Նուբարաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում ընտրությունների
պատկերը տարբեր էր Անցյալ կիրակի մայրաքաղաքի Էրեբունի, Նուբարաշեն եւ
Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կայացան թաղապետերի եւ ավագանիների ընտրություններ:
Բոլոր երեք համայնքներում տեղի ունեցած ընտրությունները մեկ ընդհանրություն ունեին՝
ընտրացուցակների խայտառակ վիճակ, եւ սա այն դեպքում, երբ պատկան մարմինները, իբր,
աշխատել էին նախորդ ընտրություններից հետո ընտրացուցակները կարգի բերելու ուղղությամբ:
Պաշտոնական տվյալներով, կիրակի օրը Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում
իրենց ընտրելու իրավունքը վերականգնելու համար դատարաններ էր դիմել համապատասխանաբար
18, 349 եւ 540 ընտրող: Ընտրացուցակներում, բացի «հանգուցյալներից», ընդգրկված են
եղել տեղամասերում չգրանցված կամ գրանցված, բայց ընտրացուցակում չընդգրկված քաղաքացիներ:
Սակայն ընտրացուցակների ճչացող թերությունները, կարծես թե, չէին խանգարել
մասնավորապես Էրեբունիում եւ Նուբարաշենում նորմալ ընտրություններ անցկացնելուն:
Համենայնդեպս, Նուբարաշենում ընտրություններն անցել են համեմատաբար քաղաքակիրթ,
ասել է թե՝ առանց լցոնումների ու ընտրակեղծիքների, թեեւ, ըստ որոշ տեղեկությունների,
ընտրություններից 1-2 օր առաջ թեկնածուներից մեկը՝ Մհեր Հովհաննիսյանը, իր ապագա
ընտրողներին փող էր բաժանել: Գործող թաղապետ Ռուբեն Ասատրյանը ջախջախիչ պարտություն
կրեց՝ հավաքելով ընդամենը 509 քվե: Այս համայնքում հաղթող թեկնածուն գազալցման կայանի
տիրոջ որդի, Գագիկ Ծառուկյանի «պրոտեժե», 26-ամյա Մ. Հովհաննիսյանն է, որին վստահության
քվե է տվել 3016 նուբարաշենցի: Թաղապետի աթոռի համար պայքարում էր եւս մեկ թեկնածու՝
Կարապետ Բարբարյանը ՀՅԴ-ից: Նրա օգտին քվեարկել է 76 հոգի: Երեկ խոսեցինք նախկին
թաղապետ Ռ. Սսատրյանի հետ, որն ասաց, թե ընտրությունների ընթացքից գոհ է եւ ոչ մի
խախտումներ էլ իրենք չեն արձանագրել: Իսկ նորընտիր թաղապետին մաղթեց հաջողություններ:
Ընտրություններն անհամեմատ լարված անցան Քանաքեռ-Զեյթուն համայնքում, որտեղ
առաջադրվել էր 4 թեկնածու՝ գործող թաղապետ Ռուբեն Սինոյանը, Վալերիկ Հարությունյանը,
Արայիկ Քոթանջյանն ու Պետրոս Սողոյանը: Խիստ նախնական տվյալներով, որը հրապարակել
է ԿԸՀ-ն, այս համայնքում ձայների աննշան տարբերությամբ՝ 83 քվե, հաղթել է Արայիկ
Քոթանջյանը: Նրա օգտին քվեարկել է 7575, Վ. Հարությունյանի՝ 7492, Ռ. Սինոյանի՝ 6330
եւ Պ. Սողոյանի օգտին՝ 311 ընտրող: Համայնքի ընտրելու իրավունք ունեցող 53491 քաղաքացիներից
կիրակի օրը կայացած ընտրություններին մասնակցել է 22796-ը՝ շուրջ 60 տոկոս: Անճշտությունների
թիվը 206 է, ինչը գերազանցում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուների քվեների
տարբերությունը՝ 83: Հենց այս հանգամանքն էլ կարող է համայնքում ընտրություններն
անվավեր ճանաչելու պատճառ դառնալ, եթե ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի
դեպքում անճշտությունների վերջնական չափը չփոփոխվի, կբացառվի ընտրված թեկնածուին
պարզելու հնարավորությունը: Ընտրություններն այս ընտրատարածքում առանց միջադեպերի
չեն անցել: Թաղապետի թեկնածուներ Վ. Հարությունյանի ու Ա. Քոթանջյանի շտաբներից 30
դիմում-բողոքներ են ստացվել, այդ թվում՝ տեղամասային ընտրական փաթեթների բացման եւ
ձայների վերահաշվարկման պահանջով: ԸԸՀ-ն առաջիկայում վերահաշվարկ կանցկացնի մոտ 11
ընտրատեղամասերում: Ստուգումների արդյունքների ամփոփման վերջին ժամկետը սեպտեմբերի
23-ն է: Թաղապետի բոլոր թեկնածուների նախընտրական շտաբներում էլ բողոքում
են, որ տեղամասերում ընտրակեղծիքներ են եղել ի վնաս իրենց թեկնածուների: Երեկ մասնավորապես
Ա. Քոթանջյանը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, թե Վ. Հարությունյանի թիմակիցների
հայտարարությունները՝ անճշտությունների չափի մասին, «փուչիկ են», եւ որ արձանագրված
թիվն արհեստականորեն ուռճացված է: Թեկնածուի ասելով, երեկ ժամը 01:00-ի կողմերը,
երբ ակնհայտ է եղել իր (Ա. Քոթանջյանի- Ն. Մ.) հաղթանակը, Վ. Հարությունյանի թիմակիցները
սկսել են ընտրակեղծիքների դիմել: Մասնավորապես, թեկնածուի ասելով, երաժշտական դպրոցում
տեղակայված թիվ 3/5 տեղամասում հանձնաժողովի նախագահին եւ անդամներից մեկին վախեցրել
են՝ պարտադրելով ինչ-որ արձանագրություններ ստորագրել, բայց դա չի ստացվել: Արդյունքում
այդ տեղամասի արդյունքները ընտրատարածքային հանձնաժողով են հասել հանձնաժողովի 9
անդամներից միայն 6-ի ստորագրությամբ: Թիվ 181 դպրոցի շենքում տեղակայված
տեղամասում էլ ավագանու թեկնածուներից մեկն է կռվի մեջ մտել տեղամաս եկած Հրո անունով
մի երիտասարդի հետ, որը, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորից է:
Թեկնածուների վստահված անձինք ահազանգել են ոստիկանություն, եւ վերջիններիս օպերատիվ
արձագանքից հետո իրավիճակը հարթվել է: Մեր տվյալներով, ընտրությունների օրը եւ Ա.
Քոթանջյանի, եւ Վ. Հարությունյանի շտաբներից մարդիկ են տարվել համայնքի ոստիկանության
բաժին, բայց ինչպես Ա. Քոթանջյանը մեզ փոխանցեց, նրանցից մեկն է իր շտաբից եղել եւ
նրան կարճ ժամանակ հետո բաց են թողել, իսկ ահա Վ. Հարությունյանի շտաբում հերքեցին,
թե իրենցից որեւէ մեկին բաժին են տարել: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ