Երեկ
ավարտվեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Հիշեցնենք,
որ աշխատանքներն ընթանում էին 3 մասնաճյուղերում: Առաջին մասնաճյուղում քննարկվեցին
«Հայոց գրերի գյուտը եւ նրա պատմական նշանակությունը», երկրորդում՝ «Հայոց գրերի
գյուտը եւ հայ մշակույթը», երրորդում՝ «Հայոց գրերի գյուտը եւ Հայ եկեղեցին» թեմաները:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռեցին մասնակցելու համահայկական բնույթի
այս միջոցառմանը, որտեղ ներկայացված են ԼՂՀ-ն, Սփյուռքը, Հայաստանը: 100 տարին մեկ
է նման հնարավորություն ստեղծվում, այն պետք է օգտագործել»,- ասաց պատմական գիտությունների
թեկնածու, Արցախի պետական համալսարանի դասախոս Մհեր Հարությունյանը: Նկատենք,
որ քննարկումները անցնում էին կիսադատարկ դահլիճներում, ինչի առիթով գիտնականներն
իրենց դժգոհությունները հայտնեցին: Բավականին պասիվ էին նաեւ ուսանողները: Գուցե
վերջինս պայմանավորված է նրանով, որ գիտաժողովի նիստերի ժամերը համընկնում էին դասերի
հետ: «Կարելի է մեղադրանք ներկայացնել կազմակերպիչներին կամ էլ առանձին ֆակուլտետների
ղեկավարներին, ովքեր չմտահոգվեցին, որ ուսանողության մի որոշ մաս մասնակցեր նիստերին:
Չնայած՝ դահլիճի լիքը կամ կիսադատարկ լինելը չափանիշ չէ»,- նախօրեին ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: Ի՞նչ տվեց մեզ գիտաժողովը, այս միջոցառումով
մենք՝ հայերս, ի՞նչ կարողացանք ասել աշխարհին: Գիտաժողովի մասնակիցները դեռ դժվարանում
են ամփոփել արդյունքները, բայց նախնական տպավորությունը գոհացուցիչ է: «Կարեւորն
այն չէ, որ որեւէ հանճարեղ գյուտ կատարվի, այլ այն, որ համախմբվեցին հայ ժողովրդի
երեք հատվածները՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Սա առիթ է, որ աշխարհն էլ հիշի,
որ մենք 1600-ամյա գիտություն ունեցող ժողովուրդ ենք: Մեր հարեւանները երբեք առիթը
բաց չեն թողնում իրենց հոբելյանները նշելով ապացուցել, որ իրենք տարածաշրջանի ամենահին
ժողովուրդներն են»,- նկատեց Մհեր Հարությունյանը: «Մեզանում անհամեմատ ընկել
է ազգային մշակույթի, ինքնության նկատմամբ հետաքրքրությունը: Ուրախալի է, որ զեկուցումների
մեջ զգալի թիվ են կազմում ազգային ինքնության մասին քննարկումները»,- ասաց Գառնիկ
Անանյանը: Այնուամենայնիվ, գիտաժողովի ընթացքում երիտասարդները կարողանում
են իրենց հետաքրքրող թեմաներ գտնել: «Մենք տեղյակ չենք լինում մեր գիտնականների կատարած
աշխատանքներին: Այսպիսի միջոցառումները այդ բացը լրացնելու առիթ են: Գիտաժողովի ընթացքում
անպայման կգտնես մի նորույթ, որը քեզ կհետաքրքրի: Հաճախ լինում են դեպքեր, երբ չես
կարողանում ընտրել, թե որ զեկուցումը լսես, տարբեր դահլիճներում միաժամանակ հետաքրքիր
զեկուցումներ են ընթանում»,- ասաց ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ
Մովսիսյանը: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ