Ճեպազրույցների «աղը» Երեկ ԱԺ ճեպազրույցներում հնչեցին քաղաքական եւ ոչ այնքան քաղաքական հարցադրումներ: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը վստահաբար շեշտեց, որ «այսօր արդեն պարոն Քոչարյանը պարոն Սերժ Սարգսյանի հետ միասին ձեռնամուխ են եղել զանազան արբանյակ կուսակցություններ ստեղծելուն: Նպատակը մեկն է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն գնով ԱԺ անցկացնել թվով շատ եւ շատ «դիվանային կուսակցությունների», այն պարագայում, եթե հիմնական քաղաքական ուժերը փորձեն բողոքարկել կեղծված ընտրությունների արդյունքները, մի ստվար բանակ, թվացյալ ստվար, կասի՝ արդար է եղել, դուք մենաշնորհն էիք ուզում ձեր ձեռքին պահել եւ այլն: Այս պարագայում, լինելով արդեն վարչապետ, պարոն Քոչարյանը կփորձի դիրիժորություն անել, բայց դա իրեն արդեն չի հաջողվի, չի հաջողվի այն պարզ պատճառով, որովհետեւ ժողովուրդն այդ ծուղակները շատ պարզ արդեն հաշվարկել է: Համոզված եմ՝ ժողովուրդը միահամուռ «ոչ» կասի սահմանադրական փոփոխություններին»: Իսկ «դիվանային» ասված կուսակցության գեղամյանական բացատրությունը սա է. «Որ մի դիվանի (բազմոցի- Մ. Ե.) վրա տեղավորվեն, ընդունենք, ինքը, կինը, աներձագները, քրոջ մարդը»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ հայտարարեց, որ գործող ռեժիմի պարագայում օրինաչափ է համարում այն իրողությունը, որ ԱԺ-ն իր հերթական քառօրյան սկսեց ոչ թե ավանդների վերադարձի մասին օրինագծի քննարկմամբ, բայց ավարտեց «Հուղարկավորության մասին» օրենքի քննարկմամբ: Վիկտոր Դալլաքյանը Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանումը նմանեցրեց 1915 թվականին թուրքերի կողմից հայերի տեղահանման հետ: «Հուղարկավորության մասին» օրինագծից խոսեց նաեւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ նկատեց՝ նախ եկեղեցին դեմ չէ դիակիզմանը, «եւ հետո՝ դիակիզումը կամավոր սկզբունքով է իրականացվում»: Թեպետ պարոն Պետրոսյանն ավելի ուշ կոնկրետացրեց՝ հարազատների կամավոր ցանկությամբ, բայց ուշ էր, լրագրողները հասցրին մի կարգին ուրախանալ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Կառավարությանը հարցեր տալու ժամանակ տրանսպորտի նախարարին ուղղված հարցադրում արվեց ՕԵԿ-ի կողմից, որը տրանսպրտի նախարարն ուղղեց Շիրակի մարզպետին՝ ասելով, որ Հայկավան գյուղի ճանապարհային վերականգնման գումարներն արդեն տրված են 11 միլիոն, եւ մարզպետը պիտի պատասխանի, թե ինչո՞ւ չի կառուցվում: Մենք ճշտեցինք մարզպետի հետ, եւ պարզվեց, որ վերականգնման համար գումար չի հատկացված մարզպետարանին, տրված է սպասարկման համար գումար ամբողջ մարզի համար: Եվ զարմանալի էր, որ հարցը տալու պահին արդեն շուրջ տասը օր այդ նույն հատվածում շինարարական աշխատանքները ընթանում էին, եւ տենդերը շահել է ՕԵԿ ներկայացուցիչ շինարարը»: Ասվածի կապակցությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին։ Վերջինիս պարզաբանումը հետեւյալն էր. «Իմ կողմից հարգված Լեւոն Մկրտչյանը, կարծում եմ, պետք է իմանար, որ պետական բյուջեն հաստատվել է հենց իրենց՝ պատգամավորների կողմից։ Իմ հայտարարությանը կասկածով վերաբերվողներին խորհուրդ եմ տալիս բացել եւ կարդալ 2005 թ. պետական բյուջեի համապատասխան էջը առանձին տողով, որտեղ շատ հստակ գրված է, որ կոնկրետ նշված՝ Շիրակի մարզի Հայկավան գյուղի ճանապարհահատվածի վերականգնման համար նախատեսված է 11 մլն դրամ։ Այս գումարը մարզպետարանը պարտավոր էր ծախսել միմիայն այն նպատակով, ինչի համար նախատեսված է պետական բյուջեով: Ցավում եմ, որ մարզպետն առայսօր տեղյակ չէ դրանից»։