«ԱրմենՏելը» նախարարին խաբե՞լ է Բջջային կապի որակը, մի գիշերում լավանալու փոխարեն, ավելի է վատացել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ամսի 15-ից «ԱրմենՏելի» բջջային կապի որակը փոխվելու է: Նախարարին այդպես էր խոստացել «ԱրմենՏելի» տնօրինությունը: Իսկապես, սեպտեմբերի 15-ից կապի որակը փոխվեց, բայց՝ դեպի վատը: Եթե նախկինում բջջայինի ինքնապատասխանիչները զանգողներին միայն տեղի-անտեղի ասում էին՝ «բաժանորդն անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս», հիմա արդեն ինչ ասես, որ «դուրս չեն տալիս»: Մասնավորապես՝ հնչում է «համարը չի աշխատում» բոլորովին անհասկանալի արտահայտությունը կամ մարդկային լեզվի փոխարեն լսվում են ականջը խլացնող ինչ-ինչ «լարային տզզոցներ, գվվոցներ ու բվվոցներ»: Երեկ այս առնչությամբ «ԱրմենՏելի» լրատվականից մեզ հայտնեցին, որ «նման բան հնարավոր չէ, ո՞նց կարող ա ինքնապատասխանիչն ասի՝ համարը չի աշխատում»: Նրանք «վիզ չվերցրին» նաեւ, որ կապի որակը վատացել է՝ շարունակելով պնդել ճիշտ հակառակը՝ «ամսի 15-ից որակը համեմատաբար լավացել է»: Բաժանորդների հավաստմամբ՝ ամսի 15-ից սկսած, բջջային կապը նոր «խաղեր է տալիս», ասենք՝ զանգում են ծանոթին, բայց կապվում են բաժանորդային բաժնի հետ: Հաճախ ցանցը «կտրատվում» է, իսկ հեռախոսի վրա երեւացող անտենաները զուտ ձեւական բնույթ են կրում: «Ինքնապատասխանիչն ասես շշկռված լինի, անընդհատ կրկնում է, թե ինչքան խոսելաժամանակ է հաշվին մնացել կամ՝ որ ձեր հավաքած համարը գոյություն չունի»: Եվ հետո, ավելի է դժվարացել հաղորդագրություններ ուղարկելը. դրանք լավագույն դեպքում հասցեատիրոջն են հասնում 3-րդ հրամանից հետո միայն, այն էլ՝ 24 ժամ անց: Նախարարը վստահեցրել էր, որ սեպտեմբերի 14-ի գեշերվա ընթացքում «ԱրմենՏելն» ավարտելու էր նոր ու արդիականացված սարքավորումների տեղադրումը, որը վերացնելու էր կապի խաթարումները: Ընկերությունից տեղեկացանք, որ, խոստացածի համաձայն, դրանք տեղադրվել են, բայց բաժանորդը բացարձակապես տարբերություն չի զգում: Խառնվել են նաեւ ֆիքսված հեռախոսակապի գծերը: Բնակիչների խոսքերով՝ «թեեւ բոլոր վճարները կատարված են, բայց զանգողներին ռոբոտն ասում է, թե համարը ժամանակավորապես հնարավոր չէ կանչել, իսկ 1-2 փորձից հետո, չգիտես ինչպես, հնարավոր է դառնում»: Նման խայտառակ որակով՝ «ԱրմենՏելը» դեռ մտադիր է բաժանորդային հեռախոսակապի սակագները բարձրացնել. բաժանորդային վճարը 900 դրամի փոխարեն սահմանել 1200, իսկ րոպեավճարը 4 դրամի փոխարեն դարձնել 8 դրամ: Նախատեսվում է նաեւ կրճատել անվճար հեռախոսային խոսակցությունների լիմիտը, որը ներկայումս կազմում է 360 րոպե: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ