Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԿ-ՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Սեպտեմբեր 17,2005 00:00

Նրանք ահազանգում են Աշտարակ քաղաքի ընտրացուցակների խայտառակ վիճակի մասին

Հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի մի քանի քաղաքներում՝ Աշտարակում, Ապարանում ու Թալինում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետերի ու ավագանիների ընտրություններ: Թեկնածուների առաջադրման համար դեռ վաղ է խոսել, թեեւ այսօր արդեն հայտնի են հիմնական թեկնածուներից ոմանք: Նրանց մենք կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Առայժմ խոսենք միայն նախընտրական ֆոնի վրա Աշտարակում ծավալված ներքաղաքային զարգացումների մասին: Մենք դեռ մի քանի շաբաթ առաջ առիթ ունեցանք անդրադառնալու Աշտարակի գործող քաղաքապետ եւ այդ պաշտոնում վերընտրվելու հավակնորդ Աշոտ Ղալաչյանի՝ արդեն սկսած թաքնված ու անթաքույց քարոզչության փաստերին: Ասել, թե քաղաքապետը դրանից շատ է ազդվել՝ ճիշտ չի լինի: Բայց այսօր Աշտարակում մտահոգիչը միայն «բարերարի» կամ «լավ քաղաքապետի» անվան տակ ընտրակաշառք բաժանելու փաստերը չեն: Որեւէ մակարդակի ընտրությունները կարող են ստվերել եւ դրանց օրինականությունը հարցականի տակ դնել նաեւ այլօրինակ ընտրախախտումներ, ինչպիսին է, օրինակ՝ ընտրացուցակների խայտառակ վիճակը: Որ այս իրավիճակը Հայաստանում համընդհանուր բնույթ է կրում՝ դա էլ է հայտնի: Բայց Աշտարակում նման շատ կոնկրետ դեպքեր կան, որոնց մասին սեպտեմբերի 15-ին Աշտարակի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հարություն Օհանյանին (նշանակված է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի կողմից) ահազանգել է Արագածոտն մարզի հասարակական եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ֆորումը: ԸԸՀ նախագահին գրավոր եւ ֆորումի պաշտոնաթերթիկով տեղյակ է պահվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջների համաձայն՝ ընտրացուցակների մատչելիությունն ապահովելու նպատակով Աշտարակի թվով 11 ընտրական տեղամասերում ֆորումի անցկացրած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Աշտարակ քաղաքի ընտրողների մոտ 30 տոկոսը ընդգրկված չէ ընտրացուցակներում, նաեւ տեղամասերում թաղամասերը խառնված են, որոշ փողոցներ էլ ընդհանրապես բացակայում են, ընտրողների թիվը հիմնականում չի համապատասխանում փաստացի հաշվառվածների հետ: Թիվ 14 ԸԸՀ նախագահին ուղղված գրության մեջ մասնավորապես նշված է նաեւ, որ ընտրական տեղամասերում ցուցակներին կից փակցված տեղեկանքը գրված է բնակչության համար անհասկանալի լեզվով ու տերմինաբանությամբ եւ չի հստակեցնում ընտրացուցակներից դուրս մնացած ընտրողի կողմից կատարվելիք քայլերը:

Մարզային հասարակական կազմակերպությունների ֆորումը նաեւ հույս է հայտնել, որ թիվ 14 ԸԸՀ նախագահը կանոնակարգված կերպով եւ անմիջականորեն կմիջամտի ընտրացուցակներում անճշտությունների վերացմանը, «այլապես վտանգի տակ է Աշտարակ համայնքի ՏԻՄ ընտրությունների ազնիվ, արդար ու թափանցիկ լինելու ակնկալիքը»:

Նույն օրը, մի քանի ժամի տարբերությամբ, Աշտարակի քաղաքապետը տեղեկանալով այս բովանդակությամբ ԸԸՀ նախագահին ուղղված գրության մասին՝ ինքն էլ է համանման մի գրություն ուղղել նույն ԸԸՀ-ին՝ հասկանալով, որ թեեւ հասարակական կազմակերպությունների ֆորումի գրության մեջ ընտրացուցակների անճշտությունների հետ կապված կոնկրետ մեղավորներ մատնանշված չեն, բայց այդ թերությունների համար հիմնական թիրախը, որպես քաղաքապետ, ինքն է:

Ա. Ղալաչյանը նշել է, որ իր ղեկավարած քաղաքապետարանը ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման նպատակով ոստիկանության Աշտարակի տարածքային բաժնին տրամադրել է տարիների ընթացքում «հնարավորինս ճշտված եւ նախորդ ընտրություններում քննություն բռնած ընտրողների ցուցակը՝ 16600 ընտրողով» ու միաժամանակ հաստատել, որ այդ ցուցակներում կան մահացած անձանց անուններ, որ ընտրությունների օրը 18 տարին բոլորողների անուններն իսպառ բացակայում են ցուցակներից եւ այլն, բայցեւ ակնարկում է տեղ գտած թերությունների հասցեատիրոջը՝ մատնանշելով ոստիկանությանը. «Ս.թ. սեպտեմբերի 13-ին ոստիկանության բաժնի կողմից Աշտարակ քաղաքի ընտրական տեղամասերի տարածքները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներին է տրամադրվել նշված բաժնի կողմից նոր տարբերակով տպագրված ցուցակները, որն արդեն իսկ առաջացրել է մեծ թվով ընտրողների եւ շահագրգիռ անձանց դժգոհությունը»:

Անկախ այն բանից, թե կոնկրետ դեպքում ընտրացուցակների ճշգրտման համար որ գերատեսչությունը կամ իշխանական օղակն է պատասխանատու, կարեւոր է, որ ցուցակները պատշաճ տեսքի բերվեն օրենքով սահմանված ժամկետում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել