք հնարավորություն տալ, որ հայ հանդիսատեսը հաղորդակից լինի դասական արվեստին:

– Այս տարի՞ էլ են նախատեսված այցելություններ մարզեր, եւ արդյո՞ք անցյալ տարվանից մեկնարկած երեխաներին նվիրված համերգային ակցիան կշարունակվի:

– Առաջիկայում համերգ ունենք, մի քանի 100 երեխա կլինի դահլիճում: Հնարավորին չափ իրենց մասնակից կդարձնենք համերգին, կհրավիրենք բեմ, կծանոթացնենք գործիքներին ու դիրիժորի աշխատանքի հետ:

Հոկտեմբերին կլինենք Աբովյանում եւ Արտաշատում, այնուհետեւ կմեկնենք Հունաստան՝ մասնակցելու Սալոնիկի միջազգային փառատոնին, որը կկայանա հռչակավոր դահլիճում՝ «Մեգարոնում»: Հայաստան վերադառնալուն պես նոյեմբերին կմասնակցենք Իտալական ամսվա շրջանակներում կազմակերպված համերգներին: Ինչ վերաբերում է մարզերին, արդեն 8 տարի է նման համերգներ ենք ունենում, ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի:

– Այս տարին հոբելյանական է նաեւ ՀՊԿՆ երգչախմբի համար…

– Այո, հոկտեմբերի 15-ին մեր երգչախումբը, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, կտոնի իր 5-ամյակը՝ հատուկ համերգով: Այսպես ոգեւորված ենք սկսում համերգաշրջանը:

– Դուք ամիսներ առաջ բարձացրիք Կամերային երաժշտության տան՝ սրճարաններով շրջափակված լինելու հարցը, բայց այն այդպես էլ մնաց առկախ: Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:

– Մենք դեռ շարունակում ենք ամեն առավոտ լսել սրճարաներից եկող երաժշտության ձայնը, ստիպված ամեն անգամ զանգահարում ենք սրճարանատիրոջը, բայց դա հարցի լուծում չէ: Պետք է ինչ-որ լուծում գտնվի: Հիմա եւս մեկ արհավիրք է գալիս դեպի մեզ. Կամերային երաժշտության տան շքամուտքի առջեւ, ընդամենը 10 մետր հեռավորության վրա մի հսկայական համալիր է կառուցվում: Նոր շրջափակման ենք ենթարկվում: Ես կասկած չունեմ, որ կառուցվելիք շինության բոլոր փաստաթղթերն օրինական են: Չեմ էլ խորանում, թե դա ինչպես է արվել: Քաղաքապետը, թաղապետը, գլխավոր ճարտարապետը տվել են ռեստորան ու սրճարան կառուցելու մի թույլտվություն, որը ոչ թե անթույլատրելի է, այլ ավելի վատ բառով կարելի է բնութագրել: Սա մշակութային գենոցիդ է: Մենք սրճարանների դեմ ոչինչ չունենք, բայց մեր դահլիճը ապակեպատ է, այն այնպես է նախագծված, որ սրճարանների երաժշտությունը նույն ուժգնությամբ լսելի է Կամերային տան ներսում:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել