Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՒՆԱՎՈՐ

Սեպտեմբեր 17,2005 00:00

ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ Որոշ մասնագետների կարծիքով՝ վերջին տարիների «թավշյա հեղափոխությունները» ողջ հետխորհրդային տարածքում «համաշխարհային նոր կարգի» ճարտարապետների կողմից վարվող ցանցային պատերազմների արդյունքն են: էլիտաների հերթափոխ Դեռեւս խորհրդային իշխանության վերջին տարիներին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում սկսվեց «քաղաքացիական հասարակության» ձեւավորումը։ Սնկերի պես բազմացան ցանցային կառույցները, կամ, ինչպես դրանց կոչում են այսօր՝ ոչ պետական կազմակերպություններ /NGO/։ Դրանք ինչպես հայտնի «Freedom hous»-ի, «Խաղաղության կորպուսների», «Փրկության բանակների», «Բժիշկներ՝ առանց սահմանների»172ի, Սորոսի ֆոնդի մասնաճյուղերն էին, նորաստեղծ այլ հասարակական կազմակերպություններ։ Արմատավորվելով 80-ականների երկրորդ կեսին, Խորհրդային Միությունում նրանք ձեռք բերեցին անհրաժեշտ կապեր, զբաղվեցին կադրերի ընտրությամբ եւ նոր բաժինների ստեղծմամբ։ Այդ կառույցների կողմից իրականացվող մարդասիրական ակցիաները, ամեն ինչից բացի, մոնիտորինգի հնարավորություն էին տալիս, որն անհրաժեշտ էր տվյալ NGO-ի ռազմավարական ծրագրավորման եւ իմիջի կերտման համար։ Այնուհանդերձ, գլխավոր աշխատանքը դեռ առջեւում էր։ Արեւմուտքի խնդիրները նախկին խորհրդային հանրապետություններում ակնհայտ են. նպաստել ԱՊՀ-ի դեզինտեգրացիային, Ռուսաստանի շուրջ թշնամական «սանիտարական գոտու» ստեղծում, սեփական «սաթելիտ» պետությունների ձեւավորում։ Եվ, վերջապես, այդ երկրների բնական եւ այլ ռեսուրսների օգտագործում՝ ի շահ միջազգային ընկերությունների եւ ֆինանսական խմբերի։ Բնական է, որ այս խնդիրների մեծ մասը, լուծման րնթացքում, անպայմանորեն կբերի կյանքի վատթարացմանը։ Հասկանալի է, սա չի կարող մարդկանց մեջ դժգոհություն եւ ընդվզում չառաջացնել, որոնք էլ կարող են սպառնալիք դառնալ Արեւմուտքի շահերի համար։ Սակայն հասարակական դժգոհությունն ուղղվում է տեղական ռեժիմների դեմ եւ ստանում է «թավշյա հեղափոխությունների» տեսք։ Բացի այդ, շնորհիվ այդ հեղափոխությունների՝ հնարավոր է դառնում հեռացնել հին էլիտաները, որոնք հաճախ «կոմունիստական անցյալի եւ դաստիարակության նախապաշարումների» տեսքով «սահմանափակում» են ներքին ոչ մի խոչընդոտ չունեցող երիտասարդ «բեսպրեդելշչիկներին»։ Իսկ վերջիններս իրենց բոլոր բարիքներով պարտական են իրենց արեւմտյան տերերին։ Բացի այդ, նրանք, որպես «կոռումպացված ռեժիմի դեմ պայքարող մարտիկներ», սովորաբար ունենում են հասարակական որոշակի վստահություն: Ինչ արժե հեղափոխությունը Երբ որոշվում է կոնկրետ վերցված երկրում փոխել իշխանությունը, այդ խնդրի տակ առանձնացվում է բյուջեն, անցկացվում «տենդեր»՝ լավագույն նախագծի համար: «Մրցույթին» մասնակցում են բազմաթիվ NGO-ներ: Ենթադրենք՝ ամբողջ երկրում կա 300 այդպիսի կազմակերպություն, որոնք կներկայացնեն 1000 ծրագիր, որոնցից յուրաքանչյուրն իր ձեւով, բայց ընդհանուր առմամբ իր դերն ունի մեծ խաղում: Այնուհետեւ 1000 ծրագրից ընտրվում է 600 լավագույնը, որից յուրաքանչյուրին հատկացվում է $10-12 հազար դոլար բյուջե, ընդամենը՝ $10 միլիոնից քիչ պակաս։ Նույնիսկ հայրենական օլիգարխների չափանիշներով՝ դրանք կոպեկներ են։ Երկիր ներխուժելու եւ իշխանությունը տապալելու ռազմական գործողություններն անհամեմատ թանկ արժեն։ «Տրանշներ» ստանալուց հետո հիմնական աշխատանքը կատարում են ընտրված 300 թիմերը: Նրանք գրում են բաց նամակներ, գործադուլներ կազմակերպում, միլիոն տպաքանակներով հրապարակում սեփական գրքույկները, լույս ընծայում թռուցիկների հարյուրավոր տոննաներ, իշխանության մարմիններին ճնշում դիմումներով ու պահանջներով, անցկացնում միջազգային հանդիպումներ, դիմում տարբեր միջազգային գերատեսչություններ։ Չի բացառվում, որ 300 թիմից 30-ը կլինի անիրազեկ եւ ոչ հուսալի։ Չի բացառվում նաեւ, որ եւս 30 թիմ ստեղծում են աշխատանքի պատրանք։ Այնուհանդերձ, դա շատ քիչ բան է փոխում։ Մնացած 240 թիմերը հավատարիմ կաշխատեն վերջնական նպատակի համար՝ հուսալով վերջում ստանալ բաժանվող բլիթի իրենց մասը։ Արդյունքում՝ այդ թիմերը մոծակների պես կգրավեն երկրի ողջ ինֆորմացիոն դաշտը, կանդամալուծեն պետական մարմինների աշխատանքը, կակտիվացնեն ժողովրդին, եւ ռեժիմի փոխման բոլոր պայմանները պատրաստ կլինեն։ Անհրաժեշտության դեպքում վերջնական հարվածը կլինի «դրսից», դատապարտված ռեժիմի վրա դիվանագիտական եւ ոչ պաշտոնական ուղիներով ճնշում կգործադրվի։ «Հեղափոխական» պրոցեսի առավել ակտիվ մասնակիցները կպարգեւատրվեն պատվիրատուի կողմից եւ կմտնեն նոր էլիտայի մեջ։ Հետաքրքիր է, որ գործնականում այդ կազմակերպությունների հարյուրավոր անդամներից շատերն իրենց հեղափոխական կամ նույնիսկ քաղաքական գործիչ չեն համարում։ Նրանցից յուրաքանչյուրը կատարում է ինչ-որ առաջին հայացքից թվացող հասարակական կարեւոր աշխատանք, հանձն է առնում պայքարել մարդու իրավունքների համար, պաշտպանում է բնությունը եւ այլն: Ընդհանուր պատկերի ծրագիրը միայն գլխավոր պատվիրատուի ձեռքին է: Կարելի է առարկել, թե շատ չե՞ն ծախսերը՝ բավականին մեծ ռիսկի պայմաններում։ ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ միաժամանակ անցկացնել տասնյակ այդպիսի ծրագրեր։ Չէ՞ որ հաղթանակի դեպքում ԱՄՆ172ը կդնի իր ուզած իշխանությունը, ամերիկյան ընկերություններն մեքենայորեն կանաչ լույս կստանան, ամենանպաստավոր պայմաններով կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ռազմական բազաները։ Ի վերջո՝ գումարները հետ կգան հարյուրավոր միլիոն դոլարների տեսքով՝ ներդրված տասնյակի փոխարեն։ Այսպիսի բիզնեսի շահութաբերությունը՝ մեկը հազարի է, որն ավելի ձեռնտու է զենքի եւ թմրադեղերի առեւտրից։ Ընդ որում՝ նրա ծավալներն ու մասշտաբներն անսահմանափակ են։ Հիասթափության ճամփին Սակայն «թավշյա հեղափոխություն» ապրած հանրապետության բնակչությունը ոչինչ չի ստանում, բացի «լուսավոր ապագայի մասին» բազմաթիվ խոստումներից եւ «երկրի ճակատագրի լուծման մեջ մասնակցության» զգացողությունից։ Որոշ ժամանակահատվածի համար դա բավարար է։ Այնուհետեւ ցիկլը կարող է կրկնվել։ ԱՊՀ172ում «գունավոր» պուտչերի շարքի «պիոները» Վրաստանն էր, եւ հենց այստեղ էլ հայտնվեցին «հեղափոխական» կառավարությունից հիասթափության առաջին նշանները։ Վերջերս Զուգդիդիում քաղաքացիների եւ Վրաստանի ՆԳ հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ տեղի են ունեցել բախումներ, ուր մարդիկ բողոքում էին չվճարելու պատճառով մի շարք շրջաններ էլեկտրաէներգիայից զրկելու համար։ Դիտորդները սոցիալական լարվածության աճ են կանխորոշում՝ կախված տարերային աղետի հետ, որի արդյունքում տուժեց հանրապետության զգալի մասը, հազարավոր մարդիկ անապաստան մնացին։ Նրանց խնդիրների օպերատիվ լուծման համար կենտրոնական իշխանությունը հնարավորություններ չունի, իսկ հեղեղի հետեւանքների վերացման համար արտերկրից միջոցներ չեն ստացվի: Բացի այդ, «վարդագույն հեղափոխականները» հղի են անկայունությամբ նաեւ այն պատճառով, որ դրանց լիդերներին հնարավոր չէ միավորել մեկ խոշոր կազմակերպության մեջ։ Տարերային շարժումների «զտման» գործընթացը տեղի է ունենում բռնի ճանապարհով՝ մրցակիցների քաղաքական կամ նույնիսկ ֆիզիկական վերացմամբ: Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների, իսկ այնուհետեւ բոլշեւիկների ներկուսակցական պայքարը դրա վառ օրինակն է: Բայց հազիվ թե համաշխարհային վերակառուցման ճարտարապետների ծրագրերում տեղ գտնի «փոքրիկ ֆյուրերներին» սատարելը։ Նրանց պետք են «խալիֆներ՝ մեկ ժամով», այսպես կոչված՝ ճգնաժամային կառավարիչներ: Ինչ վերաբերում է Սահակաշվիլիին, ապա նրա արեւմտյան «գործատուների» մոտ կուտակվել են մի շարք լուրջ դժգոհություններ։ Դա նրա վարչական կատարյալ անփորձությունն է եւ կոռուպցիան ու գողությունը սանձելու անկարողությունը, որոնց արդյունքը դարձավ Արեւմուտքի տրամադրած միջոցների «աննպատակ ծախսելը»: Այս հանգամանքների հանրագումարը չի կարող չստիպել մտածել «անսանձ հեղափոխականին» փոխարինելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ դիտարկվում է մի քանի թեկնածու, այդ թվում՝ Նինո Բուրջանաձեն։ Սահակաշվիլու համար տեղ կգտնվի մոլորակային մասշտաբի մի NGO-ում, սակայն այն դեպքում, եթե նա ինքնակամ հրաժարվի իր այժմյան պաշտոնից։ Հաշվի առնելով նրա բնավորությունը, կարելի է ենթադրել, որ «վարդագույն» առաջնորդը կարող է ըմբոստանալ։ Իսկ որպեսզի իր ենթակաների աչքերում որոշ չափով բարձրացնի ընկած վարկը՝ կսկսի, օրինակ, ռազմական գործողություններ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում։ Եվ այդ դեպքում Արեւմուտքը ստիպված կլինի իրագործել նոր՝ «արտապլանային» ցանցային հեղափոխություն։ Այս հոդվածը եւ տվյալ թեմային վերաբերող հետագա հոդվածաշարը գրվել են Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխությունից առաջ, մինչ Ղրղըզստանի պետական հեղաշրջումը։ Վերոհիշյալ դեպքերը եւս մեկ անգամ հաստատեցին մեր եզրակացությունների ճշգրտությունը, դրա պատճառով այդ երկու «հեղափոխությունների» հետքերով լրացուցիչ ուղղումներ չեն մտցվել։ Ինչպես ինձ է թվում, այս աշխատանքն օգտակար կլինի ոչ այնքան կեղծ հեղափոխականներին, որքան մեր իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք այժմ զբաղված են մտքներին եկածով, բացի Հայաստանի ազգային անվտանգության հարցից։ ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Սա այն դեպքն է, երբ պետք է հատուկ նշել, որ «Առավոտի» խմբագրությունում հոդվածագրի տեսակետը (ինչպես նաեւ «դավադրության» ցանկացած տեսություն) կիսողներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել