ԼՈՒՍԱԿՈՒՆՔԸ ՄՈՌԱՑՎԱԾ Է Որեւէ բան ցանելը, կամ անասուն պահելը անիմաստ է, իսկ բանկից վարկ վերցնելը՝ վտանգավոր Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղը Վարդենիս քաղաքից ընդամենը 3 կմ է հեռու: Սակայն մարզպետարանի ողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն Վարդենիսի ու Վարդենիկի վրա, իսկ համեմատաբար փոքր գյուղերում, ի հեճուկս կառավարության կողմից արձանագրված տնտեսական աննախադեպ բարձր ցուցանիշների, դեռեւս իշխում են նախնադարյան կարգերը: Այստեղ սեփական հողակտոր ունի գյուղացիների չնչին տոկոսը: Լուսակունքցիներին հողակտորներ հանձնվում են հիմնականում վարձակալական հիմունքներով: Դրանք, այսպես կոչված, «պետական ֆոնդի հողերն» են, որոնք պատկանում են մարզպետարանին, բայց մշակվում ու պահպանվում են գյուղացու կողմից: Սա նշանակում է, որ հարկ եղած դեպքում մարզպետարանը կարող է հրաժարվել գյուղացու ծառայություններից»: Ճիշտ է, գյուղում կան նաեւ 496 հա սեփականաշնորհված հողեր, բայց դրանք ոռոգման ջրի բացակայության պատճառով հիմնականում չեն մշակվում: Եվ հետո, այդ հողերի մեծ մասը տնամերձ չէ, այն մշակելը գյուղացու համար շատ դժվար է: Ինչ վերաբերում է անասնապահությանը, լուսակունքցիների համար դա նույնպես խնդիր է, քանի որ արոտավայրերի մեծ մասը գտնվում է հեռավոր «Քեյթիյանխ» կոչվող սարի վրա: Բացի այդ, կաթը երեւանյան շուկաներում 200-250 դրամ է, մինչդեռ իրենցից այն մթերում են ընդամենը 70 դրամով: Եթե գյուղացիներն անգամ փորձեն կաթնամթերքը հասցնել մայրաքաղաքի շուկա, ճանապարհածախսն էլ չեն հանի: Սարերում են գտնվում նաեւ ցորենի եւ գարու արտերը: Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն, գյուղի 220 հա ցորենի արտերից պիտի հավաքվեր մոտ 265 տոննա ցորեն, սակայն գարնան ցրտահարության պատճառով բերքի մի մասը ոչնչացվեց, իսկ կառավարության կողմից ոչ մի փոխհատուցում չեղավ: Սա «Առավոտին» տված հարցազրույցում հաստատեց նաեւ Լուսակունքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սարգսյանը: Բացի այդ, փաստորեն, լուսակունքցիների հաշվարկները սխալ դուրս եկան: Հաշվի առնելով, որ այս տարի մեծ քանակությամբ ցորեն էր ներկրվել հայկական շուկա, որի պատճառով հացահատիկի գներն իջել էին՝ դառնալով 60-70 դրամ, գյուղացիները հացահատիկային արտերի փոխարեն զարկ տվեցին կարտոֆիլագործությանը: Մինչդեռ շուկայում պակաս ցածր չեն նաեւ կարտոֆիլի գները. գյուղացիների հավաստմամբ՝ իրենք կիլոգրամը 50 դրամով էլ չեն կարողանում այն իրացնել: Ս. Սարգսյանը կարտոֆիլագործության ձախողումը մեկնաբանեց նաեւ Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող մասնավոր ընկերությունների առկայությամբ, որոնք, այսպես ասած, «խփում» են գյուղացու գործին: Թե ինչ պիտի ցանեն Լուսակունքի բնակիչները հաջորդ տարի, հարց է, որովհետեւ ցորենի վրա հույս դնել այլեւս չեն պատրաստվում: Նրանց պատմելով՝ 1 հա հացահատիկ մշակելու համար իրենք ծախսում են շուրջ 108 հազար դրամ, իսկ վաճառքն իրականացնում են ինքնարժեքից ցածր՝ 78 հազար դրամ: Գյուղացիները վարկ վերցնելու մասին լսել անգամ չեն ուզում. վերջերս խոզաբուծությամբ զբաղվելու համար հայաստանյան բանկերից մեկից 29% տոկոսադրույքով եւ 1 տարվա մարման ժամկետով վարկ են վերցրել ու ընկել կրակը: Առաջին հայացքից բավականին գայթակղիչ թվացող բանկի առաջարկներով ոգեւորվել է Լուսակունքի 62 ընտանիք ու, չկարողանալով գումարը ժամանակին վերադարձնել, ստիպված է եղել եղած-չեղած գույքով փոխհատուցել: Իսկ գույքը, որպես կանոն, գնահատվում է բանկի մասնագետի կողմից եւ, բնականաբար, շատ ցածր գնով: Գյուղապետարանի աշխատակիցն արդարացավ, որ գյուղը փոքր բյուջե ունի, որի հաշվին ոչինչ չի լինի ձեռնարկել. «Ընդամենը տալիս են 800 հազար դրամ՝ հողի հարկի եւ 300 հազար դրամ՝ գույքահարկի համար: Իսկ կառավարության տրամադրած դոտացիաները՝ 8 մլն 300 հազար դրամը, հազիվ բավարարում է միայն գյուղապետարանի աշխատակիցների, գյուղի 2 գրադարանների աշխատողների աշխատավարձը վճարելու, մի քիչ էլ՝ մշակույթի տան պահպանման ծախսերը հոգալու համար»: Գյուղապետարանի պաշտոնյա Սամվել Սարգսյանը մեզ հետ զրույցում բոլորովին չհերքեց, որ գյուղում, իրոք, խնդիրները շատ-շատ են, բայց դրանց հետ ոչ մի կերպ չկապեց գյուղապետ Խաչիկ Խաչատրյանի անգործությունը: Ընդհակառակը՝ նա անընդմեջ գովում էր «շեֆի» ծավալած ակտիվ գործունեությունն ու շեշտում գյուղում նրա անփոխարինելիությունը: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ