Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձարկում՝ աշխատակցի վրա

Սեպտեմբեր 17,2005 00:00

Փորձարկում՝
աշխատակցի վրա Կառավարության թիվ 1170- Ն որոշումն ընդունողների
պատկերացմամբ՝ այն կոչված է հնարավորինս նվազեցնելու բնակչության «գազային» ինքնագործունեությունը
եւ կանխելու դժբախտ պատահարները: Ըստ այս որոշման՝ բազմաբնակարան, բազմահարկ շենքերի
բնակիչներն իրենց տներում գազօջախ տեղադրելուց բացի, այժմ կարող են տեղադրել վառարաններ,
ջրատաքացուցիչներ (եթե դրանք համապատասխանում են գործող ստանդարտներին): Մինչ այդ՝
կառավարությունն արգելում էր բազմահարկ շենքերում նման սարքերի տեղադրումը: Երեկ
լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս որոշման եւ գազիֆիկացման բնագավառում նոր
տեխնոլոգիաների ներդրման մասին խոսեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ
Աշոտ Հովսեփյանը: Նոյեմբեր ամսից ներտնային համակարգի սպասարկման սկզբունքը կփոխվի՝
այդ աշխատանքները կկոորդինացնի «ՀայՌուսգազարդը»: Լուրջ հաջողությունների հասնելու
համար, Ա. Հովսեփյանի կարծիքով, պետք է ներգրավել «առողջ» ՍՊԸ-ների եւ նորմալ մասնագետների:
Այդ ՍՊԸ-ները պետք է համապատասխանեն «ՀայՌուսգազարդի» պահանջներին, օրինակ՝ ունենան
«լուրջ» գումար բանկային հաշվում, որ վթարների դեպքում իրենք պատասխանեն իրենց իսկ
անորակ աշխատանքի համար: Գազիֆիկացման բնագավառում Ա. Հովսեփյանի սրտով չէ
խորհրդային ժամանակներից ժառանգած անվտանգության համակարգը. «Շատ հետ ենք մնացել
այս հարցում: Անվտանգության խնդիրը պետք է լուծենք ճիշտ սարքերի օգտագործմամբ: Իսկ
մեր շուկայում գերիշխող գազի վառարանները անվտանգ չեն: Պետք է թելադրենք նոր խաղի
կանոններ»: Նրա դիտարկմամբ՝ անվտանգ կյանքը մարդկանց վրա մի քիչ թանկ կնստի, քանի
որ նոր սարքավորումներն ավելի թանկ արժեն: Պարոն Հովսեփյանը մտահոգված է նաեւ
միայնակ թոշակառուների տների գազիֆիկացման հարցով եւ այդ «ռիսկային» տներում վտանգը
կանխելու համար նա առաջարկեց տեղադրել ազդանշանային սարք, որի արժեքը 7-80 դոլար
է: Թե ինչպես պետք է վճարի թոշակառուն այդ գումարը՝ Աշոտ Հովսեփյանը պատասխանեց,
որ կմտածեն: Փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակչության բողոքները գազիֆիկացման պրոցեսից՝
արդարացի են, քանի որ, այսպես կոչված, «թիթեռնիկ» (նկատի ունի անփորձ ընկերությունները)
ՍՊԸ- ները վատորակ աշխատանքով վարկաբեկել են իրենց: «ՀայՌուսգազարդը» ներկայումս
փորձարկում է գազիֆիկացման նոր համակարգ, ըստ որի՝ երկաթե խողովակներին փոխարինելու
կգան չժանգոտող ճկուն խողովակները: Ի դեպ, այս համակարգի ներդրման առաջին փորձը կիրառվելու
է «ՀայՌուսգազարդի» լրատվության պատասխանատու Շուշանիկ Սարդարյանի տանը: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել