ԵՄԱ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈՓՈԽԵԼ Երեւանի մամուլի ակումբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ. «Մի շարք կարեւոր այլընտրանքային առաջարկություններ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել, ինչի պատճառով նախագծի առանձին դրույթներ շարունակում են լուրջ դժգոհությունների տեղիք տալ: Մասնավորապես, մեզ չեն կարող գոհացնել խոսքի ու տեղեկատվության ազատությանը վերաբերող դրույթների ձեւակերպումները: Ամենից առաջ մտահոգում են հեռարձակման բնագավառը կարգավորող մարմնի ձեւավորման՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծով սահմանվող մեխանիզմները, քանի որ դրանք հեռարձակվող լրատվամիջոցների առավելագույն ազատություն չեն ապահովում»: Ասենք, 83.2 հոդվածի համաձայն՝ «Հեռարձակող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով օրենքով ստեղծվում է անկախ մարմին, որի անդամների կեսն ընտրվում է ԱԺ-ի կողմից, իսկ կեսը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: ԵՄԱ-ն այս առնչությամբ նշում է. «Պետության կողմից ձեւավորվող մարմինները ստեղծվում են ոչ թե այս կամ այն ոլորտի ազատությունը եւ անկախությունը ապահովելու, այլ՝ բնագավառը կարգավորելու նպատակով: Այլ հարց է, որ Սահմանադրությունը պետք է այդպիսի մարմնի անկախության որոշակի հիմքեր սահմանի: Երկրորդ՝ Սահմանադրությունն այդ մարմնի կարգավորիչ գործառույթը պետք է հստակ ամրագրի: Այլապես անհասկանալի է մնում, թե ինչով այն պիտի զբաղվի. բնական է՝ ոչ հեռարձակմամբ կամ տեսաձայնային արտադրանք թողարկելով եւ ոչ էլ, ասենք, հեռարձակող ընկերությունների ներքին խնդիրներին միջամտելով: Երրորդ՝ կարգավորման օբյեկտ պետք է լինի ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հեռարձակումը: Եվ քանի որ (հակառակ ԵՄԱ եւ այլ լրագրողական կազմակերպությունների առաջարկությունների) Սահմանադրությունը նախատեսում է միայն մեկ մարմնի ձեւավորում, ապա այն պետք է կարգավորի եւ մեկը, եւ մյուսը»: Այս հիմնավորմամբ ԵՄԱ-ն առաջարկում է՝ 83.2 հոդվածը շարադրել. «Օրենքով ստեղծվում է մասնավոր եւ հանրային հեռարձակվող լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող եւ նրանց բազմազանությունն ապահովող մարմին: Այդ մարմնի անկախության ապահովման համար նրա անդամների կեսն ընտրվում է ԱԺ-ի կողմից, իսկ կեսը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: Սեփ. լր.