Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք երրորդն ենք, Ադրբեջանը՝ առաջինը

Սեպտեմբեր 17,2005 00:00

Սեպտեմբերի 7-12-ը Մոսկվայում կայացավ Գրքի միջազգային 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր 18 հրատարակչություն՝ տարբեր երկրներից:

Հայաստանը տոնավաճառին ներկայացել էր «Հայկական նրբանցք» տաղավարով: Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը նշեց, որ միաժամանակ մասնակցել են նաեւ «Գրքարվեստ» մրցույթին, որտեղ երրորդ մրցանակի է արժանացել 3 հայկական գիրք՝ Հրանտ Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» հոդվածների ժողովածուն, Էդվարդ Իսաբեկյանի գունավոր ալբոմը եւ Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը»: Առաջին տեղն է զբաղեցրել ադրբեջանական հրատարակության «Ղարաբաղ-Բաքու» գիրքը: Երրորդ մրցանակակրին բանախոսները չհիշեցին: Գործակալության հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամյանն ասաց. «Այս գիրքը բավական լավն էր՝ հրատարակչական իմաստով, սակայն բովանդակության մասին ոչինչ չկարողացավ ասել նույնիսկ մրցանակ տվող հանձնաժողովը, քանի որ այն ադրբեջաներեն էր»: Մրցույթում ներկայացվել էր նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»: «Այս գիրքը հրաշալի ձեւավորում ուներ: Հանձնաժողովի անդամները վիճել են, թե առաջարկված 11 անվանակարգերից որո՞ւմ ներկայացնեն գիրքը: Նույնիսկ մտածել են ստեղծել նոր անվանակարգ՝ գրական ժառանգության պահպանման, սակայն հարցը մնացել է առկախ»,-շարունակեց Ս. Գեղամյանը: Հայկական տաղավարում ներկայացվել են 100-ից ավելի գրքեր, ալբոմներ, հանրագիտարաններ, մանկական գրականություն, ցեղասպանությանը նվիրված մոտ 20 անուն տարբեր լեզուներով գրքեր: Տիկ. Գեղամյանը նշեց, որ հայկական գրքերի տաղավարը շատ գունեղ էր. «Այցելուների մեծ մասը ռուս մտավորականներ էին, որոնք ուսումնասիրում էին հայկական գրքերի որակը, մեր հնարավորությունները՝ հատկապես գրահրատարակչության ասպարեզում: Ավելի մեծ պահանջարկ ունեին մանկական հանրագիտարանները, մեր պատմությունը ներկայացնող գրքերը, նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նամակներ կալանավայրից» ռուսերեն գիրքը: Գնորդները հիմնականում ռուս մտավորականներ էին»:

Ըստ նրա, վրացիներն ու ադրբեջանցիները տոնավաճառում առանձին տաղավարներ չունեին:

ՀՀ գրահրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը նշեց, որ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսը տասնյակ տարիներ հայերի համար ամենակարեւորն է եղել. «Սակայն այժմ ռուսական շուկան երկրորդ պլան է մղվել: Հրատարակիչներն աշխատում են ավելի շատ միջազգային շուկա դուրս գալ: Այս տարվա տոնավաճառին մասնակցելով՝ հայ հրատարակիչները համոզվեցին, որ ռուսական շուկան բիզնեսի իմաստով շատ արդյունավետ եւ օգտակար է. չկան լեզվական խոչընդոտներ, իսկ համագործակցությունն ավելի հեշտ է: Տոնավաճառում շատերը կարողացան վաճառել իրենց գրքերը եւ վերականգնել ծախսերը»: Նա ավելացրեց, որ այս տարվա հոկտեմբերի 18-ին հայ հրատարակիչները կմեկնեն Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու գրքի միջազգային ցուցահանդեսին:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել