Բայց
Եղեգնավան գյուղը սահմանամերձի կարգավիճակ չունի Արարատի
մարզի Եղեգնավան գյուղը մինչեւ 1988 թ. եղել է թուրքաբնակ: Հիմա այնտեղ ապրում են
հիմնականում Բաքվից, Սումգայիթից ներգաղթած հայեր: Գյուղի միջնակարգ դպրոցն ունի
201 աշակերտ: Կոլեկտիվի հին աշխատողները երանությամբ էին հիշում այն տարիները, երբ
դպրոցի տնօրեն էր նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: Այդ տարիներին թեեւ դպրոցը
բարեկարգ չէր, սակայն կոլեկտիվը, ըստ նրանց, միահամուռ էր: Իսկ հիմա, ինչպես օրերս
դպրոցի տնօրենի ընտրությանը մեր այցելության ժամանակ ասացին տնօրենի հավակնորդները,
«դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ է»: Ի դեպ, նրանք այդ մասին գրել էին
նաեւ իրենց նախընտրական ծրագրերում: Ռոզա Սարգսյանը հայոց լեզվի եւ գրականության
ուսուցչուհի է: Մեզ հետ զրույցում նա պատմեց. «Այստեղ ծպտված գործում են ոչ մանկավարժ
մարդիկ, ոչ թե ոչ մասնագետ, այլ ոչ մանկավարժ, նրանք, ովքեր իրենց տեղում չեն: Նրանք
ուզում են ճնշում գործադրել մասնագետների վրա՝ իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու
համար։ Շատերը փորձել են երեխաների միջոցով խանգարել իմ դասերը։ Իսկ
ես եւ մյուս հայերենի մասնագետն այստեղ ենք գալիս Արտաշատից։ Չունենք պատմության
մասնագետ, այդ առարկան պարապում է տնտեսագետը։ Ես Սերգո Երիցյանի հետ գերազանց ավարտել
եմ Երեւանի պետական համալսարանը, բայց ինձ մի ամբողջ դրույքով էլ չեն ապահովում։
18 ժամ ունեմ՝ այն էլ կռվով, իսկ իմ ճանապարհածախսը կազմում է 6-7 հազար դրամ։ Տնօրենի
պաշտոնակատարն ասում է՝ լավ եմ անում։ Դպրոցում անառողջ մթնոլորտ է»։ Տնօրենի պաշտոնակատար
Ադելա Աբրահամյանը ստեղծված մթնոլորտի պատճառների մասին ոչինչ չկարողացավ ասել. «Չեմ
կարող ասել»։ Իսկ ինչ վերաբերում է մասնագետների պակասին, ապա, ըստ նրա, նման խնդիր
դպրոցում չկա: «Ես օրենքներով դասաբաշխում եմ արել, դասաբաշխումն էլ ներկայացրել
եմ համապատասխան բաժին, եւ ինձ չեն ասել, որ ես սխալ եմ արել»։ Նորընտիր տնօրեն Մանվել
Զաքարյանը անառողջ մթնոլորտի պատճառը նախկին տնօրենի հետ է կապում։ «Դպրոցում ընդհանրապես
կոլեկտիվը մասնատված է, խմբավորումներ են, ես ամեն ինչ կանեմ, որ կոլեկտիվը լինի
միահամուռ, աշխատենք միասին»։ Ի դեպ, Մ. Զաքարյանը նշեց, որ մարզպետարանի կողմից
միջոցներ են տրամադրվել տանիքը վերանորոգելու համար, ինչը կիսատ է մնացել նախորդ
տնօրենի հեռանալուց հետո: Սակայն Ադելա Աբրահամյանը ասում էր. «Երբեք ոչ մի օգնություն
ոչ մեկից չենք ստացել։ Ոչ մի ֆոնդ չկա, ոչ ոք նույնիսկ կամավոր սկզբունքով նման հարց
չի բարձրացրել։ Գյուղապետն է միայն օգնել որոշ հարցերում: Ունենք դատարկ մարզադահլիճ,
հանդիսությունների դահլիճը ահավոր վիճակում է»։ Ի դեպ, գրեթե բոլոր սենյակները փակ
էին, եւ մենք չկարողացանք նկարել։ Ռոզա Սարգսյանի անհանգստություններից մեկն
էլ այն էր, որ գյուղի մեծ մասը ներգաղթածներ են, եւ հայոց լեզվի իմացության մակարդակն
անբավարար է: Երեխաները չեն կարողանում ճիշտ շարադրել մտքերը, գրել, եւ ընդհանրապես,
հայեցի դաստիարակությունն է պակասում։ «Բավարար արդյունքի շատ դժվար է հասնել, որովհետեւ
տանը նրանք ռուսերեն են խոսում, շրջապատում՝ նույնպես։ Ես ծնողներին խնդրում եմ,
որ տանը խոսեն թեկուզ բարբառով, բայց հայերեն։ Երեխայի մտածողությունը, հոգեբանությունը
պետք է դառնա հայեցի։ Ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ գյուղը ճանաչվի սահմանամերձ,
որպեսզի այստեղի երեխաները հետագայում արտոնություններ ունենան ուսումը շարունակելու
հարցում։ Այստեղ նույնիսկ սահմանի այն կողմի նամազներն են լսվում, եղել են դեպքեր,
երբ կրակոցներից ապակիներն են ցնցվել»։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ