Վերահսկողականը չի հեռանա, մինչեւ… Թե ինչ է լինում, երբ չի հեռանում նախագահի վերահսկողական ծառայությունը՝ պատմում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Նախօրեին Մաքսային պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, թե Նախագահի վերահսկողական ծառայությունից աշխատանքային խումբ է ուղարկվելու մաքսակետ, որը չի հեռանա այնտեղից, մինչեւ չշտկվի իրավիճակը: Սա լուրջ «սպառնալիք» է, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ Նախագահի վերահսկողական ծառայության գործունեության մասին դեռեւս սահմանադրական քննարկումների ընթացքում ԱԺ ամբիոնից ազդարարեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Մեր խնդրանքով նա առավել հանգամանալից ներկայացրեց իրեն հայտնի դարձած տեղեկությունները, որոնք վերաբերում են Պետական գնումների գործակալությունում Նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրություններին. «2004-ի աշնանից նրանք ստուգումներ էին իրականացնում այս գործակալությունում: Թերություններ էին արձանագրել, ավարտել: Սակայն դեռ 3 ամիս առաջ էլ նրանք մնացել էին գործակալությունում: Երբ հայտարարվում էին 2005-ի մրցույթները՝ դրանց «յուղոտ պատառները» հիմնականում ղեկավարում եւ ուղղորդում էին Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները: Այդ կազմակերպության ղեկավարին ու աշխատակիցներին, փաստորեն, զրկել էին իրենց իրավունքներից: Երբ ես այն ժամանակ ահազանգեցի ղեկավարներից մեկին՝ ինձ պատասխանեց, թե «ի՞նչ վատ բան են անում, վերահսկում են, որ չգողանան»: Բայց եթե մարդիկ նշանակվել են ինչ-որ պաշտոնների ու նրանց կասկածում են գողության մեջ՝ թող անմիջապես հեռացնեն աշխատանքից»: Վարչապետի՝ սեպտեմբերի 5-ի որոշմամբ Գագիկ Խաչատրյանն ազատվեց Պետական գնումների գործակալության պետի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց Կենտրոն համայնքի ղեկավարի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Մեր այս հիշեցմանը Մանուկ Գասպարյանն արձագանքեց այսպես. «Ե՞րբ հեռացրեցին: Երբ արդեն 2005-ի մրցույթներն անցկացվել էին, եւ դրանց «յուղոտ պատառների» առյուծի բաժինը տվել էին իրենց ծանոթ-բարեկամներին: Համոզված եմ, քանի որ մի 3-4 մրցույթի էլ մասնակցել էին ինձ ծանոթ մարդիկ, որոնք ամենալավ պայմաններն էին առաջարկել, բայց չէին շահել: Քանի որ այդ մրցույթների հաղթողները նախապես որոշված էին, ու մինչ ամփոփումն արդեն «պատերի տակ» բոլորը նախօրոք ասում էին, թե ով է հաղթելու՝ վերահսկողական ծառայության աշխատակիցների խնամի-ծանոթ-բարեկամները կամ նրանց կողմից ուղղորդվող մարդիկ: Ուստի իրավունք ունեմ եզրակացնելու, որ Նախագահի վերահսկողական ծառայությունը կատարում է Պետական գնումների գործակալության իրացման գործառույթները, բոլոր այն մրցութային ծրագրերում, որոնք իրենց մեջ պարունակում են ինչ-որ չափով մեծ գումարներ՝ 250-700 հազար դոլարի կարգի: Հատկապես ասֆալտապատման, ճանապարհաշինության, պաշտպանության նախարարության հետ կապված գնումները հիմնականում ուղղորդվեցին վերահսկողական ծառայության կողմից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ