Բայց
հնարավոր է երկրի ներսում ստեղծել մրցակցության հավասար պայմաններ 1960 թվականին՝
Երկրորդ աշխարհամարտից 15 տարի հետո, այդ պատերազմում հիմնահատակ ավերված Գերմանիան
իր զարգացման տեմպերով, միասնական նպատակի ձգտումով նույնիսկ հաղթող պետությունների
նախանձն էր շարժում։ Այդ երկրում չէր մնացել ոչ մի արտադրական հզորություն եւ գրեթե
ոչ մի կանգուն շինություն։ Գերմանական ֆենոմենն իրականացավ առաջին հերթին երկրի տնտեսության
զարգացումն ամեն ինչից վեր դասելու եւ սեփական արտադրությամբ այդ զարգացման համար
ամուր հիմք ստեղծելու շնորհիվ։ Պատմական այս էքսկուրսն ինքնանպատակ չէ։ 1960 թվականին
պատերազմի ավարտից անցել էր նույնքան տարի, որքան այսօր անցել է Հայաստանի անկախության
հռչակումից։ 90-ականների սկզբին տնտեսության ավերակման առումով Հայաստանը
շատ չէր տարբերվում հետպատերազմյան Գերմանիայից, բայց ոչ թե պատերազմի պատճառով,
այլ անկարող իշխանավարության եւ սեփականաշնորհման անվան տակ իրականացված թալանի:
Բայց եղածը, ինչպես ասում են, արդեն եղել է։ Փաստ է, որ այսօր մենք ապրում ենք աշխարհաքաղաքական
բոլորովին այլ պայմաններում, միջազգային նոր չափանիշներով։ Սակայն անկախ ամեն ինչից՝
փաստ է նաեւ այն, որ յուրաքանչյուր երկրի կշիռն ու միջազգային հեղինակությունը հիմնվում
են նախեւառաջ նրա տնտեսական զարգացման մակարդակի վրա, որի ողնաշարը սեփական արտադրությունն
է։ Մերօրյա աշխարհում հզոր տնտեսություն ունեցող երկիրը ե՛ւ երաժշտությունն է պատվիրում,
ե՛ւ դրա տակ պարողներին։ Իսկ ներքին քաղաքականության ոլորտում անհամեմատ ավելի սեփական
արտադրության վրա է հիմնվում ժողովրդի սոցիալական բարեկեցությունը։ Իզուր չի ասված,
որ աշխատանքով է ստեղծվում ամենայն բարիք։ Ուրեմն, Սահմանադրությամբ սոցիալական հռչակված
երկիրը ջանք ու եռանդ չպիտի խնայի ըստ ամենայնի զարգացնելու տեղական արտադրությունը,
որ Հայաստանի նման փոքր երկրի քաղաքացիների համար անհրաժեշտ քանակի աշխատատեղեր ստեղծի,
որ մարդիկ իրենց աշխատանքով շենացնեն ու հարստացնեն երկիրը եւ շեն ու ապահով ապրեն
նաեւ իրենք։ Մանավանդ հիմա, երբ գլոբալացման ամենակուլ գործընթացները՝ հորձանք տալով,
հեղեղում են աշխարհը։ Այսօր ուզենք-չուզենք՝ պիտի ընդունենք, որ տարածքային կայսրությունների
ժամանակն անցել է (օրինակները շատ են եւ բոլորիս հայտնի), եւ տրանսնացիոնալ ընկերությունների
տեսքով եկել է ֆինանսատնտեսական կայսրությունների ժամանակը։ Համաշխարհային մասշտաբով
այսօր բազմաթիվ, այդ թվում եւ տարածքային հարցեր, լուծվում են ոչ թե կռիվ-դավով,
այլ սիրալիր ժպիտներով ուղեկցվող ֆինանսատնտեսական ահաբեկչությամբ։ Գլոբալացումից
խուսափելն անհնարին է, հետեւաբար՝ անիմաստ, ուստի սեփական եւ հզոր տնտեսություն ունենալու
միակ ճանապարհը մնում է տեղական արտադրության զարգացումը։ Միջազգային բիզնեսն իր
դաժան օրենքներն ունի, որոնք էլ հենց թելադրում են տրանսնացիոնալ հզորագույն ընկերությունները։
Գիշատչային այդ պայքարին դիմագրավելու համար հարկավոր են գործուն կառույցներ, հարկային
ու մաքսային հստակ օրենսդրություն, իսկ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում՝
տնտեսական հավասար մրցակցություն ապահովող մարմին։ Բոլորիս համար թարմ օրինակ է «ԱրմենՏելը»,
որի ախորժակը համեմատաբար չափավորվեց միայն վերջերս: «ԱրմենՏելի» շուրջ աղմուկը դեռ
չդադարած՝ սկսվել է մի ուրիշը՝ «Կոկա-կոլա» ընկերության արշավանքն ընդդեմ «Պեպսի-կոլայի»
հայաստանյան ներկայացուցիչ «Ջերմուկ գրուպի»։ Իր սառնարանները սրճարաններից եւ առեւտրի
այլ կետերից հետ վերցնելու սպառնալիքով «Կոկա-կոլան» փորձում է շուկայից դուրս մղել
մնացած բոլոր ըմպելիքները. գիշատչային նույն օրենքով։ Դրական իրողություն է, որ Տնտեսական
մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր դերում գտնվեց։ Ի դեպ, հանձնաժողովն
այդ փաստի մասին տեղեկացել էր մամուլից եւ ուսումնասիրել այն։ Սակայն տնտեսական անհավասար
մրցակցության փաստեր կան նաեւ այլ ոլորտներում, եւ հիշյալ հանձնաժողովը թերեւս քննարկման
նյութ դարձնի նաեւ մեր ներկայացրածը, քանի որ գրեթե նույն վիճակն է ծխախոտի շուկայում։
Այստեղ արշավանք է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը՝ ձգտելով շուկայից դուրս մղել
մրցակիցներին։ Այս ընկերությունը օրը ցերեկով կաշառում է խանութների տերերին (105
հազար դրամ)՝ ստիպելով չվաճառել տեղական արտադրանքը (ցանկացողներին կարող եմ տրամադրել
համապատասխան տեսագրությունը)։ Սա իրականություն է, որի դեմ աչք փակելու իրավունք
չունենք։ Այստեղ ոչ թե տեղական արտադրողին արտոնություն տալու հարց է, որն, ի դեպ,
Հայաստանի պարագայում քննարկման նյութ պետք է դառնա, այլ մրցակցային գոնե հավասար
պայմանների ապահովման հարց։ Այսօր գրեթե բոլորը՝ պաշտոնավոր ու անպաշտոն,
տարբեր ամբիոններից ականջ են սղոցում Հայաստանի տնտեսական զարգացման մասին, որի հիմքը
հայրենական արտադրության խթանումն է, բայց իրականում, որքան էլ չտեսնելու տանք, խթանում
ենք ուրիշի արտադրությունը, ջուր ենք լցնում ուրիշի ջրաղացին ու օտար գործարարին
հարստացնելով՝ ընդամենը արեւածաղկի սերմ չրթելու հնարավորություն ենք թողնում հայ
գործազուրկին։ ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ Պատրաստակամ
ենք տպագրել նաեւ «Կոկա՟կոլայի» եւ «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչների պարզաբանումները։