Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿՆ՝ ԻՍՊԱՆԱՑԻ, ԹԱՏՐՈՆԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ, ԲԵՄԱԴՐԻՉԸ՝ ՀԱՅ

Սեպտեմբեր 16,2005 00:00

Վորոնեժի
թատրոնը՝ Երեւանում Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում սեպտեմբերի
18-19-ին, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Վորոնեժի Ա. Կոլցովի անվան պետական ակադեմիական
թատրոնը կներկայացնի Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» դրաման: Հիշեցնենք,
որ այս ներկայացումը Վորոնեժի թատրոնում բեմադրել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը, որի պրեմիերան կայացել
էր 2004թ. մայիսի 29-ին: Վորոնեժցիների հյուրախաղերի առիթով երեկ մայր թատրոնում
հրավիրված էր ասուլիս: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը՝ ուղղված հյուրերին: Հարցին,
թե ինչո՞ւ վերոհիշյալ ներկայացումը Վորոնեժում բեմադրելու համար հրավիրվել է ռեժիսոր
Վահե Շահվերդյանը, թատրոնի տնօրեն Իգոր Չիժմակովը հայտնեց, որ հայ ռեժիսորի հետ իրենք
ծանոթացել են 17 տարի առաջ, Օրյոլում, որտեղ անցկացվում էր թատերական փառատոն: «Այդ
տարիներին Վահե Սուրենովիչը դեռ Կիրովականի թատրոնի գլխավոր ռեժիսորն էր: ԽՍՀՄ-ի
ոչ կայուն վիճակն էր, որ այսքան ձգձգվեց Շահվերդյանի հրավերը Վորոնեժ: Նշեմ, որ ձեր
հայ ռեժիսորի աշխատանքը անցյալ տարի, մեզ մոտ անցկացվող թատերական փառատոնային մրցույթում
արժանացել է մրցանակի՝ «Լավագույն բեմադրիչ եւ ներկայացում» անվանակարգում»,- ասաց
տնօրենը: Հետաքրքրությանը՝ օրինակ, Հայաստանում գործող Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների
(ՊՈԱԿ) մասին օրենքի համաձայն, տնօրենը կարող է հեռացնել եւ ընդունել գեղարվեստական
ղեկավարին եւ գլխավոր ռեժիսորին, ձեզ մոտ ինչպես է կարգը: Պրն Չիժմակովը պատասխանեց.
«Առաջին անգամ եմ լսում, որ տնօրենը իր քմահաճությամբ լուծի գեղղեկավարի ու ռեժիսորի
հարցը: Դա իմ գլխում չի տեղավորվում: Մեզ մոտ այդ հարցը կարող է լուծել միայն վերադասը:
Ասեմ նաեւ, որ ես եւ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը աշխատում ենք պայմանագրով»:
ՌԴ-ում կարծես մշտապես ուշադրության կենտրոնում են միայն մայրաքաղաքային թատրոնները,
օրինակ՝ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի: Դա չի՞ խոսում այն մասին, որ ձեր մարզային
թատրոնները, մեղմ ասած՝ պետական հովանավորությունից ու աջակցությունից այնքան էլ
չեն օգտվում: Այս հարցին տնօրենը պատասխանեց. «1802թ. հիմնադրված մեր թատրոնը այդ
տարիներից արդեն եղել է Ռուսաստանի չորս կողմերը կապող մի հանգույց: Բավական է նշել
Միխայիլ Շչեպկին, Մաչալով, Շունսկի, Սադովսկի, Դոլմատով, Երմոլովա, Կոմիսարժեւսկայա
եւ այլ հայտնի անուններ, որոնք եղել են ոչ միայն մեր, այլեւ ռուսական թատրոնի սյուները:
Հետագայում նրանցից շատերն աշխատել են, ձեր խոսքով ասած՝ մայրաքաղաքային թատրոններում:
Ի դեպ, առաջին անգամ Լենին պապիկի կերպարը 1937-ին բեմ է բարձրացել մեր թատրոնում:
Ինչ վերաբերում է պետության ուշադրությանը, ապա տեղեկացնեմ, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը՝
թատրոնն ապրում էր անհոգ: Նոր Ռուսաստանում, մասնավորապես մեր մարզում, 1992-ից փոքր-ինչ
այլ է պատկերը: Նշեմ միայն հանրահայտ «ԻԼ-96» ինքնաթիռներ արտադրող եւ այլ խոշոր
գործարանների փակման փաստը, պարզ կլինի, որ այո, կան դժվարություններ, հուսով ենք՝
ժամանակավոր: Այսինքն՝ դոտացիաներով ապրող ժողովուրդ ենք»: Երեւանում կայանալիք
ներկայացման գլխավոր հերոսուհու դերը մարմնավորող ՌԴ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա
Կրավցովային խնդրեցինք պատասխանել մեկ հարցի՝ ինչպե՞ս կայացավ իր եւ հայ ռեժիսորի
համատեղ աշխատանքը: «Որպես ռեժիսոր, կարծում եմ, հարկ չկա հայերիդ ներկայացնել Վահե
Սուրենովիչին: Չեմ թաքցնի, հաճելի էր աշխատել նրա հետ նաեւ զուտ որպես տղամարդու»,-
նշեց դերասանուհին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել