Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՏԼԵՐԸ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 17,2005 00:00

ՀԻՏԼԵՐԸ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ Բազմաթիվ զուգահեռներ կարելի է անցկացնել «Mein Kampf»՝ «Իմ պայքարը» գրքում առկա եւ ներկայումս հնչող գնահատականների միջեւ: Նախորդ հրապարակմանը, որ վերաբերում էր պառլամենտարիզմի վերաբերյալ Ադոլֆ Հիտլերի դատողություններին, հաջորդել են բավական շատ արձագանքներ: Դրանք բավական հակասական են՝ հետաքրքրվածությունից մինչեւ կտրուկ մերժում: Ընդ որում՝ ուշագրավ էր իրենց՝ խորհրդարանականների արձագանքը, որոնք ֆյուրերի ժխտողական վերաբերմունքը պատգամավորների հանդեպ գնահատել էին իբրեւ ներկայումս եւս ԱԺ-ի հանդեպ դրսեւորվող բացասական զգացումների որոշակի արդարացում: Սակայն Ադոլֆ Հիտլերը միայն հրեաների եւ պատգամավորների հանդեպ չէ, որ տածում էր խիստ «քնքուշ» զգացումներ: Ահա թե «Mein Kampf»-ի 1-ին հատորի՝ «Հատուցում» գլխի 3-րդ բաժնում՝ «Ընդհանուր քաղաքական մտորումներ իմ վիեննական շրջանի առնչությամբ», ինչպես է նա արտահայտվում քարոզչության եւ մասնավորապես մամուլի մասին, որն անվանում է «դպրոց մեծահասակների համար». «Ցավն այն է միայն, որ տվյալ դեպքում «ուսուցումը» ոչ թե պետության, այլ հաճախ շատ ցածրակարգ ուժերի ձեռքին է: Հենց Վիեննայում դեռ իմ վաղ պատանեկության օրերին լավագույն հնարավորությունն ունեի լավ ծանոթանալ զանգվածների դաստիարակության այդ զենքերի մենատերերին ու նրանց ֆաբրիկանտներին: Սկզբում բազմիցս առիթ էր լինում ապշելու, թե ինչպես էր կարճագույն ժամանակահատվածում հզորագույն իշխանություններից այդ վատթարագույնը կարողանում ձեւավորել որոշակի տեսակետ, ընդ որում՝ նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ խոսքը զանգվածի իրական տեսակետների եւ ցանկությունների ակնհայտ նենգափոխման մասին էր: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում մամուլը հաջողեցնում էր ինչ-որ ծիծաղելի մանրուքից սարքել պետական կարեւորության գործ: Եվ ընդհակառակը՝ նույնքան կարճ ժամանակահատվածում այն կարողանում էր ստիպել մոռանալ, ուղղակի կարծես գողանալ զանգվածի հիշողությունից այնպիսի խնդիրներ, որոնք, թվում էր, զանգվածի համար ունեն կարեւորագույն կենսական նշանակություն: Մամուլին հաջողվում էր մի քանի շաբաթվա ընթացքում երեւան հանել բոլորովին անհայտ մանրամասներ, անուններ, ինչ-որ հրաշքով ստիպել լայն զանգվածներին այդ անունների հետ կապել անհավանական հույսեր, մի խոսքով, այդ անուններին ապահովել այնպիսի ճանաչվածություն, որը երազում էլ չեն տեսել իրոք խոշոր անհատները: Անունները, որոնք հազիվ մեկ շաբաթ առաջ ոչ ոք չգիտեր կամ լսել էին միայն թռուցիկ՝ ստանում էին ահռելի հնչեղություն: Միեւնույն ժամանակ, պետական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտների հին ու փորձված գործիչները կարծես լրիվ մեռնում էին հասարակական կարծիքի համար, կամ էլ նրանց գլխին էր լցվում այնքան նողկալի զրպարտություն, որ նրանց անունները կարճ ժամանակում դառնում էին չլսված ստորության ու խաբեբայության խորհրդանիշ: Պետք է տեսնել այդ հրեական ցածրակարգ հնարքը՝ անմիջապես, կարծես կախարդական փայտիկի թափահարումով, ազնիվ մարդու վրա սկսում էին կեղտ լցնել հազարավոր դույլերից… Պետք է լավ ծանոթ լինես հակառակորդի քաղաքական պատվի նկատմամբ նման ոտնձգության մեթոդներին, որ համոզվես, թե ինչքան վտանգավոր են մամուլի այդ սրիկաները: Տպագիր այդ ավազակների համար չկա ոչ մի բան, որ պիտանի չլինի որպես միջոց իրենց կեղտոտ նպատակների համար: Նրանք կփորձեն պարզել անգամ ամենաինտիմ ընտանեկան հանգամանքները եւ չեն հանգստանա, մինչեւ իրենց նողկալի փնտրտուքներում չգտնեն որեւէ մանրուք, որը նրանք հազարապատիկ կուռճացնեն եւ կօգտագործեն իրենց դժբախտ զոհին հարված հասցնելու համար: Իսկ եթե, չնայած բոլոր ջանքերին, չգտնեն իրենց հակառակորդի հասարակական ու մասնավոր կյանքում որեւէ նման բան, որ հնարավոր լիներ օգտագործել՝ այդ սրիկաները կդիմեն պարզ հնարանքի: Ընդ որում՝ նրանք հաստատ համոզված են, որ եթե անգամ հետեւեն հազար հերքումներ, միեւնույն է՝ կմնա ինչ-որ բան: Ուղղակի պարզ կրկնությունից ինչ-որ բան կկպչի զոհին: Միաժամանակ՝ նման տականքները երբեք չեն գործում այնպես, որ հեշտ լիներ հասկանալ ու բացահայտել նրանց շարժառիթները: Աստված մի՛ արասցե: Նրանք միշտ կընդունեն լրջմիտ ու «անաչառ» կերպարանք: Նրանք կշատախոսեն լրագրողի պարտականությունների մասին եւ այլն: Ավելին՝ նրանք կխոսեն լրագրողական «պատվի» մասին՝ հատկապես, եթե հնարավորություն ստանան ելույթ ունենալ համագումարներում ու համաժողովներում: … Հենց այս սրիկաներն են ավելի քան 2/3-ով արտադրում, այսպես կոչված, «հասարակական կարծիքը»: Հատկապես այս կեղտոտ փրփուրից է հետո դուրս գալիս խորհրդարանական Աֆրոդիտեն: Հատորներ պետք կլինեին, որ հանգամանալից ներկայացվեր այս ամենը իր անպատկերացնելի ստապատիրության մեջ: Սակայն ինձ թվում է, որ բավական է անգամ մակերեսայնորեն ծանոթանալ այդ մամուլին ու այդ պառլամենտարիզմին, որ հասկանաս, թե որքան անիմաստ են այդ ինստիտուտները»: Վստահ եմ, որ այս անգամ էլ ֆյուրերի խոսքերը բալասան կլինեն շատերի հոգիների համար, ու նրանք պատրաստ կլինեն ստորագրել այս որակումների ներքո: Սակայն հարկ է անդրադառնալ մի հանգամանքի: Նախորդ հրապարակումից հետո Գերմանիայից մեր հայ ընթերցողներից մեկը խմբագրություն հղված նամակում զայրացել էր, թե ինչպես կարող է լրագրող լինել այն մարդը, որը «պատրաստակամորեն, անգամ հպարտությամբ ստորագրում է «Mein Kampf»-ից հատվածի ներքո: Մտադիր չեմ արդարանալ, թե ստորագրում եմ առանց նման զգացումների՝ անգամ այն որակումների ներքո, որոնք վերաբերում են լրագրողներին: Միայն որպես տեղեկատվություն նշեմ. եթե մինչ այժմ «Mein Kampf»-ի իրական հեղինակի հարցն այդքան միանշանակ չէ, միանշանակ է, որ այդ գրքի շնորհիվ Հիտլերը դարձավ միլիարդատեր: «Կուսակցական աստվածաշունչ» անվանված այս գիրքը պարտադիր էր Երրորդ ռեյխում: «Mein Kampf»-ը թարգմանված է 16 լեզուների, տպաքանակը հասել է 10 մլն-ի: Այս գիրքը թույլատրված չէ հրատարակել Գերմանիայում, սակայն անգամ այնտեղ է թույլատրվում գնել այն, ու գերմանական գրադարանների մեծամասնությունն ունի «Mein Kampf»-ը: Կարծում եմ՝ խոսուն տվյալներ են: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել