Փշոտ
ճանապարհ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային
հարաբերությունների կոմիտեի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի
ընդունումը նշանակում է, որ խնդրո առարկա օրինագիծն արդեն կարող է ընդգրկվել Ներկայացուցիչների
պալատի լիագումար նիստի օրակարգում: Եթե դա տեղի ունենա, ու եթե ցեղասպանությունը
ճանաչվի նաեւ լիագումար նիստում, ապա, կարելի է ասել՝ կխորտակվի Հայոց ցեղասպանության
միջազգային լիարժեք ճանաչման ճանապարհին կանգնած ամենագլխավոր եւ ամենադժվարամատչելի
պատնեշը: Ենթադրելի է, որ դրանից հետո Թուրքիան այլեւս ի վիճակի չի լինի նախկին հետեւողականությամբ
մերժման քաղաքականություն վարել, քանզի այդ դեպքում կբացակայեն թուրքական քարոզչության
բուն օբյեկտները, այսինքն՝ այն երկրները, որոնց «զսպմանն» էլ, ըստ էության, նպատակամղված
է այդ քարոզչությունը: Իսկ այդ պարագայում ցեղասպանության չոր մերժման՝ Անկարայի
կեցվածքը կդառնա ինքնանպատակ եւ վնասակար հենց իր՝ Թուրքիայի համար: Ամբողջ հարցը,
սակայն, հետեւյալն է՝ կմտնի՞ արդյոք նախագիծը լիագումար նիստի օրակարգ: Նախ՝ տակավին
պարզ չէ, թե երբ է տեղի ունենալու այդ նիստը, ինչն առնվազն նշանակում է, որ թուրքական
լոբբիստները դեռեւս աշխատելու բավական ժամանակ ունեն: Իսկ որ ժամանակը նրանք հենց
այնպես չեն վատնում, արդեն ապացուցել են կոնկրետ գործերով: Այսպես. հայտնի է, որ,
մասնավորապես, վարչապետ Էրդողանի ջանքերով ԱՄՆ հրեական համայնքն իր հնարավորություններն
օգտագործելու է «ի նպաստ» Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի տապալման: Իսկ
թե ինչ հնարավորությունների է տիրապետում ԱՄՆ-ում այդ համայնքը, թերեւս լրացուցիչ
բացատրությունների կարիք չունի: Հայտնի է նաեւ Պետդեպի բուռն հակազդեցության մասին:
«Բանաձեւերը կարող են վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները եւ խանգարել Անկարա-Երեւան
երկխոսությանը»,- ասված է Պետդեպի՝ Կոնգրեսին հղած ուղերձում: Ըստ էության, բանաձեւի
վերջնական ընդունման համար նպաստավոր չէ նաեւ այն օբյեկտիվ քաղաքական ֆոնը, որի վրա
էլ ծավալվում են վերը նշված իրադարձությունները. այս պահին Վաշինգթոն-Անկարա միջպետական
հարաբերություններում առկա լարվածությունը՝ պայմանավորված ԱՄՆ-ի իրաքյան քաղաքականությամբ,
նկատելիորեն մեղմացած է, ուստի՝ Սպիտակ տան կողմից հայերի ցեղասպանության «մահակի»
գործադրման սուր անհրաժեշտություն, փաստորեն, չկա: Թվարկված հանգամանքները
բավական դժվարացնում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հետագա
զարգացումների կանխատեսումը: Մի բան միանշանակ է՝ ՀՀ իշխանությունները Հայաստանի
բնակչության ուշադրությունը ներքին սուր խնդիրներից առժամանակ շեղելու լավ հնարավորություն
են ստացել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ