Աժիոտաժ՝ մրցանակային հանձնախմբերում
Հերթական անգամ բախտը նախագահական մրցանակի՝ 2,5 մլն դրամի տեսքով, կժպտա որոշ արվեստագետների: Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակների համար սահմանված մրցանակաբաշխության հայտերի ներկայացման վերջին ժամկետը սեպտեմբերի 1-ն էր: «Առավոտը» 5 հանձնախմբերի նախագահներից հետաքրքրվեց, թե ինչպիսի հայտեր են եղել:
Երաժշտության հանձնախմբի նախագահ Արաքսի Սարյանը թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանի, Ռուբեն Սարգսյանի եւ Ստեփան Բաբաթորոսյանի հետ միասին ներկայացվել է դիրիժոր Զավեն Վարդանյանը: Նաեւ պարզաբանել էր, որ պետական մրցանակի հավակնող դիրիժորի ներկայացվելու մեջ «կրիմինալ» չկա, քանի որ, ի տարբերություն 3 կոմպոզիտորների, Զ. Վարդանյանի թեկնածությունը առաջադրել է Կոմպոզիտորների միությունը:
Կերպարվեստի հանձնախմբի նախագահ Սարո Սարուխանյանը տեղեկացրեց, որ պետական մրցանակի միակ հավակնորդը քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է ՝ Համո Սահյանի քանդակով. «Այժմ հանձնաժողովը քննում է ներկայացված հայտը, ու եթե այն համապատասխանի չափանիշներին՝ կներկայացվի մրցանակի»:
Իսկ ո՞ւր են ամենուր ցուցահանդեսներով հանդես եկող մեր նկարիչներն ու քանդակագործները, արդյո՞ք նրանց՝ մրցանակաբաշխությանը չմասնակցելու պատճառն այս հանձնախմբի ու Նկարիչների միության (ՆՄ) միջեւ եղած սկզբունքային անհամաձայնությունն է: Այս դիտարկման առնչությամբ պրն Սարուխանյանը պարզաբանեց, որ Նկարիչների միությունը իսկապես առարկություններ ունի՝ կապված ստեղծագործությունները մրցույթի ներկայացնելու կարգի հետ. ՆՄ-ն գտնում է, որ դրանք պետք է նախ անցնեն միության համապատասխան սեկցիաների «թրի տակով», հետո դրվեն մրցույթի:
Զվարճալի իրավիճակ է մեկ այլ՝ ճարտարապետության եւ քաղաքաշինության հանձնախմբում: Այս հանձնախմբի նախագահ Մարտին Թովմասյանը տեղեկացրեց, որ ընդամենը մեկ հայտ է ստացվել, այն էլ վերադարձվել է հայտատուին՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանին: Պարզվում է՝ պետական մրցանակի էր ներկայացվել «Լինսի» ծրագիրը, որի շնորհիվ ոչ միայն փողոցներ ասֆալտապատվեցին, մշակութային օջախներ ու շենքեր վերականգնվեցին, այլեւ ոմանց քսակները լցվեցին: «Բայց մեր հանձնաժողովը, բարձր գնահատելով ծրագրի արժեքը, գտավ, որ այն չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին եւ, գուցե, արժանի է առանձին պարգեւատրման»,- ասաց Մ. Թովմասյանը:
Գրականության եւ հրապարակախոսության հանձնախմբի նախագահ Լեւոն Անանյանը հայտնեց, որ 9 հայտ են ստացել: Հայտատուների թվում են Պերճ Զեյթունցյանը՝ «Մի նկարի նայելով», Հենրիկ Էդոյանը՝ «Երեք օր առանց ժամանակի», Ռոզա Պետրոսյանը՝ «Այն աշխարհից եկող ձայները», Ֆելիքս Շաքարյանը՝ «49 թվականը» գործերով: «Եվ եւս 5 հոգի, որոնց անունները ձեզ ոչինչ չեն ասի»,- հավելեց պրն Անանյանը: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ անցյալ տարվա մոտ 5 տասնյակի փոխարեն այս տարի ընդամենը 9 հոգի է երազում պետական մրցանակի մասին: Հանձնախմբի նախագահը դա բացատրեց չափանիշների խստացմամբ: Անանյանի խոսքերով, ստեղծագործությունը մրցանակի հանձնման ներկայացնելիս պարտադիր են այդ ոլորտի 3 մասնագետների գրավոր կարծիքները, որոնցում պետք է փաստարկված լինի ստեղծագործության՝ մրցանակի արժանի լինելու հանգամանքը: «Անցյալ տարի 40-ից ավելի հայտ ունեինք, ու յուրաքանչյուրին թվում էր, թե ինքն է մրցանակի ամենալուրջ հավակնորդը: Բարեբախտաբար, նաեւ մամուլը նպաստեց, որ ստեղծագործողների ինքնագնահատումը զուլալվի ու հրաժարվեն պատեհ-անպատեհ մրցանակի հավակնելուց»,- ասաց հանձնախմբի նախագահը: Ի դեպ, այս տարի գրականության ու հրապարակախոսության հանձնախմբում նաեւ լրագրող կա՝ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Թատերարվեստի եւ կինոարվեստի հանձնախմբի նախագահ Անելկա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ պետական մրցանակի են հավակնում Գ. Սունդուկյանի անվան թատրոնը՝ «Ես մի ծառ եմ ծիրանի», Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը՝ Շեքսպիրի «Մակբեթ», Խամաճիկների թատրոնը՝ «Մարդը Լամանչից» ներկայացումներով: Երկու բեմադրություն է ներկայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը՝ «Կտրտված շղթա», «Գազանը լուսնի վրա», իսկ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը մրցանակի ակնկալիք ունի իր «Քարերը հավաքելու ժամանակը» ֆիլմի համար:
Հավելենք միայն, որ, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ պետական մրցանակի հավակնորդներից յուրաքանչյուրը գործի է դնում իր ծանոթ-բարեկամական, երբեմն վարչական ու այլ լծակներ՝ բաղձալի մրցանակին տիրանալու համար: Այսպիսի երեւույթներին մամուլը բազմիցս է անդրադարձել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ