Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փշոտ

Սեպտեմբեր 17,2005 00:00

Փշոտ ճանապարհ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը նշանակում է, որ խնդրո առարկա օրինագիծն արդեն կարող է ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում: Եթե դա տեղի ունենա, ու եթե ցեղասպանությունը ճանաչվի նաեւ լիագումար նիստում, ապա, կարելի է ասել՝ կխորտակվի Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչման ճանապարհին կանգնած ամենագլխավոր եւ ամենադժվարամատչելի պատնեշը: Ենթադրելի է, որ դրանից հետո Թուրքիան այլեւս ի վիճակի չի լինի նախկին հետեւողականությամբ մերժման քաղաքականություն վարել, քանզի այդ դեպքում կբացակայեն թուրքական քարոզչության բուն օբյեկտները, այսինքն՝ այն երկրները, որոնց «զսպմանն» էլ, ըստ էության, նպատակամղված է այդ քարոզչությունը: Իսկ այդ պարագայում ցեղասպանության չոր մերժման՝ Անկարայի կեցվածքը կդառնա ինքնանպատակ եւ վնասակար հենց իր՝ Թուրքիայի համար: Ամբողջ հարցը, սակայն, հետեւյալն է՝ կմտնի՞ արդյոք նախագիծը լիագումար նիստի օրակարգ: Նախ՝ տակավին պարզ չէ, թե երբ է տեղի ունենալու այդ նիստը, ինչն առնվազն նշանակում է, որ թուրքական լոբբիստները դեռեւս աշխատելու բավական ժամանակ ունեն: Իսկ որ ժամանակը նրանք հենց այնպես չեն վատնում, արդեն ապացուցել են կոնկրետ գործերով: Այսպես. հայտնի է, որ, մասնավորապես, վարչապետ Էրդողանի ջանքերով ԱՄՆ հրեական համայնքն իր հնարավորություններն օգտագործելու է «ի նպաստ» Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի տապալման: Իսկ թե ինչ հնարավորությունների է տիրապետում ԱՄՆ-ում այդ համայնքը, թերեւս լրացուցիչ բացատրությունների կարիք չունի: Հայտնի է նաեւ Պետդեպի բուռն հակազդեցության մասին: «Բանաձեւերը կարող են վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ խանգարել Անկարա-Երեւան երկխոսությանը»,- ասված է Պետդեպի՝ Կոնգրեսին հղած ուղերձում: Ըստ էության, բանաձեւի վերջնական ընդունման համար նպաստավոր չէ նաեւ այն օբյեկտիվ քաղաքական ֆոնը, որի վրա էլ ծավալվում են վերը նշված իրադարձությունները. այս պահին Վաշինգթոն-Անկարա միջպետական հարաբերություններում առկա լարվածությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ի իրաքյան քաղաքականությամբ, նկատելիորեն մեղմացած է, ուստի՝ Սպիտակ տան կողմից հայերի ցեղասպանության «մահակի» գործադրման սուր անհրաժեշտություն, փաստորեն, չկա: Թվարկված հանգամանքները բավական դժվարացնում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հետագա զարգացումների կանխատեսումը: Մի բան միանշանակ է՝ ՀՀ իշխանությունները Հայաստանի բնակչության ուշադրությունը ներքին սուր խնդիրներից առժամանակ շեղելու լավ հնարավորություն են ստացել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել