Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 17,2005 00:00

Խմբակաշինությունը որպես ուղիղ ճանապարհ Ինչպես ակտիվացնել երիտասարդությանը Երիտասարդության մեջ պարփակված էներգիայի գործադրման մասին շատ է խոսվում։ Կառավարությունն էլ փորձում է ձեւավորել կազմակերպված երիտասարդություն։ Այն համարյա թե ամբողջովին կանոնակարգել է երիտասարդության առաջխաղացման ընդունելի ճանապարհները։ Ուսումնական խորհրդից դեպի քաղաքացիական եւ քաղաքական պաշտոններ աշխատանքային առաջադիմությունը, ստվերային, պետության առանձին սուբյեկտի հովանավորությամբ գործող ձեռնարկության զարգացումը, գաղափարազուրկ մշակութային արժեքների ստեղծումն այդ գործընթացի բնորոշ գծերն են։ Եվ պետք է ընդունել՝ երկրի երիտասարդական ամենաառողջ ու ակտիվ ուժերը կլանված են այդ համակարգի մեջ։ Ուշագրավ է գունավոր հեղափոխություններում երիտասարդական կազմակերպությունների դերը։ Բացի բարձր կազմակերպվածությունից, սերբական Պորան, վրացական Կմարան եւ ուկրաինական Օպորան աչքի ընկան իրենց գաղափարականությամբ։ Մինչդեռ Հայաստանում, հեղափոխության հասունացման ամենաթեժ պահերին անգամ, չստեղծվեց գոնե մի նոր կարգախոս, մի զինանշան։ Հայ երիտասարդությանը պակասում է գաղափարականություն, որին կարելի է հասնել փորձված միջոցով՝ խմբակների ստեղծմամբ։ Հասարակական կյանքի տարբեր կողմերին վերաբերող խմբակները բարձրացնում են քաղաքացիական գիտակցությունը եւ վերջիվերջո դնում քաղաքական պահանջներ ու առաջարկում երկրի առջեւ կանգնած հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ։ Խմբակների արգասաբեր գործունեության օրինակներ են 18-րդ դարի Շոտլանդիան եւ 19-րդ դարի Ռուսաստանը, որտեղ դրանք նախապատրաստեցին ազգային զարթոնքի մի նոր շրջան։ Այսօր Հայաստանի համար առաջնային կարեւորություն ունի երկրի եվրոպականացման հիմնահարցը։ Այդ հսկայածավալ արժեքային համակարգի յուրացման եւ արմատավորման դժվարին աշխատանքը չի կարող իրագործել կանոնակարգված երիտասարդությունը։ Միայն խմբակային ոգին կարող է դաստիարակել նոր կարգի անձեր, որոնք կլինեն իրատես եւ կպահանջեն անհնարինը։ Ընդ որում, անհրաժեշտ էլ չէ, որ այդ խմբակներից դուրս գան երեւելի գործիչներ, բավական է խմբակային ոգով տոգորված մարդկանց դասի ձեւավորում՝ նման 17-րդ դ. մութ ու խավար, օտար լծի տակ գտնվող Հայաստանում Մեծ Անապատի սաների լուսավորական գործունեության։ Եթե 19-րդ դ. հայկական խմբակները առաջադրեցին ազատ Հայաստանի հարցը եւ մասնակիորեն իրականացրին այն, միգուցե մենք էլ դնենք անկախ ու ինքնիշխան Հայաստանի հարցը, որը գերիշխանություն կունենա այլ երկրների վրա, եւ սկսենք Ղարաբաղի գաղութացումը։ Ամեն դեպքում, խմբակների գոյության կարեւոր պայման է հեղինակության՝ Ուսուցչի, Հովվապետի առկայությունը, որը սնում ու բեղմնավորում է խմբակային բջիջները։ Ցավոք, վերջին դառը տարիները համարյա ոչ մեկին թույլ չտվեցին դրականորեն առանձնանալ։ Գտնվելով դեռ սաղմնային վիճակում, հայկական խմբակները սպասում են իրենց Հովվապետերին։ Մնում է հուսալ քարանձավներից դուրս ելնողների վրա։ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել