Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականացված

Սեպտեմբեր 17,2005 00:00

Քաղաքականացված գործարք «Մարզահամերգային համալիրի մասնավորեցման գործարքը քաղաքականացված գործարք է, ինչպես «Մարս» գործարանինն ու Մերգելյանի անվան ինստիտուտինը»,- երեկ հայտարարեց «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը: Խոսելով գործարքի քաղաքականացվածության մասին, Թաթուլ Մանասերյանը հիշեց, որ երբ «Մարս» գործարանի տնօրենն էր Ստեփան Դեմիրճյանը՝ «գործարանը մի կոպեկի պարտք չուներ: Այսօր այդ գործարանը 1 մլն դոլարից ավելի պարտք է կուտակել պետությանը: Ահա «փայլուն» գործարքներից մեկի արդյունքը»: Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ այն գինը, որ վճարելու են համալիրի շենքի համար՝ 5,7 մլն դոլար, չնչին գումար է, քանի որ նույնիսկ 15 կամ 30 մլն դոլարով հնարավոր չէ կառուցել նման շենք: Հիշեցնենք, որ ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ընդհարում էր տեղի ունեցել այս պատգամավորի եւ ԲԱՄՕ-ի սեփականատիրոջ եղբոր՝ «ԱՄ» խմբակցության անդամ Հարություն Մուրադյանի միջեւ, երբ Թաթուլ Մանասերյանը փորձեց «Կարեն Դեմիրճյան» համալիրի սեփականաշնորհման գործարքի դեմ իր կարծիքը հայտնել ԱԺ ամբիոնից: Երեկ պարոն Մանասերյանը ասաց, որ եթե իր գործընկերը համբերեր եւ մինչեւ վերջ լսեր իր խոսքը, կհասկանար, թե իրականում ինչի մասին է խոսքը: Նա մտավախություն հայտնեց, որ համալիրի նոր սեփականատեր ԲԱՄՕ-ն ինչ-որ պահի կարող է բաժնետոմսերը վաճառել այլ ընկերության եւ արդյունքում Կարեն Դեմիրճյանի անունը կրող հուշահամալիրը հայտնվի, օրինակ, թուրքերի ձեռքում: Իսկ թե ինչո՞ւ է այդ գործարքում խառը «Ազգային միաբանության» անդամի մատը, Թաթուլ Մանասերյանը չի կարող բացատրել, միայն նկատում է. «Նրանք չեն այս գործարքի հիմնական դերակատարը, բայց կարող են դառնալ գործիք»: Թաթուլ Մանասերյանը համաձայն չէ այն գնահատականներին, որ տրվում են Մարզահամերգային համալիրին, թե իբր դա քանդված եւ անպիտան շենք է. «Ես պատգամավոր եմ, եւ այսօր իմ գրպանում է անկախության տարեդարձին նվիրված միջոցառման հրավիրատոմսը. միջոցառումն անցկացվելու է այդ քանդվա՞ծ շենքում: Ոչ, դա լավագույն շենքն է, եւ բոլոր միջազգային ցուցահանդեսներն ու միջոցառումներն այստեղ են տեղի ունենում: Բացի այդ, շահութաբեր են ոչ միայն դահլիճները, այլեւ ճեմասրահը»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲԱՄՕ-ի շուրջ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումների տարբերությունը կարո՞ղ է պատճառ դառնալ ընդդիմության պառակտման, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ նման բան հնարավոր չէ. «Երբեք նման հաճույք չենք պատճառի կլանային դուետին»: Առաջացած միջադեպն ուղղակի թյուրըմբռնման արդյունք գնահատելով՝ պարոն Մանասերյանն ասաց. «Եթե Հարություն Մուրադյանը մինչեւ վերջ լսեր իմ ելույթը, կհասկանար մեր մտավախությունը եւ նման խնդիր չէր առաջանա»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ «կռվածները» բարիշել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել