Խուլերի ղեկավարները իրար չեն լսում Խուլերի միավորման անդամները կարծում են, որ պատճառը երկուստեք կարծիքների սխալ թարգմանությունն է: Սեպտեմբերի 28-ին նախատեսված է Հայաստանի խուլերի միավորման 14-րդ համագումարը: Երեկ այդ առիթով հրավիրված միավորման վարչության նիստը երկար ժամանակ չէր սկսվում, որովհետեւ միավորման մի խումբ անդամներ՝ շուրջ 30 հոգի, շենքի նախասրահում ցույց էին կազմակերպել: Նրանց բողոքը հասարակությանը հասավ մոտ մեկ ամիս առաջ՝ «միավորման տնօրեն Ժորա Վարագյանը վաճառում է միավորման տարածքները կամ տալիս նրան, ում ցանկանա»: Բողոքողների ղեկավար Պարգեւ Մուրադյանն ասաց, թե «ես լսել եմ, որ Գյումրիի մեր մասնաշենքի առաջին հարկն էլ է արդեն վաճառել», ինչն էլ պատճառ էր հանդիսացել ցույց անելուն: Նրանք պահանջում էին միավորման տնօրենի անհապաղ հրաժարականը, «քանի դեռ ամեն ինչ չի ծախել ու կերել»: Հրավիրված ոստիկանները ցուցարարներին շենքից դուրս հանեցին, իսկ մենք փորձեցինք նախագահից ճշտել որոշ տեղեկություններ: Թե ինչո՞ւ է Պ. Մուրադյանը ոտքի կանգնել, ըստ նախագահի՝ մի պատճառ կա. Մուրադյանը ձգտում է «նախագահական» աթոռին, ինչի համար ուզում է համագումարից առաջ սեւացնել իրեն: «Նա ոչ մի անգամ չի դիմել մեր վարչության որեւէ անդամի, թող դիմեր, պատասխան չստանար՝ նոր բողոքեր, ոչ թե աշխարհով մեկ մեզ խայտառակ աներ»,- ժեստերի լեզվով բողոքեց Նիկոլայ Մամաջանյանը: Միավորման նախագահն էլ իր հերթին բացեց Պարգեւի կյանքի «մութ անկյունների» մանրամասներ. «Նա իր տունը ծախեց, մորն անտուն թողեց, մենք ենք պահել մինչեւ մահանալը, իսկ որ ես օրենքով օտարում եմ ու այդ գումարով խուլերի 7 ընտանիքի համար բնակարան եմ գնում՝ ես հանցագործ եմ»: Միավորումն ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, ժամանակի ընթացքում կուտակել է հարկային պարտքեր եւ, ըստ նախագահի, եթե դրանք չվճարեին՝ միեւնույն է, գույքը պետք է վաճառեին, այն էլ ցածր գնով: Զրույցից հասկացանք, որ Պ. Մուրադյանի ձեւավորած «ընդդիմությանը» «թեւ է տալիս» «Օրինաց երկիր» կուսակցության հաշմանդամների հանձնաժողովը: Խոսելով այդ մասին՝ վարչության անդամները նաեւ կարծիք հայտնեցին, որ իրենց ու հանձնաժողովի միջեւ եղած թյուրըմբռնումը սխալ թարգմանության հետեւանք է, ակներեւաբար՝ դիտավորյալ: Մի խոսքով, սեպտեմբերի 28-ին Հայաստանի խուլերին սպասվում են «թեժ ընտրություններ»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ