Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Սեպտեմբեր 17,2005 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ
քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ
Գլուխ քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ Գլուխ քսանիններորդ
Գլուխ երեսուներորդ Գլուխ
երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ
Գլուխ երեսուներեքերորդ
ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ Ես կռացա, թուշս դեմ արի տատիս, ու
չնայած տատս իր բաժին արցունքներն իր կյանքի սկզբներում արդեն սպառել-պրծել էր, բայց
տատիս աչքերի մեջ արցունքի կաթիլներ հայտնվեցին: – Աչքս ջուր դառավ,- ասաց տատս:
– Գիշերն ուզում էինք քեզ զարթնացնեինք, բայց հորաքուրը չթողեց,- ասացի ես: –
Քու քնելուց հետո զարթնիր եմ,- ասաց տատս.- էդ ղժղժոցների մեջ քնե՞լ կըլներ:
– Այսինքն՝ դու զարթնել ես, ես քնել եմ,- ասացի ես:- Չեմ էլ զգացել՝ ոնց եմ քնել:
– Սալդաթի շորերովդ անուշ քնուկ էիր,- ասաց տատս:- Ես ու մերդ շատ զգուշ շորերդ վրիցդ
խանեցինք: – Չեմ զգացել,- ասացի ես: – Խռմփացնես էիր. երեւի շատ հոգնած էիր,-
ասաց տատս: – Ի՞նչ հոգնած, ա՛յ տատ. սամալյոտով մի ժամում տեղ հասանք: –
Պոյեզ չկա՞ր, որ սամայլոտով էկար,- հարցրեց տատս: – Պոյեզ կար, բայց սամալյոտը
մի ժամում տեղ ա հասնում. աչքդ թարթում ես՝ տեղ ես հասնում: – Վախնա՞ս էիր,-
հարցրեց տատս: – Ինչի՞ց: – Էդ սամայլոտից: – Սամալյոտից ինչի՞ պիտի վախենայի,
ա՛յ տատ: – Էդքան վիրեւներով որ թռնես ես, չե՞ս վախնալի: – Վախենալու բան
չկա. մի ժամում տեղ ես հասնում: – Էն կաստուրկի մեջ տոլմա կա,- ասաց տատս:-
Ձեռդ տուր՝ վեր կենամ, տաքացնեմ: – Տոլմա կա՞: – Մերդ ա էփել,- ասաց տատս:
– Խաղողի թփո՞վ: – Հա: Զինքը գիտի, որ թփով տոլմի համար ուշքդ էթաս ա,- ասաց
տատս:- Ուզես էի էփեմ, բայց մերդ ինձնից առաջ ընկավ: – Քո էփածն ուրիշ ա,- տատիս
հաճոյացա ես: – Գիտեմ, որ իմ էփածը խավնես ես,- ասաց տատս:- Ձեռդ տուր՝ վեր կենամ,
էդ տոլմեն տաքացնեմ: – Մինչեւ տոլմեն տաքացնես՝ ես կոֆե կխմեմ,- ասացի ես՝ ձեռքս
տատիս մեկնելով: – Կոֆե էփեմ, հետո նոր տոլմեն տաքացնե՞մ,- դժվարությամբ ոտքի
կանգնելով՝ հարցրեց տատս: – Կոֆեն արդեն պատրաստ ա,- ասացի ես: – Քոռանամ
ես. դու ե՞ս էփել,- հարցրեց տատս: – Չէ. երեւի մաման ա էփել: – Արդեն վայ
թե սառած ըլնի,- ասաց տատս: – Ոչինչ. ես սառը խմում եմ,- ասացի ես: Մինչ
տատս տոլման կտաքացներ, ես սուրճս վերցրի ու գնացի շուշաբանդ՝ աշխատասենյակս: Նախորդ
օրվանից մտքիս մեջ բանաստեղծական մի տող էր ֆռֆռում, ու չնայած հիմա մոռացել եմ՝
ինչ տող էր, բայց հիշում եմ, որ նախորդ ամբողջ օրն ու էդ առավոտ շատ էի ոգեւորված
էդ տողով, որն ինքնաթիռի մեջ ծխախոտիս տուփի վրա գրել էի, որպեսզի չմոռանամ, ու գրասեղանիս
մոտ հարմար տեղավորվելով՝ զինվորական կոստյումիս գրպանից հանեցի ծխախոտիս տուփը,
մի ծխախոտ վառեցի ու տուփի վրայի տողն արտագրելով՝ սկսեցի հարիր ու սազական ուրիշ
տողեր բստրել ու կցմցել, ու քիչ անց հետբանակային առաջին ոտանավորս պատրաստ էր, ու
ես ինձանից շատ գոհ էի, մանավանդ որ՝ առաջին անգամ էի մեր տան մեջ ծխում, եւ երբ
տատս մտավ շուշաբանդ, ոտանավորս արդեն պրծել էի: – Արմո՞, էս ծխես ե՞ս,- զարմացավ
տատս: – Հա,- ասացի ես: – Երբվանի՞ց,- հարցրեց տատս: – Վեց-յոթ տարի
կըլնի,- ասացի ես: – Վեց-յոթ տարի հորնումորիցդ թաքուն ծխես ե՞ս: – Իրանք
գիտեն,- ասացի ես,- բայց իրանց մոտ չեմ ծխում: – Քույրիկիս՝ Լուսինին ես քաշել,-
ասաց տատս.- զինքը խիյ-վեց տարեկանից ծխես էր: – Մինչեւ հիմի էլ Լուսին մոքիրը
ծխում ա,- ասացի ես: – Մե մատ էրեխա էր, մտնես էր Իդրա թութունի բաղերը, թղթի
մեջ թութունը փաթաթես էր, մեր բաղչի խորքերը պախկվես էր ու ժամերով ծխես էր:
– Իգդիրում թութունի բաղ ունեի՞ք, տա՛տ,- հարցրի ես: – Մերը չէր: Մե խատ Ալեքսան
կար, իրա բաղերն էին: Զինքը թութունն աճացնես էր, հետո ծախես էր: Լուսինն իրանց էդ
բաղերի թութունը չորացնես էր ու ծխես էր: – Բա ձերոնք վրեն չէին խոսո՞ւմ,- հարցրի
ես: – Հայրիկս ամեն անգամ որ իրան ծխելուց բռնացնես էր, ճիպոտով մատները դաղես
էր. մինչեւ հիմի էդ դաղածների հետքերը քույրիկիս մատներին կան: – Էդքանից հետո
էլի ծխում էր, հա՞: – Խեղճ քույրիկս ուզես էր թարգեր, բայց չէր ստացվելի: Ես
իրան զոռես էի, որ թարգի, բայց զինքը լացես էր, ասես էր՝ ա՛յ Օսան, կարող ա՞ չեմ
ուզելի թարգեմ էդ անտերը: Ու որ լացես էր, ավելի շատ էր ծխելի: – Թարգելը շատ
դժվար բան ա, տա՛տ,- ասացի ես: – Ջոջ-ջոջ ես խոսալի,- ասաց տատս:- Էթանք կուխնի՝
տոլմեդ լցիր եմ, մե յանից կուտես, մե յանից կխոսանք: Ես մի կողմից մորս եփած
աննման տոլման էի ըմբոշխնում, մյուս կողմից՝ Իգդիրի աննման բարբառը, ու շատ եմ ափսոսում,
որ էդ հաճույքը մեկին մեկ չեմ կարող փոխանցել ձեզ, որովհետեւ հիշողությանս ու բարբառագիտությանս
պաշարները չափազանց սահմանափակ են: Կերա, կշտացա, հետո սրճեփի մեջ մնացած սուրճը
լցրեցի բաժակիս մեջ, որովհետեւ սուրճից ու ծխախոտից դեռեւս չէի հագեցել: Էդ պահին
մեր ջուրը եկավ, ու տատս սկսեց ափսեները լվանալ: Սուրճս վերցրի ու գնացի շուշաբանդ,
որն արդեն, փաստորեն, աշխատասենյակս էր: Ճամպրուկիս ամենախորքից հանեցի բանակում
գրած բանաստեղծություններս, որոնք, բարեբախտաբար, մերոնց աչքով չէին ընկել: Ես
իմ փայլուն գրասեղանին մերձ փառահեղորեն ծխում ու փառահեղորեն ըմբոշխնում էի սուրճս
ու հերթով աչքի էի անցկացնում բանակային ոտանավորներս, որոնք արդեն ծիծաղելի էին,
ու ես դրանք վերընթերցելով ու դրանց իմաստը մասամբ միայն ըմբռնելով՝ հընթացս ջնջում
ու փոխում էի բանակում գրածս, ու ծխախոտ ծխախոտի հետեւից էի վառում ու էդպես բանակում
գրածս գրեթե բոլոր բառերն ու մտքերը ջնջեցի ու փոխեցի, որովհետեւ կյանքի ու ամեն
ինչի իմաստն ընդամենը մի գիշերվա մեջ ահագին փոխվել էր: Երբ բոլոր բառերս ու մտքերս
փոխեցի պրծա, թղթերս խցկեցի գրասեղանիս ներքեւի դարակի ամենախորքը, որպեսզի իմ էդ
գրած, ջնջած ու նորից գրած թղթերը մերոնց աչքով չընկնեն: Նայեցի ժամացույցին
ու հասկացա, որ ահագին երկար զբաղվեցի էդ բանակային ձեռագրերովս, ու էդ ընթացքում
տատս արդեն հասցրել էր ափսեները լվանալ ու ճաշասենյակը փայլեցնել, ու էդ հանգամանքը
ոչ միայն ծանրումեծ տատիս աշխատունակության ու մաքրասիրության մասին էր խոսում, այլեւ
էն մասին, որ բանակային էդ ձեռագրերիս վրա ահագին երկար էի նստել, եւ դա էն դեպքում,
երբ «Պապլավոկն» ու ընկերներս ինձ էին սպասում ու եթե չէին էլ սպասում, ես իրենց
մի ամբողջ տարի սպասել էի: Նայեցի ժամացույցին՝ ուղիղ մեկն էր, եւ տարօրինակն էն
է, որ հենց էս տողը գրելիս գրասեղանիս ժամացույցը ծլնգաց, ու հիմա՝ էս պահին էլ է
ուղիղ ժամը մեկը, ընդ որում՝ վերստին ցերեկվա մեկն է, ու եթե չեք մոռացել, սա էս
վեպիս ընթացքում էս տեսակ զուգադիպության առաջին դեպքը չի, ու էս ամենի մեջ երեւի
խորհրդավոր ու մոգական բան էլ կա, ու զուգահեռաբար պատահականության գործոնն էլ է
առկա, ու էս դեպքում պատահականության գործոնն ավելի է կարեւորվում, որովհետեւ ընդամենը
մի ամիս է, ինչ գրասեղանիս վրա ժամացույց ունեմ, ու էս ժամը մեկ ծլնգացող ժամացույցից
«Առավոտի» աղջկերքը «Առավոտի» տղամարդ աշխատողներին նվիրեցին ս.թ. փետրվարի 23-ին՝
տղամարդկանց տոնի կապակցությամբ, ու ես էդ օրը թարսի պես խմբագրություն չէի գնացել,
ու որ հաջորդ օրը խմբագրություն գնացի՝ էդ ժամացույցներն արդեն պրծել էին, բայց «Առավոտի»
Ավետիսյան Տիկոն իր փայ ժամացույցն ինձ տվեց, ասելով, որ տանը դրանից մի քանի հատ
ունի: Այսինքն, ուզում եմ ասել, որ շատ ժամանակ հենց նորին մեծություն պատահականության
շնորհիվ է որեւէ բան խորհրդանշական իմաստ ու նշանակություն ստանում, եւ եթե պատահականության
բերումով ժամանակին բանասիրական չսողոսկեի, դժվար թե երբեւէ բանաստեղծություն գրեի,
ու բանասիրականիցս էլ շուրջ երեսուն տարի անց «Արտ Բրիջ» սրճարանում պատահաբար ու
անզգուշաբար հարցազրույց տալով Իսրայելյան Աննային՝ հայտարարեցի, որ թարգում եմ բանաստեղծություն
գրելը, ու չնայած էդ լոթիությանս պահին մի քիչ խմած էի, բայց էնքան խմած չէի, որ
չհասկանայի կարեւորագույնը. եթե Աննայի ներկայությամբ լեզվիցդ որեւէ քիչ թե շատ էական
բան ես թռցրել, ուրեմն՝ էդ բանն արդեն հաջորդ իսկ առավոտ ընթերցող լայն հասարակայնության
սեփականությունն է դառնալու: Այսինքն, ինչպես որ բանաստեղծություն գրելն էի մի օր
գրազով սկսել, էդպես գրազի պես մի խոստումով էլ, փաստորեն, թարգեցի էդ անշնորհակալ
զբաղմունքս, եւ դուք արդեն գիտեք, որ ես առ էսօր տղամարդու պես էդ խոստումիս տեր
եմ, ու էդ առումով, իհարկե, ես ձեզանից շատ ավելի ինֆորմացված եմ, քանի որ հարյուր
տոկոսով գիտեմ, որ պոեզիան թարգելու մասին էդ հրապարակային հայտարարությունիցս էս
կողմ՝ առ էս պահը որեւէ հանգավոր բան չեմ բստրել: Այսինքն՝
այն, ինչ չհաջողվեց Լուսին մոքիրին ու ինձ ծխելը թարգելու առումով, բանաստեղծությունը
թարգելու առումով ինձ մոտ ամեն ինչ միանգամայն թեթեւ ու հեշտ ստացվեց, ու եթե ծխելը
թարգելուց հետո ոմանք լնդերի ու ատամների հետ կապված որոշակի խնդիրներ ու բարդություններ
են ունենում, ես բանաստեղծությունը թարգելուց հետո որեւէ խնդիր կամ բարդություն չեմ
ունեցել, ու եթե բանաստեղծությունը թարգելուց հետո որեւէ փոփոխություն զգացել եմ
էլ, ապա դա էնպիսի զգացողություն է եղել, ինչպիսին ունենում է մարդ արարածը բուժման
որոշակի կուրս անցնելուց հետո: Այսինքն՝ ես, ոտանավորը թարգելով ու ծխելը չթարգելով,
ինձ միանգամայն նորմալ ու միանգամայն առողջ եմ զգում, ինչպես որ՝ իրենց միանգամայն
առողջ ու նորմալ են զգում երբեւէ ոտանավոր չգրած մյուսներն ու երբեւէ չծխած միլիոնավորները,
ինչպես նաեւ նրանք՝ ովքեր հետեւողականորեն շարունակում են ծխել կամ ոտանավորներ գրել,
ինչպես նաեւ նրանք՝ ովքեր էդ, ուրեմն, երկու գործը միաժամանակ են անում, ու չնայած
բժշկությունն ու ծխախոտատուփերի վրայի գրությունները հակառակն են փորձում ապացուցել,
բայց ես կարող եմ վկայել, որ մեր Լուսին մոքիրը շուրջ ութսուն տարի ծխելով՝ ոչ միայն
Օսան տատիցս երկար ապրեց, այլեւ իր երկար ու ձիգ կյանքում առողջական որեւէ խնդիր
էլ չունեցավ, էլ չասած, որ տատիցս շատ էլ ժառանգներ ունեցավ, ու իր հինգ ժառանգներն
էլ առողջ ու նորմալ մարդիկ են ու առ էսօր էլ կան՝ էրեխեքով ու թոռներով հանդերձ:
Մինչ ես բանակում գրածս բառերն ու մտքերն էի փոխում, էդ ընթացքում տատս արդեն
հասցրել էր ափսեներն ու ամեն ինչը լվանալ ու փայլեցնել եւ արդեն ճաշասենյակի մեր
նոր բազկաթոռներից մեկի մեջ ընկղմված՝ դանթում էր, ու ես մեր արդեն փայլեցված ճաշասենյակը
վերազննելով՝ հասկացա, որ ինձ միանգամայն նոր կյանքի պիտի վարժեցնեմ, մանավանդ որ՝
էդ առումով մայրս իրենից կախված ամեն ինչ արել էր, ու մեր ճաշասենյակի մյուս՝ դատարկ
բազկաթոռին իմ նոփնոր շորերն էին՝ ջինսս, վերնաշապիկս, կաշվե պլպլան բաճկոնս ու պլպլան
կոշիկներս, ու էդ ամենը համահունչ էին մոդայի ամենավերջին ճիչերին, ու էդ ամենն իմ
ճաշակին միանգամայն բռնում էին, եւ դա նշանակում էր, որ էդ գնումների ընտրության
հարցում հատկապես քրոջս մատն է խառը եղել, ու երբ ես դրանք հագա ու կերպարանափոխվեցի,
նոր միայն հասկացա, որ անմիջապես պիտի սլանամ «Պապլավոկ» ու պիտի տեսնեմ տղերքին:
Ես էդ ամենն արագ-արագ հագա ու երբ նայեցի մեր միջանցքի հայելուն, ինքս ինձ հազիվ
ճանաչեցի, եւ հիմա, երբ հիշում ու մտքիս մեջ վերականգնում եմ էդ օրվա անթերի հագուկապս
ու հատկապես մեր անթերի վերանորոգված բնակարանը, վերջնականապես եմ համոզվում, որ
ծնողներս իրենց էրեխեքի՝ իմ ու քրոջս վրա անհամեմատ ավելի ամագ են ունեցել, քան՝
ես հիմա իմոնց վրա ունեմ, ու էդ բանն էս պահին հատկապես եմ գիտակցում, որովհետեւ
էս պահին, երբ հիշում ու գրի եմ առնում էս ամենը, կինս ու աղջկերքս նորանոր չուլուփալասներ
են քամում ու փռում մեր խոհանոցի լվացարանի խողովակների տակ, որ չլինի թե՝ մեր տան
ջրերը չռռան մեր տակի հարեւանների գլխին: Ինչեւէ. ես տատիս արթնացրի ու ասացի,
որ գնում եմ, եւ տատս ավելորդ հարցեր չտվեց, որովհետեւ աչքերն իրենք իրենց նորից
փակվեցին: Ես զինվորական շալվարիս գրպանների փողերն ու մերոնց թողած տասանոցը լցրի
ջինսիս գրպաններն ու տնից դուրս թռա: Կրիվոյով իջա ու առաջին մարդը, որին ճանապարհին
հանդիպեցի, նկարիչ Վահրամն էր, որի հետ ժամանակին ընկերություն էի արել, բայց հետո
մեր հարաբերությունները շատ էին սառել, ու չնայած երկուսս էլ կրիվոյցի էինք, բայց
արդեն հազվադեպ էինք տեսնում իրար, ու երեւի մեր հարաբերությունների սառեցման հարցում
երկուսս էլ անմեղ էինք, ու էդ հանգամանքը նաեւ ընթերցողներիցս ամենատեղեկացվածները
կհաստատեն, որովհետեւ ժամանակին էդ մասին մանրամասն գրել եմ (տես՝ Արմեն Շեկոյան,
«Մետաքսի ճանապարհը», էջ 149), եւ երբ Վահրամն ինձ տեսավ, բարեւեց ու հարցրեց. –
Արմե՞ն, էս վերջերս խի՞ արվեստանոց չես գալի: – Ժամանակ չեմ ունենում,- ասացի
ես: – Առաջ ունենում էիր,- ասաց Վահրամը: Ես Վահրամին չասացի, որ մի ամբողջ
տարի բանակում եմ եղել, որովհետեւ չէի ուզում, որ մեր խոսակցությունը երկարի ու խորանա,
բայցեւ ստիպված էի իր հետ մինչեւ «Ռոսիա» իջնել, որովհետեւ էն ժամանակվա Կրիվոյը
շատ նեղ փողոց էր, ու մինչեւ «Ռոսիա» ինձ փախուստի ոչ մի հնարավորություն չէր կարող
տալ: Երբ Կրիվոյից դուրս եկանք, մեր դեմ դուրս եկան բազում կարմիրդրոշակավորների
խմբեր, եւ երբ Վահրամին զարմացած հարցրի, թե դրանք ի՞նչ դրոշակավորներ են, Վահրամն
ասաց. – Էրեւում ա կյանքից հետ ես մնացել, ախպեր: Չգիտե՞ս, որ էսօր ողջ առաջադեմ
հայությունը Հայաստանի սովետականացման հիսունհինգ ամյակն ա նշում: Յոթանասունհինգ
թվականի նոյեմբերի քսանինն էր, ու ես մեր Մանկավարժականի բարձրահարկ կորպուսի մոտ
Վահրամին հաջողություն մաղթելով՝ ինձ գցեցի թիվ 2 տրամվայը, որը կինո «Նաիրի» ու
«Պապլավոկ» տանող ամենահարմար փոխադրամիջոցն էր: Պոլիտեխնիկի կանգառում տրամվայից
իջա, որովհետեւ նախկինում հազար անգամ ստուգել ու համոզվել էի, որ մինչեւ թիվ 2 տրամվայը
Պոնչիկանոցից թեքվելով՝ հասնում էր կինո «Նաիրի» ու հետո «Պապլավոկ», ես Տերյանով
ու Պետհրատի մայթով ավելի շուտ էի «Պապլավոկ» հասնում: Ես Պետհրատի մայթով իջա, Մամուլի
կոմիտեի շենքից հետո անմիջապես աջ թեքվեցի ու «Պապլավոկին» մոտեցա էն ժամանակվա «Գարունի»
ու Մյասնիկյանի շրջկոմի մոտով, որովհետեւ էդպես ճանապարհն անհամեմատ կարճ էր, եւ
երբ «Գարունի» ու Մյասնիկյանի շրջկոմի աստիճանների մոտից նայեցի «Պապլավոկի» կողմը,
աչքերս շաղվեցին, ու ինձ թվաց՝ «Պապլավոկն» ամբողջությամբ ողողված է ծաղիկներով,
ու որ մի քիչ էլ առաջացա, արդեն վերջնականապես համոզվեցի, որ իսկապես ծաղիկներ են՝
հիմնականում կարմիր ու սպիտակ, եւ «Պապլավոկի» մեջ ու շուրջ ահագին ժողովուրդ էր
հավաքված, ու հավաքվածների մեջ ահագին ծանոթ մարդիկ կային՝ հիմնականում բանաստեղծներ
ու գրողներ, ավելի ճիշտ՝ էն ժամանակվա, էսպես ասած, գրական օպոզիցիան, ու առաջինը
Ալեքյան Բագրատին, Էդոյանին, Հովհաննես Գրիգորյանին ու Հավատացյալ Խորենին հեռվից
տեսա, ու էլի լիքը ծանոթ մարդիկ կային, ու որ ավելի առաջացա, «Պապլավոկի» հենց կենտրոնում
ծաղկաշատ մի դագաղ տեսա, ու դագաղից աջ՝ Ֆիլյան Ռուբոն էր Դրամատիկի դերասաններից
Թորոսի կողքին կանգնած, եւ երբ Ռուբոյին մոտեցա ու ձեռքը սեղմեցի, Ռուբոն զարմացած
ինձ նայեց ու ասաց՝ «Էս ե՞րբ ես էկել», ու ես Ռուբոյի ձեռքը սեղմելով ասացի՝ «էրեկ
իրիկուն», ու էդ ասելիս՝ ես Ռուբոյի ձեռքը շատ պինդ սեղմեցի, որպեսզի համոզվեմ, որ
երազի մեջ չեմ, ու երբ արդեն համոզվել էի, Ռուբոյին հարցրի՝ «էս ո՞վ ա մահացել»,
ու էդ պահին էդ բանը չէի կարող չհարցնել, որովհետեւ ծաղիկներն ու հավաքվածները ծածկել
էին տեսադաշտս, ու էդ պահին Հավատացյալ Խորենն իմ կողքին էր, ու երբ Ռուբոյին հարցրի՝
«էս ո՞վ ա մահացել», Հավատացյալ Խորենն ինձ պատասխանեց ու ասաց՝ «Չիլոն՝ Սլավիկ Չիլոյանը,
չես ճանաչո՞ւմ», եւ ես ասացի՝ «ո՞նց չեմ ճանաչում», չնայած Չիլոյի հետ ընդամենը մի
անգամ էի սեղան նստել, ու ես արդեն Չիլոյի սեւ պրոֆիլը մարդկանց ու ծաղիկների արանքներից
գտնելով, Խորենին հարցրի՝ «ինչի՞ց ա մահացել», եւ Խորենն ասաց՝ «էս վերեւից հետեւանց
գլխի վրա ընկել ա ցածի ասֆալտին», եւ երբ ես հարցրի՝ «ո՞նց ա ընկել», Խորենն ասաց՝
«էս վերեւի սեղաններից մեկի մոտ նստած ճոճվել ա ու հետ-հետ գնալով՝ մեջքի ու գլխի
վրա ընկել ա էս լճափի ասֆալտին», եւ երբ Հավատացյալ Խորենն էդ բանն ասաց, Դավիթ Հովհաննեսը
շրջվեց մեր կողմն ու բարձրաձայն ասաց՝ «տղերք, չեք զգո՞ւմ, որ շատ բարձր եք խոսում.
չեք հասկանո՞ւմ, որ մարդ ա մահացել», ու էդ պահին Ֆիլյան Ռուբոն ասաց՝ «Դավիթը ճիշտ
ա ասում. կամա՛ց խոսացեք», ու էդ պահին Դավիթը դարձյալ շրջվեց դեպի մեզ ու ասաց՝
«շատ մեծ մարդ ա մահացել», ու էդ պահին ինձ մոտեցավ Ալեքյան Բագրատը, ու ես Բագրատի
ձեռքն էլ շատ պինդ սեղմեցի եւ երբ վերստին համոզվեցի, որ երազում չեմ, Բագրատին հարցրի՝
«ո՞նց ես», ու Բագրատն ապշահար ինձ նայելով ասաց՝ «ո՞նց պիտի ըլնեմ», եւ երբ ես վերստին
Չիլոյի պրոֆիլին նայեցի, «Պապլավոկի» մեր առաջին ու վերջին հանդիպումը հիշեցի ու
նաեւ հիշեցի, որ երբ մեր էդ միակ հանդիպման ժամանակ սրճարանի հավաքարարը մեր լիքը
մոխրամանը ցելոֆանի մեջ դատարկելով ու քթի տակ փնթփնթալով ասաց՝ «առավոտից վեր են
ընկած. բանուգործ չունեն», Չիլոն ասաց՝ «տղե՛րք, էս կաֆեն մի օր որ քանդեն, մեզ ըստեղից
տուն են տալու», ու նաեւ հիշում եմ, որ երբ մեզ ծանոթացրին, ինքն ասաց՝ «կյանքումս
առաջին անգամ եմ ժարգոնով խոսացող բանաստեղծ տենում», եւ քանի որ մեր էդ հանդիպումից
հետո Չիլոն էդպես էլ իմ անունը չհիշեց, էստեղ-էնտեղ ինձ հիշելիս իմ մասին ասում էր՝
«էն ժարգոնով խոսացող բանաստեղծը», ու ամենատարօրինակն էն է, որ ես չեմ հիշում՝ Չիլոն
մաքուր գրականո՞վ էր խոսում, թե՞ ինձնից բեթար ժարգոնով, ու մինչ Չիլոյի դեմքին նայելով՝
փորձում էի մտապատկերիս մեջ վերակենդանացնել իրեն, տղերքից մի քանիսը մոտեցան դագաղին,
բարձրացրին, մի քանի անգամ պտտեցրին եւ դագաղը դրեցին բեռնատարի վրա, ու բեռնատարի
թափքին առաջինը Գեւորգյան Սամոն հայտնվեց, եւ Սամոյից հետո՝ Բագրատն ու մյուսները,
եւ երբ բեռնատարը դանդաղ ընթացքով շարժվեց, բեռնատարի հետեւից թափորը դանդաղ առաջացավ,
ու ես թափորի կողքից մայթով ու Հավատացյալ Խորենի կողքով գնում էի ու Խորենին չհարցրի՝
ինչո՞ւ են Չիլոյին «Պապլավոկից» վերցնում, որովհետեւ գիտեի, որ Չիլոն անտուն ու անօթեւան
է, ու էդ ողջ տեսարանն էնքան խորհրդավոր էր, որ ես ու Խորենը մերթընդմերթ սարսափահար
իրար էինք նայում ու շարունակում էինք դանդաղ ու կողքանց դագաղի հետեւից առաջանալ,
ու էդ պահին մեկը հետեւիցս ուսիս թփթփացրեց, ու շրջվեցի տեսա՝ իմ ընկեր Սերգեյն է,
եւ երբ Սերգեյն ինձ հարցրեց՝ «էս ե՞րբ ես էկել», եւ երբ պատասխանեցի՝ «էրեկ իրիկուն»,
եւ երբ Խորենն ինձ հարցրեց՝ «քաղաքում չէի՞ր, Արմեն», եւ երբ իրեն պատասխանեցի՝ «չէ»,
Հավատացյալ Խորենն ասաց. «Ես էլ ասում եմ՝ էս Արմենն ո՞ւր ա. մի շաբաթից ավել կըլնի՝
աչքովս չես ընկել»: Վերջ առաջին գրքի Շարունակությունը՝

Գիրք
երկրորդ
Գլուխ
առաջին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել