Որեւէ
բան ցանելը, կամ անասուն պահելը անիմաստ է, իսկ բանկից վարկ վերցնելը՝ վտանգավոր
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղը Վարդենիս քաղաքից ընդամենը 3 կմ է հեռու:
Սակայն մարզպետարանի ողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն Վարդենիսի ու Վարդենիկի
վրա, իսկ համեմատաբար փոքր գյուղերում, ի հեճուկս կառավարության կողմից արձանագրված
տնտեսական աննախադեպ բարձր ցուցանիշների, դեռեւս իշխում են նախնադարյան կարգերը:
Այստեղ սեփական հողակտոր ունի գյուղացիների չնչին տոկոսը: Լուսակունքցիներին
հողակտորներ հանձնվում են հիմնականում վարձակալական հիմունքներով: Դրանք, այսպես
կոչված, «պետական ֆոնդի հողերն» են, որոնք պատկանում են մարզպետարանին, բայց մշակվում
ու պահպանվում են գյուղացու կողմից: Սա նշանակում է, որ հարկ եղած դեպքում մարզպետարանը
կարող է հրաժարվել գյուղացու ծառայություններից»: Ճիշտ է, գյուղում կան նաեւ 496
հա սեփականաշնորհված հողեր, բայց դրանք ոռոգման ջրի բացակայության պատճառով հիմնականում
չեն մշակվում: Եվ հետո, այդ հողերի մեծ մասը տնամերձ չէ, այն մշակելը գյուղացու համար
շատ դժվար է: Ինչ վերաբերում է անասնապահությանը, լուսակունքցիների համար դա նույնպես
խնդիր է, քանի որ արոտավայրերի մեծ մասը գտնվում է հեռավոր «Քեյթիյանխ» կոչվող սարի
վրա: Բացի այդ, կաթը երեւանյան շուկաներում 200-250 դրամ է, մինչդեռ իրենցից այն
մթերում են ընդամենը 70 դրամով: Եթե գյուղացիներն անգամ փորձեն կաթնամթերքը հասցնել
մայրաքաղաքի շուկա, ճանապարհածախսն էլ չեն հանի: Սարերում են գտնվում նաեւ
ցորենի եւ գարու արտերը: Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների համաձայն,
գյուղի 220 հա ցորենի արտերից պիտի հավաքվեր մոտ 265 տոննա ցորեն, սակայն գարնան
ցրտահարության պատճառով բերքի մի մասը ոչնչացվեց, իսկ կառավարության կողմից ոչ մի
փոխհատուցում չեղավ: Սա «Առավոտին» տված հարցազրույցում հաստատեց նաեւ Լուսակունքի
գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սարգսյանը: Բացի այդ, փաստորեն, լուսակունքցիների
հաշվարկները սխալ դուրս եկան: Հաշվի առնելով, որ այս տարի մեծ քանակությամբ ցորեն
էր ներկրվել հայկական շուկա, որի պատճառով հացահատիկի գներն իջել էին՝ դառնալով 60-70
դրամ, գյուղացիները հացահատիկային արտերի փոխարեն զարկ տվեցին կարտոֆիլագործությանը:
Մինչդեռ շուկայում պակաս ցածր չեն նաեւ կարտոֆիլի գները. գյուղացիների հավաստմամբ՝
իրենք կիլոգրամը 50 դրամով էլ չեն կարողանում այն իրացնել: Ս. Սարգսյանը կարտոֆիլագործության
ձախողումը մեկնաբանեց նաեւ Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող մասնավոր
ընկերությունների առկայությամբ, որոնք, այսպես ասած, «խփում» են գյուղացու գործին:
Թե ինչ պիտի ցանեն Լուսակունքի բնակիչները հաջորդ տարի, հարց է, որովհետեւ ցորենի
վրա հույս դնել այլեւս չեն պատրաստվում: Նրանց պատմելով՝ 1 հա հացահատիկ մշակելու
համար իրենք ծախսում են շուրջ 108 հազար դրամ, իսկ վաճառքն իրականացնում են ինքնարժեքից
ցածր՝ 78 հազար դրամ: Գյուղացիները վարկ վերցնելու մասին լսել անգամ չեն ուզում.
վերջերս խոզաբուծությամբ զբաղվելու համար հայաստանյան բանկերից մեկից 29% տոկոսադրույքով
եւ 1 տարվա մարման ժամկետով վարկ են վերցրել ու ընկել կրակը: Առաջին հայացքից բավականին
գայթակղիչ թվացող բանկի առաջարկներով ոգեւորվել է Լուսակունքի 62 ընտանիք ու, չկարողանալով
գումարը ժամանակին վերադարձնել, ստիպված է եղել եղած-չեղած գույքով փոխհատուցել:
Իսկ գույքը, որպես կանոն, գնահատվում է բանկի մասնագետի կողմից եւ, բնականաբար, շատ
ցածր գնով: Գյուղապետարանի աշխատակիցն արդարացավ, որ գյուղը փոքր բյուջե ունի,
որի հաշվին ոչինչ չի լինի ձեռնարկել. «Ընդամենը տալիս են 800 հազար դրամ՝ հողի հարկի
եւ 300 հազար դրամ՝ գույքահարկի համար: Իսկ կառավարության տրամադրած դոտացիաները՝
8 մլն 300 հազար դրամը, հազիվ բավարարում է միայն գյուղապետարանի աշխատակիցների,
գյուղի 2 գրադարանների աշխատողների աշխատավարձը վճարելու, մի քիչ էլ՝ մշակույթի տան
պահպանման ծախսերը հոգալու համար»: Գյուղապետարանի պաշտոնյա Սամվել Սարգսյանը
մեզ հետ զրույցում բոլորովին չհերքեց, որ գյուղում, իրոք, խնդիրները շատ-շատ են,
բայց դրանց հետ ոչ մի կերպ չկապեց գյուղապետ Խաչիկ Խաչատրյանի անգործությունը: Ընդհակառակը՝
նա անընդմեջ գովում էր «շեֆի» ծավալած ակտիվ գործունեությունն ու շեշտում գյուղում
նրա անփոխարինելիությունը: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ