Այսպիսի
«յուրահատուկ» տարածքում է տեղակայված «Նուբարաշենի դոմիկներ» թաղամասը Նուբարաշենի
խոզաբուծական ֆերման 1970-ականների վերջին իր աշխատողներին հատկացրել է ժամանակավոր
այս կացարանները, իսկ 94-ի վերջում՝ լուծարվելուց հետո, «դոմիկները» նվիրել նրանց:
Բնակիչներն էլ տնակները երեսպատել են քարով, մեծացրել դրանք, թեպետ այդպես էլ չեն
ստացել սեփականության կամ օգտագործման իրավունքի այլ փաստաթղթեր: Այժմ թաղամասում
ապրում է շուրջ 34 ընտանիք: «Նուբարաշենի դոմիկները» պաշտոնյաները հիշում
են ընտրությունից ընտրություն եւ, ինչպես սովորաբար լինում է՝ իրենց անելիքը սկսում
եւ ավարտում են խոստումներով: Միայն համայնքի 22 տարվա ղեկավար Ռուբեն Ասատրյանն
է ժամանակ առ ժամանակ օգնություն տալիս՝ հին շոր ու կոշիկ, դպրոց տանող ավտոբուսի
մեկամսյա գումարը: Այս ընտրություններից առաջ էլ ասֆալտապատվել է Նուբարաշենի խճուղուց
դեպի «դոմիկներ» տանող շուրջ 2 կմ ճանապարհը, բայց տրանսպորտի խնդիրը չի լուծվել:
Դպրոց երեխաները գնում են հատուկ ավտոբուսով՝ օրական վճարելով 100 դրամ: Հենց նույն՝
տրանսպորտ չունենալու պատճառով բնակիչները չեն կարողանում օգտվել շուկաներից կամ
խանութներից: Ճիշտ է, ամեն օր հաց բերող մեքենա է գալիս, բայց ով չհասցրեց՝ պետք
է գնի վերավաճառողներից՝ կրկնակի թանկ գնով: Ի դեպ, սուրճ, ծխախոտ եւ առաջին անհրաժեշտության
այլ ապրանքներ նույնպես բնակիչները ստիպված են գնել վերավաճառողների պարտադրած թանկ
գներով՝ ընտրություն չկա: Մի քանի տարի է, ինչ ավանում ջրամատակարարում կա,
բայց ջրահեռացման գծերի անցկացման մասին ջրմուղը մոռացել է: Մարդիկ կեղտաջրերի, ինչպես
նաեւ՝ զուգարանի համար հողամասում փոս են փորում ու ամբարում դրանք: Թաղամասը չունի
նաեւ հեռախոս՝ հիվանդի համար ոչ թե շտապօգնություն են կանչում, այլ մեքենա ունեցողներին
խնդրելով՝ հասցնում են հիվանդանոց: Արտակարգ այլ դեպքերի մասին էլ չենք խոսում: Այս
տարրական պայմանների բացակայությունից հետո բնակիչները խոսեցին նաեւ գազամատակարարման
մասին, բայց՝ երազանքով. «Գազի գրասենյակը կողքներս է, հոտից խեղդվում ենք, բայց
մեզ գազ չեն տալիս, ասում են՝ սպասեք»: Բույրերի մյուս «փունջը» գալիս է տարիներ
առաջ սեփականաշնորհված եւ հիմա ակտիվ աշխատող խոզաբուծարանից: Սակայն թաղամասում
ամենահատկանշականը Նուբարաշենի աղբանոցից եկող գարշահոտն է, ինչից փրկություն չկա
նույնիսկ տներում: Բայց աղբանոցի նկատմամբ բնակիչները թշնամանք չունեն՝ դա իրենց
միակ աշխատատեղն է, ապրուստի հարց լուծողը: Վերջին տարիներին թաղամասում ձեւավորվել
են ապակե եւ պոլիէթիլենային շշերի, ցելոֆանի, մետաղե տարաների եւ այլ «մոնոպոլիաներ»:
Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ղեկավարն ու կազմակերպիչը: Մեխանիզմն այսպիսին է.
բնակիչների մի մասը, հիմնականում տղամարդիկ ու տղա երեխաները, աղբանոցից հավաքում
են ապրանքը, նրանց կանայք լվանում են հավաքածն ու ցածր գումարով հանձնում «գլխավորին»:
Վերջինս էլ տանում է քաղաք ու ավելի թանկ հանձնում միայն իրեն հայտնի ընդունող կետերին:
Յուրաքանչյուրն այստեղ իր աշխատանքի տեղը գտել է՝ ըստ իր հնարավորությունների: Ավելի
«պուզատիները», բնականաբար՝ «ընդունողներն» են, որոնք մեքենա ունեն եւ կապեր՝ ապրանքն
իրացնելու համար: «Ռամիկ» խավի մեջ մտնում է թաղամասի հիմնական մասը: Երբ նրանց հարցրինք,
թե ինչո՞վ կզբաղվեն, երբ ինչ-որ ժամանակ աղբանոցը վերացվի եւ տեղում վերամշակման
գործարան կառուցվի, նրանք այդ տեղեկությունից միայն ուրախացան՝ «կաշխատենք գործարանում,
ոչ թե ամառ-ձմեռ աղբ կքչփորենք»: Ընդհանրապես տեղի բնակիչների մեծ մասը, արդեն
հաշտ վիճակին, չէր էլ ուզում խոսել իր խնդիրների մասին: Ավելին, նրանք թշնամանքով
վերաբերվեցին մեր այցին եւ թաղամասի «հմայքները» մեզ ներկայացնող իրենց հարեւան Կարինե
Մելքումյանին: Թերեւս վախենում էին, որ ինչ-որ մարդիկ կհետաքրքրվեն իրենց «բիզնեսով»
ու կկտրեն ապրուստի այդ միջոցից էլ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ