Ասում է երեք երեխաների մայրը
Գոհար Մելքոնյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով տուգանքի՝ ՀՀ քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ («Խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալ»): Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթացել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում, իսկ դատավճիռը մնացել է անփոփոխ՝ ՀՀ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում: «Ինձ դատապարտել են անհիմն, ոչնչով չի ապացուցվել մեղքս»,- ասում է Գ. Մելքոնյանը, որի 12 շաբաթական հղիությունը ընդհատվել է դատաքննության ընթացքում, իսկ խնամքի տակ եղել են երեք երեխաներ: Գ. Մելքոնյանը 2000-ի հունվարից մինչեւ 2002-ի ապրիլը ստացել էր 73-ամյա հոր՝ Սերյոժա Մելքոնյանի թոշակը, որը կազմել է 110080 դրամ: Ս. Մելքոնյանը հետագայում մեկնեց ՌԴ, այնտեղի քաղաքացիությունն ընդունեց եւ լիազորել էր Գոհարին, որպեսզի նա ստանա իր թոշակը: Սակայն հետագայում հայրը հրաժարվում է, թե լիազորել է աղջկան, ավելին՝ հարուցում է սույն քրգործը:
Հայրը ընտանիքից հեռացել է 1980-ին, ամուսնալուծվել մորից 1988-ին եւ ամուսնացել 6-րդ անգամ: Մորը, բնականաբար, պահել է Գոհարը, սակայն Սմոլենսկում գտնվող Գոհարի եղբայրը՝ Զորիկը (նախկինում դատապարտված) 2000-ին կանչում է մորը իր մոտ՝ իբր հոր հետ հաշտեցնելու: Սակայն անհասկանալի իրավիճակում մայրը մահանում է (Գոհարի հետ հեռախոսազրույցից 4 օր առաջ, հայտնելով իր մտադրության մասին, թե պիտի գա, քանի որ ամեն ինչ սուտ էր): Գոհարը եղբոր դատական ծախսերի համար նախկինում իր երեխաների գումարն էր դրել՝ $2000, հետեւաբար, հոր կամքով, շարունակել էր ստանալ նրա թոշակը:
Հայրը վերադառնում է Հայաստան՝ Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի 20 տունը վաճառելու նպատակով: Այնտեղ ապրում է Գոհարը՝ ազատամարտիկ ամուսնու երեք երեխաների հետ: «Իմ քրեական գործը մտացածին էր, այն բխում էր հորս՝ իմ բաժնեմասին տիրանալու տենչից»,- կարծում է Գ. Մելքոնյանը: Վերջինս դատարանում մի քանի անգամ հայտարարել էր նաեւ, որ հայրը վրեժխնդրությունից մի քանի անգամ պղծել է մոր գերեզմանը: Նա հարբած վիճակում հարձակվել է անչափահաս աղջիկների վրա, անվայելուչ արտահայտություններով սպառնացել է, թե տնից դուրս է հանելու նրանց: Հավանաբար դա է պատճառը, որ Գոհարի ընտանիքը օրեր առաջ դիմեց ոստիկանության Մալաթիայի բաժին՝ կարգի հրավիրելու Ս. Մելքոնյանին: Բաժնի պետը՝ Գ. Վարդանյանը օգոստոսի 26-ին հայտնել էր. «Ս. Մելքոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, միաժամանակ ստորագրությամբ պարտավորվել է ոչ մի առնչություն չունենալ ձեր ընտանիքի անդամների հետ»: Գ. Մելքոնյանը պահանջում է վերանայել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հիմքում դրվել էին, իր խոսքերով, «հոր կեղծ հայտարարությունները, իսկ կեղծ վկայություն տվողներին ենթարկել պատասխանատվության»:
Ներկայումս Գ. Մելքոնյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, «տագնապային նեւրոզ» ախտորոշմամբ: Իսկ նոր երեւան եկած հանգամանքներով նրա միջնորդությունը (50 թերթից բաղկացած) գտնվում է գլխավոր դատախազության վարույթում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ