Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են դատարանները պաշտպանվում մամուլից

Սեպտեմբեր 17,2005 00:00

Բրիտանացի լրագրող Սթիվ Ուիլսը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով եւ պատմում է իր երկրում մամուլ-դատարան հարաբերությունների մասին:

Մեծ Բրիտանիան, հետաքննող լրագրող Սթիվ Ուիլսի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մասնակից է: Իր երկրում զանգվածային լրատվամիջոցների մասին միասնական օրենսդրություն չկա: Բրիտանիայի քրեական եւ քաղաքացիական օրենսդրության մեջ տեղ են գտել ԶԼՄ-ներին վերաբերող «խաղի կանոններ». ինչ կարող են եւ հակառակը՝ չեն կարող իրենց «թույլ տալ» Անգլիայի լրագրողները: Զրպարտել չի կարելի: Պետական, մասնավոր գաղտնիք հայտնել չեն կարող: Հետաքննող լրագրողները կամ դատական նիստերը լուսաբանող իմ գործընկերները իրավունք չունեն դատարանին վիրավորել: Զրուցակցիս տեղեկացմամբ՝ ԶԼՄ-ները կարող են դատական նիստերի դահլիճից դուրս ներկայացնել ատենակալների կարծիքները: Սակայն չեն կարող հրապարակել խորհրդակցական սենյակում տեղի ունեցած քննարկումները: Տուգանքն այս դեպքում, ինչպես Սթիվն է ասում, կարժենա տասնյակ հազարավոր ֆունտ ստեռլինգ: Ի դեպ, երբ նրան տեղեկացրի, որ հայ լրագրողները իրավունք չունեն դատավորների «հատուկ կարծիքը» ներկայացնել, սակայն նախադեպի դեպքում պատասխանատվության հստակ մեխանիզմ չի սահմանված, նա շատ զարմացավ: Եթե մեր դատավորները ԶԼՄ-ներից կարող են նեղանալ նիստի ժամանակ արված իրենց «պատկերն անհաջող դուրս բերելու» համար, ապա իմ հյուրի տեղեկացմամբ՝ «անհարգալից վերաբերմունք» կամ դատարանի նկատմամբ վիրավորական կեցվածք են դիտվում «դատավարության մասին վաղօրոք արված հրապարակումները»: Դատախազը հեշտությամբ կապացուցի, որ կանխակալ հրապարակում է:

Մեծ Բրիտանիայում 1981-ից գործում է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության մասին» օրենքը: Սթիվը նշեց, որ դատարանը, այդ նույն օրենքի համաձայն, լրագրողից իրավունք չունի պահանջել «վառել աղբյուրին»՝ բացահայտել նրան, եթե, իհարկե, դա չի բխում «ազգային անվտանգության շահերից» կամ թե՝ կարող է կանխել հնարավոր հանցագործությունները: Սակայն բրիտանացին նաեւ նկատեց, որ դատարանները շատ հաճախ աղբյուրի բացահայտման որոշում են կայացնում՝ բացատրելով կամ պատճառաբանելով անվտանգության-արդարադատության շահերը: Մամուլում, ըստ նրա, չեն կարող տեղ գտնել «քաղաքացիների անբարոյականացմանը» նպաստող վուլգար լուսանկարներ, անպարկեշտ հրապարակումներ, անձի սեքսուալ կողմնորոշումը, ֆիզիկական արատը ցուցանող «վերլուծություններ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել