Օգոստոսի 24-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի «Օազիս» սրճարանում իր մոտ եղած հրազենով կրակոցներ էր արձակել:
Շիրակի դատախազությունում նախապատրաստվել էին նյութեր այդ միջադեպի առթիվ:
«Առավոտի» (31.08.2005թ.) այս լուրին ի պատասխան՝ սեպտեմբերի 3-ին Գյումրիի քաղաքապետարանը հայտնեց, որ «այն, ինչ իրականում տեղի է ունեցել «Օազիս» սրճարանում, որեւէ կապ չունի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, քանի որ քաղաքացիական հագուստով շուրջ 80 զինվորական ոչ սթափ վիճակում վեճ են սադրել: Հարբած զինվորականներին հանդարտեցնելու նպատակով եւ այդ պահին սրճարանում գտնվող Գյումրիի քաղաքապետի խնդրանքով սրճարան են հրավիրվել քաղաքի գլխավոր զինվորական պարետ Անտոնովը, Գյումրիում տեղակայված ռազմաբազայի
գնդապետներ»:
Ինչպես նկատում եք, այդ պարզաբանման մեջ որեւէ խոսք չի եղել քաղաքապետի
կողմից զենք կիրառելու մասին:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ Վահե Միրզոյանի վարույթում է գտնվում թիվ 23621 զորամասի զինվորականների գործը:
Կարդացեք նաև
Ըստ Շիրակի դատախազության, 30-40 զինվորականներ են եղել «Օազիսում», ժամը
8-ի սահմաններում: Հրամանատար Վլադիմիր Բեսկլուբովին, նրա տեղակալ Լեոնիդ Տրոֆիմենկոյին, զինվորական պարետ Արկադի Անտոնովին, ըստ գործի նյութերի, քաղաքապետն է հրավիրել «Օազիս»:
Մեր աղբյուրի վկայմամբ, Տրոֆիմենկոն հայտարարություն է տվել, որ քաղաքապետը օդում
երկու անգամ կրակել է, չնայած, ինչպես քաղաքապետարանի աշխատակիցները, այնպես էլ քաղաքապետ Ղուկասյանը նախաքննության մարմնում ժխտել են կրակոցի փաստը եւ հայտարարել, թե վեճը կանխելու ընթացքում որեւէ կրակոց չի եղել:
Կար երկու վարկած. զինվորականները պնդում են, որ իրենք երաժշտություն են պատվիրել եւ երաժիշտները հրաժարվել են նվագել պատվիրված երաժշտությունը (վճարել էին 3-5 հազար դրամ), ինչից էլ ծագել էր վեճը:
Իսկ մեկ այլ աղբյուր ասում է, որ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ իրենք են խանգարել երաժիշտներին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ