Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու էր ձգտում մերժվել մարզպետի խորհրդականը

Սեպտեմբեր 17,2005 00:00

Ամենակարճ ճանապարհը Երեւանում հաշվառված քաղաքացու համար դառնալու Սիսիանի քաղաքապետի թեկնածու:

Սիսիանի քաղաքապետի ընտրություններին, գործող քաղաքապետ Լավրենտի Սարգսյանից բացի, առաջադրվել են եւս 5 թեկնածուներ՝ Արմեն Թադեւոսյանը, Հակոբ Հակոբյանը, Վահրամ Սարգսյանը, Սամվել Թանգյանը եւ Արայիկ Հարությունյանը: Վերջինս «Առավոտին» հայտնեց, որ Սյունիքի մարզպետի խորհրդական Սամվել Թանգյանը ներկայացրել էր «Ընտրական օրենսգրքին» չհամապատասխանող տեղեկանք. «Ոստիկանությունից ստացված փաստաթղթում նշված էր, թե նա Սիսիանում հաշվառված է 03.09.2004-ից»: Մինչդեռ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխության համաձայն՝ թեկնածուն տվյալ համայնքում պիտի ունենա առնվազն 2 տարվա գրանցում: Սակայն թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Թանգյանից ընդունել էր 1 տարվա գրանցման տեղեկանքը՝ ստացական տալով, թե ընդունել է 2 տարվա գրանցման մասին տեղեկանք: «Իրենց ասելով՝ թյուրիմացաբար, բայց իմ կարծիքով՝ միտումնավոր,- ասաց պրն Հարությունյանը:- Քանի որ չպետք է ընդունեին այդ փաստաթղթերը՝ հաշվի առնելով թերի լինելը, այսինքն՝ խախտվել է «Ընտրական օրենսգրքի» 123 հոդվածը»:

Սեպտեմբերի 15-ի նիստում հանձնաժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն առաջարկել էին առանց քննարկելու վերադարձնել Սամվել Թանգյանի փաստաթղթերը, սակայն հանձնաժողովի մյուս անդամները պահանջել էին կայացնել մերժման որոշում: Ընդ որում, ըստ մեր զրուցակից թեկնածուի՝ «Երբ ՄԱԿ-ի ներկայացուցիչն առաջարկեց, որ հետեւելով օրենքին՝ 48 ժամ տան, որ թեկնածուն փոխի թերի փաստաթղթերը, թեկնածուն հայտարարեց, թե ինքը փոխելու բան չունի, եւ իր հաշվարկով 2004-ից 2005 թվականը 2 տարի է: Եվ ինքն էր ամենաակտիվը, որ իրեն չգրանցեն ու շուտափույթ մերժեն»: Երեկ հանձնաժողովը կայացրել է ցանկալի որոշումը: Իսկ թե ինչու էր մարզպետի խորհրդականն այդքան ձգտում մերժվել՝ կարելի է հասկանալ Արայիկ Հարությունյանի ակնարկներից. «Մերժման որոշումը նա կբողոքարկի դատարանում: Սիսիանը փոքր քաղաք է, եւ հայտնի դարձավ, որ նախօրեին նրա թիմակիցներն արդեն իսկ փորձել են հանդիպել 1-ին ատյանի դատավորներից մեկին, որի նստավայրը Սիսիանում է, որ պայմանավորվեն, թե ինչ մեխանիզմներով են ստանալու ցանկալի վճիռը: Այն է՝ դատարանը չեղյալ կհամարի հանձնաժողովի որոշումը եւ կգրանցի թեկնածուին»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել