Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՕԱԶԻՍԻ»

Սեպտեմբեր 17,2005 00:00

«ՕԱԶԻՍԻ» ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օգոստոսի 24-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի «Օազիս» սրճարանում իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել: Շիրակի դատախազությունում նախապատրաստվել էին նյութեր այդ միջադեպի առթիվ: «Առավոտի» (31.08.2005թ.) այս լուրին ի պատասխան՝ սեպտեմբերի 3-ին Գյումրիի քաղաքապետարանը հայտնեց, որ «այն, ինչ իրականում տեղի է ունեցել «Օազիս» սրճարանում, որեւէ կապ չունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, քանի որ քաղաքացիական հագուստով շուրջ 80 զինվորական ոչ սթափ վիճակում վեճ են սադրել: Հարբած զինվորականներին հանդարտեցնելու նպատակով եւ այդ պահին սրճարանում գտնվող Գյումրիի քաղաքապետի խնդրանքով սրճարան են հրավիրվել քաղաքի գլխավոր զինվորական պարետ Անտոնովը, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի գնդապետներ»: Ինչպես նկատում եք, այդ պարզաբանման մեջ որեւէ խոսք չի եղել քաղաքապետի կողմից զենք կիրառելու մասին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ Վահե Միրզոյանի վարույթում է գտնվում թիվ 23621 զորամասի զինվորականների գործը: Ըստ Շիրակի դատախազության, 30-40 զինվորականներ են եղել «Օազիսում», ժամը 8-ի սահմաններում: Հրամանատար Վլադիմիր Բեսկլուբովին, նրա տեղակալ Լեոնիդ Տրոֆիմենկոյին, զինվորական պարետ Արկադի Անտոնովին, ըստ գործի նյութերի, քաղաքապետն է հրավիրել «Օազիս»: Մեր աղբյուրի վկայմամբ, Տրոֆիմենկոն հայտարարություն է տվել, որ քաղաքապետը օդում երկու անգամ կրակել է, չնայած, ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները, այնպես էլ քաղաքապետ Ղուկասյանը նախաքննության մարմնում ժխտել են կրակոցի փաստը եւ հայտարարել, թե վեճը կանխելու ընթացքում որեւէ կրակոց չի եղել: Կար երկու վարկած. զինվորականները պնդում են, որ իրենք երաժշտություն են պատվիրել եւ երաժիշտները հրաժարվել են նվագել պատվիրված երաժշտությունը (վճարել էին 3-5 հազար դրամ), ինչից էլ ծագել էր վեճը: Իսկ մեկ այլ աղբյուր ասում է, որ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ իրենք են խանգարել երաժիշտներին: Նախաքննությունը շարունակվում է: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել