Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փորձարկում՝

Սեպտեմբեր 17,2005 00:00

Փորձարկում՝ աշխատակցի վրա Կառավարության թիվ 1170- Ն որոշումն ընդունողների պատկերացմամբ՝ այն կոչված է հնարավորինս նվազեցնելու բնակչության «գազային» ինքնագործունեությունը եւ կանխելու դժբախտ պատահարները: Ըստ այս որոշման՝ բազմաբնակարան, բազմահարկ շենքերի բնակիչներն իրենց տներում գազօջախ տեղադրելուց բացի, այժմ կարող են տեղադրել վառարաններ, ջրատաքացուցիչներ (եթե դրանք համապատասխանում են գործող ստանդարտներին): Մինչ այդ՝ կառավարությունն արգելում էր բազմահարկ շենքերում նման սարքերի տեղադրումը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս որոշման եւ գազիֆիկացման բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման մասին խոսեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը: Նոյեմբեր ամսից ներտնային համակարգի սպասարկման սկզբունքը կփոխվի՝ այդ աշխատանքները կկոորդինացնի «ՀայՌուսգազարդը»: Լուրջ հաջողությունների հասնելու համար, Ա. Հովսեփյանի կարծիքով, պետք է ներգրավել «առողջ» ՍՊԸ-ների եւ նորմալ մասնագետների: Այդ ՍՊԸ-ները պետք է համապատասխանեն «ՀայՌուսգազարդի» պահանջներին, օրինակ՝ ունենան «լուրջ» գումար բանկային հաշվում, որ վթարների դեպքում իրենք պատասխանեն իրենց իսկ անորակ աշխատանքի համար: Գազիֆիկացման բնագավառում Ա. Հովսեփյանի սրտով չէ խորհրդային ժամանակներից ժառանգած անվտանգության համակարգը. «Շատ հետ ենք մնացել այս հարցում: Անվտանգության խնդիրը պետք է լուծենք ճիշտ սարքերի օգտագործմամբ: Իսկ մեր շուկայում գերիշխող գազի վառարանները անվտանգ չեն: Պետք է թելադրենք նոր խաղի կանոններ»: Նրա դիտարկմամբ՝ անվտանգ կյանքը մարդկանց վրա մի քիչ թանկ կնստի, քանի որ նոր սարքավորումներն ավելի թանկ արժեն: Պարոն Հովսեփյանը մտահոգված է նաեւ միայնակ թոշակառուների տների գազիֆիկացման հարցով եւ այդ «ռիսկային» տներում վտանգը կանխելու համար նա առաջարկեց տեղադրել ազդանշանային սարք, որի արժեքը 7-80 դոլար է: Թե ինչպես պետք է վճարի թոշակառուն այդ գումարը՝ Աշոտ Հովսեփյանը պատասխանեց, որ կմտածեն: Փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակչության բողոքները գազիֆիկացման պրոցեսից՝ արդարացի են, քանի որ, այսպես կոչված, «թիթեռնիկ» (նկատի ունի անփորձ ընկերությունները) ՍՊԸ- ները վատորակ աշխատանքով վարկաբեկել են իրենց: «ՀայՌուսգազարդը» ներկայումս փորձարկում է գազիֆիկացման նոր համակարգ, ըստ որի՝ երկաթե խողովակներին փոխարինելու կգան չժանգոտող ճկուն խողովակները: Ի դեպ, այս համակարգի ներդրման առաջին փորձը կիրառվելու է «ՀայՌուսգազարդի» լրատվության պատասխանատու Շուշանիկ Սարդարյանի տանը: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել