Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Սեպտեմբեր 16,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՆԱԼ Կարծում է Ստեփան Գրիգորյանը «Ղարաբաղի հետ կապված ինչի մասին էլ խոսեն, ինչ միջոցառում էլ կազմակերպվի՝ փաստն այն է, որ ոչ մի բանակցային գործընթաց չի գնում: Ինչ-որ հանդիպումներ են լինում, որոնց ժամանակ ինչ-որ հայտարարություններ են արվում եւ ընդամենը»,- երեկ «Ճգնաժամերի միջազգային խմբի» ներկայացուցիչների հայտարարությունների եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԼՂՀ հարցով ժամանակավոր հանձնաժողովի՝ երկուշաբթի օրը կայացած նիստի առիթով իր կարծիքը «Առավոտին» փոխանցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Վերջինիս, սակայն, մտահոգում է, որ անընդհատ խոսվում է «գրավյալ» տարածքների եւ փախստականների վերադարձի մասին: Այն, որ մեզանում այդ հարցերը հաճախ սխալ մեկնաբանություններ են ստանում, պարոն Գրիգորյանը համարում է մեր քաղաքական եւ լրատվական որակը: Մասնավորապես՝ «Ճգնաժամերի միջազգային խմբի» հայտարարությանը, որ ԼՂՀ հարցը 15-16 տարի հետո պետք է լուծվի, մեզանում դրական մեկնաբանության արժանացավ: Ստ. Գրիգորյանի կարծիքով այդ հայտարարության հիմքում հետեւյալն էր՝ «տվյալ տարածքներից հայկական զորքի դուրսբերում, փախստականների (բնականաբար՝ ադրբեջանցի, քանի որ այդ տարածքներից հայ փախստականներ չկան- Ն. Գ), վերադարձ, ապա 15-16 տարի հետո նոր առաջ կքաշվի ԼՂՀ կարգավիճակի հարցը»: Այսպիսով, մեր զրուցակիցը փաստում է, որ միջազգային ատյաններում հետզհետե հարցի վերաբերյալ ձեւավորվում է կարծր մոտեցում, որը բավականին մոտ է Ադրբեջանի դիրքորոշմանը: Դրա վառ ապացույցն է ՄԱԿ-ի հոբելյանական գագաթաժողովի օրակարգում՝ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի ընդգրկումը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Քաղաքագետը կասկած չունի, որ Միլի մեջլիսի ընտրություններից հետո Ադրբեջանն առավել կկարծրացնի իր դիրքորոշումը: Բացի վերոնշյալ երկու պահանջներից՝ այլ նախաձեռնություններ չի ցուցաբերի, բնականաբար գործի դնելով իր բոլոր լծակները միջազգային ատյանների վրա. «Եթե ադրբեջանական ընտրությունները համեմատաբար հաջող անցնեն՝ մասսայական խախտումներ չլինեն, պառլամենտ մտնեն ընդդիմադիրներ եւ միջազգային կառույցները ընդունեն այդ ընտրությունները՝ մեր վիճակն ավելի կվատանա: Ադրբեջանի նավթային գործոնին կգումարվի թեկուզ փոքր, բայց քայլը դեպի ժողովրդավարություն»,- ասում է նա: Իսկ Ադրբեջանի ժողովրդավարացման նախադրյալները մեր զրուցակիցը տեսնում է: Իբրեւ օրինակ վկայակոչելով թեկուզ այն, որ այսօր Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքները չեն ցրվում: Այս ֆոնին՝ պարոն Գրիգորյանին մտահոգում է նաեւ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 60-ամյա, հատուկ նստաշրջանում Հայաստանը ներկայացված է Սահմանադրությամբ երրորդ դեմքով՝ վարչապետով. «Խնդրում եմ չխառնեք, երբ ասում են 175 երկրների նախագահներ եւ վարչապետներ, վերջիններս այդ երկրների առաջին դեմքերն են: Այդ գագաթաժողովում պետք է քննարկվեն ՄԱԿ-ի ռեֆորմները, ՄԱԿ-ի քարտուղարության, Անվտանգության խորհրդի, չլուծված հակամարտությունների հետ կապված հարցեր, որոնք մեր շահերն էլ են շոշափում: Դրանից ավելի կարեւոր հարցեր՝ ես չեմ պատկերացնում: Դուրս մնալ գլոբալ խնդիրներից, ինքնամեկուսանալ՝ օրեցօր ուժեղացնելով ԼՂՀ հարցում ոչ հայանպաստ տենդենցը… Ինչո՞վ են զբաղված այն կեղծ հայրենասիրական ուժերը, որոնք ծովից ծով Հայաստանից են խոսում, երբ վտանգված է այս փոքրիկ հողակտորը»: Այս փուլում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չտեսնելով՝ մեր զրուցակիցը կարծում է, որ անգամ այդ գործընթացը կարող էր ի նպաստ Հայաստանի օգտագործել, եթե հիմքում դրվեր իսկապես առավել ժողովրդավարացումը. «Բայց ի՞նչ է նշանակում 60 կետից կազմված բարեփոխումների փաթեթ ներկայացնել: Ես, օրինակ, կողմ եմ օմբուդսմենի ինստիտուտի Սահմանադրության մակարդակով ամրագրմանը, բայց դեմ եմ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում հողի սեփականության իրավունքին: Ինչո՞ւ է փոփոխություններով Էջմիածնին հատուկ դեր վերապահվում: Վանու՞մ ենք այն հայերին, ովքեր այլ կրոնական ուղղությունների կողմնակից են, ավելին՝ անգամ Առաքելական եկեղեցու մյուս թեմերին ենք օտարում: Գործող Սահմանադրությամբ հատուկ դեր է տրվում Արեւմտյան Հայաստանին, փոփոխություններում 15 թվականի եւ եղեռնի մասին խոսք չկա: Բա որտե՞ղ է ՀՅԴ-ն: Կամ այն, որ պետության սահմանները ենթակա են փոփոխության, որ պետությունը չի երաշխավորում անվճար բարձրագույն կրթության իրավունքը եւ այլն: Այն, որ փաթեթով բերել ու մեր գլխին են փաթաթել այդ փոփոխությունները՝ դա ոչ մի դրական բան չի խոստանում՝ ոչ իշխանությանը, առավել եւս՝ հասարակությանը»,- ասում է Ստ. Գրիգորյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել