ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ ՊԵՏՔ ՉԷ Կարծում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «Վիճակագրության առումով պետք է նշեմ, որ քաղաքացիական գործերի թիվը տարեցտարի աճում է՝ եթե համեմատենք վերջին 4 տարիները»,- երեկ «Առավոտին» ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանը: 2001թ. 863 գործ է մուտք եղել վճռաբեկ պալատ, 2004-ին՝ 2421: Այսինքն՝ երեք անգամ աճել է: Ըստ Արման Մկրտումյանի, պատճառները կարող են լինել, նախ՝ ա) վստահություն կա վճռաբեկ դատարանի նկատմամբ, բ) քաղաքացիների գործողությունների նպատակը այլ անձին վնաս պատճառելն է, գ) կան դեպքեր, երբ քաղաքացիները չեն մտածում արդյունքի մասին, սակայն դիմում են երրորդ ատյանի դատարան, որպեսզի հետագայում հնարավորություն լինի դիմել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Ա. Մկրտումյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակում մուտք է եղել 1291 գործ: «Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ կիսամյակն ավելի ծանրաբեռնված է լինում: Ի դեպ, նույն միտումը նաեւ առաջին ատյանի դատարանում է. 100 հազարից ավելի քաղաքացիական գործերով դիմել են դատարան»,- ասաց նա: «Առավոտի» այն հարցին, թե 2005թ. առաջին կիսամյակի համար ո՞ր վեճերն են հատկանշական, պալատի նախագահը բերեց վիճակագրությունից հետեւյալը. 489 քաղաքացի դիմել էր գումարի պահանջով, գործարքները կամ պայմանագրերը անվավեր ճանաչելու համար վարույթ էր ընդունվել՝ 404, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով՝ 207, վնասի հատուցման պահանջով՝ 134, բնակարաններից կամ տարածքներից վտարելու պահանջով՝ 112 գործ: Աշխատանքի վերականգնման, երեխաների խնամքի եւ դաստիարակության պահանջի, բնակության իրավունքի ճանաչման, ժառանգության վերաբերյալ վեճերը եւս քիչ չէին: Ի դեպ, տեղեկացնենք, որ պատվի եւ արժանապատվության վեճերն առաջին կիսամյակում եղել են երկուսը: Պարոն Մկրտումյանից նաեւ փորձեցինք տեղեկանալ, թե հետեւո՞ւմ է, արդյոք, սահմանադրական բարեփոխումների ընթացքին եւ առհասարակ ինչպիսի՞ն են նրա մոտեցումները՝ դատական համակարգի վեճերի քննության արդյունավետության առումով: Նախ, նրա բնորոշմամբ, Եվրախորհրդի բոլոր փաստաթղթերով պահանջ է դրվում դատական երկու ատյանի վերաբերյալ: Պահանջվում է ըստ էության գործի քննություն եւ դատական երկրորդ ատյանում՝ հսկողություն: «Դատական ատյանների քանակը պայմանավորված է դատական իշխանության նկատմամբ երկրի վստահությամբ»,- շարունակեց նա, այսինքն՝ որքան քիչ են դատական ատյանները, այնքան մեծ է վստահությունը տվյալ երկրի նկատմամբ: Ա. Մկրտումյանի կարծիքով, լինում են վեճեր, մասնավորապես ալիմենտի պահանջի, որը լսվում է դատական երեք ատյաններով, այն դեպքում, երբ երկու առեւտրային կազմակերպությունների միջեւ վեճը, որն ավելի բարդ է, անցնում է երկու ատյանի դատարանով՝ տնտեսականից վճռաբեկ: «Այսպիսի հակասությունը պետք է վերացվի եւ վերաքննիչ ատյանի անհրաժեշտությունը պետք է վերանայվի: Վերաքննիչ դատարան դիմում են երկու բառի շնորհիվ՝ խնդրում եմ վերաքննություն: Եվ ի՞նչ է ստացվում. առաջին ատյանում նույն ապացույցներով, նույն կողմերով արդեն իսկ քննված գործը նորից քննության է դրվում»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ Սահմանադրության մեջ փոխվել է «վճռաբեկ դատարանի» սահմանումը, այն է՝ «Վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական ատյան է»: Փաստորեն, միասնական դատական պրակտիկա է ստեղծվում հանրապետությունում եւ լրացուցիչ պարտականություն, որ բոլոր վավերացված միջազգային փաստաթղթերը Հայաստանում ունեն իրավաբանական բարձր ուժ, քան մեր օրենսդրությունն է: Արման Մկրտումյանի տեղեկացմամբ, վճռաբեկը պետք է ստուգի դատարանների կողմից դատական ակտերը, նաեւ այն, թե արդյոք դա համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանվածին: Մեր այն հարցին, թե քաղաքացիների վճռաբեկ բողոքներում հղում կա՞ Եվրոկոնվենցիային, նա ասաց. «Անգամ կարող եմ հավելել, որ մոդայիկ է դարձել ցանկացած բողոքում զետեղել «Եվրոկոնվենցիա» բառը: Օրինակ, 6 քմ պատշգամբի հարց ունեցողը իր խնդիրն է համարում նշել, որ խախտվել է այդ հարցով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը»: Վճռաբեկ պալատի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի կայացվել է մեկ նախադեպային որոշում՝ «ԿԲ-ի գործով»: «Կենտրոնական բանկի մասին» օրենքում այն միտքն էր ամրագրվել, թե ԿԲ խորհրդի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Սակայն հղում անելով Եվրոկոնվենցիայի 6-րդ հոդվածին, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությանը, վճռաբեկը որոշում էր կայացրել, թե չկա այդպիսի մի մարմին, որը դուրս է դատական հսկողությունից, եւ Ազգային ժողովն էլ, հետեւաբար, փոփոխություն կատարեց այդ օրենքում: Ա. Մկրտումյանի տեղեկացմամբ, քննարկման փուլում է դրվել բողոքների ընտրովիության կարգը՝ ինչպես Ստրասբուրգում: Իսպանիայի վճռաբեկ դատարանում քննության են դրվում այն գործերը, որոնց հայցագինը 150000 եվրոյից բարձր է կամ վճռաբեկը գտնում է, որ գործը առնչվում է մարդու իրավունքների խնդրին: Նա գտնում էր, որ մեզ մոտ եւս պետք է վերանայվի վճռաբեկ դատարան դիմելու բողոքների կարգը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ