ԽՈԶԱՆՈՑԻ, ԱՂԲԱՆՈՑԻ ՈՒ ԳԱԶԻ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ Այսպիսի «յուրահատուկ» տարածքում է տեղակայված «Նուբարաշենի դոմիկներ» թաղամասը Նուբարաշենի խոզաբուծական ֆերման 1970-ականների վերջին իր աշխատողներին հատկացրել է ժամանակավոր այս կացարանները, իսկ 94-ի վերջում՝ լուծարվելուց հետո, «դոմիկները» նվիրել նրանց: Բնակիչներն էլ տնակները երեսպատել են քարով, մեծացրել դրանք, թեպետ այդպես էլ չեն ստացել սեփականության կամ օգտագործման իրավունքի այլ փաստաթղթեր: Այժմ թաղամասում ապրում է շուրջ 34 ընտանիք: «Նուբարաշենի դոմիկները» պաշտոնյաները հիշում են ընտրությունից ընտրություն եւ, ինչպես սովորաբար լինում է՝ իրենց անելիքը սկսում եւ ավարտում են խոստումներով: Միայն համայնքի 22 տարվա ղեկավար Ռուբեն Ասատրյանն է ժամանակ առ ժամանակ օգնություն տալիս՝ հին շոր ու կոշիկ, դպրոց տանող ավտոբուսի մեկամսյա գումարը: Այս ընտրություններից առաջ էլ ասֆալտապատվել է Նուբարաշենի խճուղուց դեպի «դոմիկներ» տանող շուրջ 2 կմ ճանապարհը, բայց տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Դպրոց երեխաները գնում են հատուկ ավտոբուսով՝ օրական վճարելով 100 դրամ: Հենց նույն՝ տրանսպորտ չունենալու պատճառով բնակիչները չեն կարողանում օգտվել շուկաներից կամ խանութներից: Ճիշտ է, ամեն օր հաց բերող մեքենա է գալիս, բայց ով չհասցրեց՝ պետք է գնի վերավաճառողներից՝ կրկնակի թանկ գնով: Ի դեպ, սուրճ, ծխախոտ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ նույնպես բնակիչները ստիպված են գնել վերավաճառողների պարտադրած թանկ գներով՝ ընտրություն չկա: Մի քանի տարի է, ինչ ավանում ջրամատակարարում կա, բայց ջրահեռացման գծերի անցկացման մասին ջրմուղը մոռացել է: Մարդիկ կեղտաջրերի, ինչպես նաեւ՝ զուգարանի համար հողամասում փոս են փորում ու ամբարում դրանք: Թաղամասը չունի նաեւ հեռախոս՝ հիվանդի համար ոչ թե շտապօգնություն են կանչում, այլ մեքենա ունեցողներին խնդրելով՝ հասցնում են հիվանդանոց: Արտակարգ այլ դեպքերի մասին էլ չենք խոսում: Այս տարրական պայմանների բացակայությունից հետո բնակիչները խոսեցին նաեւ գազամատակարարման մասին, բայց՝ երազանքով. «Գազի գրասենյակը կողքներս է, հոտից խեղդվում ենք, բայց մեզ գազ չեն տալիս, ասում են՝ սպասեք»: Բույրերի մյուս «փունջը» գալիս է տարիներ առաջ սեփականաշնորհված եւ հիմա ակտիվ աշխատող խոզաբուծարանից: Սակայն թաղամասում ամենահատկանշականը Նուբարաշենի աղբանոցից եկող գարշահոտն է, ինչից փրկություն չկա նույնիսկ տներում: Բայց աղբանոցի նկատմամբ բնակիչները թշնամանք չունեն՝ դա իրենց միակ աշխատատեղն է, ապրուստի հարց լուծողը: Վերջին տարիներին թաղամասում ձեւավորվել են ապակե եւ պոլիէթիլենային շշերի, ցելոֆանի, մետաղե տարաների եւ այլ «մոնոպոլիաներ»: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարն ու կազմակերպիչը: Մեխանիզմն այսպիսին է. բնակիչների մի մասը, հիմնականում տղամարդիկ ու տղա երեխաները, աղբանոցից հավաքում են ապրանքը, նրանց կանայք լվանում են հավաքածն ու ցածր գումարով հանձնում «գլխավորին»: Վերջինս էլ տանում է քաղաք ու ավելի թանկ հանձնում միայն իրեն հայտնի ընդունող կետերին: Յուրաքանչյուրն այստեղ իր աշխատանքի տեղը գտել է՝ ըստ իր հնարավորությունների: Ավելի «պուզատիները», բնականաբար՝ «ընդունողներն» են, որոնք մեքենա ունեն եւ կապեր՝ ապրանքն իրացնելու համար: «Ռամիկ» խավի մեջ մտնում է թաղամասի հիմնական մասը: Երբ նրանց հարցրինք, թե ինչո՞վ կզբաղվեն, երբ ինչ-որ ժամանակ աղբանոցը վերացվի եւ տեղում վերամշակման գործարան կառուցվի, նրանք այդ տեղեկությունից միայն ուրախացան՝ «կաշխատենք գործարանում, ոչ թե ամառ-ձմեռ աղբ կքչփորենք»: Ընդհանրապես տեղի բնակիչների մեծ մասը, արդեն հաշտ վիճակին, չէր էլ ուզում խոսել իր խնդիրների մասին: Ավելին, նրանք թշնամանքով վերաբերվեցին մեր այցին եւ թաղամասի «հմայքները» մեզ ներկայացնող իրենց հարեւան Կարինե Մելքումյանին: Թերեւս վախենում էին, որ ինչ-որ մարդիկ կհետաքրքրվեն իրենց «բիզնեսով» ու կկտրեն ապրուստի այդ միջոցից էլ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ