Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» նախարարին խաբե՞լ է

Սեպտեմբեր 17,2005 00:00

Բջջային
կապի որակը, մի գիշերում լավանալու փոխարեն, ավելի է վատացել ՀՀ տրանսպորտի
եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց,
որ ամսի 15-ից «ԱրմենՏելի» բջջային կապի որակը փոխվելու է: Նախարարին այդպես էր խոստացել
«ԱրմենՏելի» տնօրինությունը: Իսկապես, սեպտեմբերի 15-ից կապի որակը փոխվեց, բայց՝
դեպի վատը: Եթե նախկինում բջջայինի ինքնապատասխանիչները զանգողներին միայն տեղի-անտեղի
ասում էին՝ «բաժանորդն անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս»,
հիմա արդեն ինչ ասես, որ «դուրս չեն տալիս»: Մասնավորապես՝ հնչում է «համարը չի աշխատում»
բոլորովին անհասկանալի արտահայտությունը կամ մարդկային լեզվի փոխարեն լսվում են ականջը
խլացնող ինչ-ինչ «լարային տզզոցներ, գվվոցներ ու բվվոցներ»: Երեկ այս առնչությամբ
«ԱրմենՏելի» լրատվականից մեզ հայտնեցին, որ «նման բան հնարավոր չէ, ո՞նց կարող ա
ինքնապատասխանիչն ասի՝ համարը չի աշխատում»: Նրանք «վիզ չվերցրին» նաեւ, որ կապի
որակը վատացել է՝ շարունակելով պնդել ճիշտ հակառակը՝ «ամսի 15-ից որակը համեմատաբար
լավացել է»: Բաժանորդների հավաստմամբ՝ ամսի 15-ից սկսած, բջջային կապը նոր «խաղեր
է տալիս», ասենք՝ զանգում են ծանոթին, բայց կապվում են բաժանորդային բաժնի հետ: Հաճախ
ցանցը «կտրատվում» է, իսկ հեռախոսի վրա երեւացող անտենաները զուտ ձեւական բնույթ
են կրում: «Ինքնապատասխանիչն ասես շշկռված լինի, անընդհատ կրկնում է, թե ինչքան խոսելաժամանակ
է հաշվին մնացել կամ՝ որ ձեր հավաքած համարը գոյություն չունի»: Եվ հետո, ավելի է
դժվարացել հաղորդագրություններ ուղարկելը. դրանք լավագույն դեպքում հասցեատիրոջն
են հասնում 3-րդ հրամանից հետո միայն, այն էլ՝ 24 ժամ անց: Նախարարը վստահեցրել էր,
որ սեպտեմբերի 14-ի գեշերվա ընթացքում «ԱրմենՏելն» ավարտելու էր նոր ու արդիականացված
սարքավորումների տեղադրումը, որը վերացնելու էր կապի խաթարումները: Ընկերությունից
տեղեկացանք, որ, խոստացածի համաձայն, դրանք տեղադրվել են, բայց բաժանորդը բացարձակապես
տարբերություն չի զգում: Խառնվել են նաեւ ֆիքսված հեռախոսակապի գծերը: Բնակիչների
խոսքերով՝ «թեեւ բոլոր վճարները կատարված են, բայց զանգողներին ռոբոտն ասում է, թե
համարը ժամանակավորապես հնարավոր չէ կանչել, իսկ 1-2 փորձից հետո, չգիտես ինչպես,
հնարավոր է դառնում»: Նման խայտառակ որակով՝ «ԱրմենՏելը» դեռ մտադիր է բաժանորդային
հեռախոսակապի սակագները բարձրացնել. բաժանորդային վճարը 900 դրամի փոխարեն սահմանել
1200, իսկ րոպեավճարը 4 դրամի փոխարեն դարձնել 8 դրամ: Նախատեսվում է նաեւ կրճատել
անվճար հեռախոսային խոսակցությունների լիմիտը, որը ներկայումս կազմում է 360 րոպե:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել