Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀ Է ՆԱԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ

Սեպտեմբեր 16,2005 00:00

ԿԳՆ-ին
հանձնարարական է տրված՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կառավարության հաստատմանը ներկայացնել
կառավարության հաստատած՝ բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգից բխող կանոնադրական
փոփոխությունների մասին առաջարկություններ։ Այս հանձնարարականը ԿԳՆ-ն պետք
է ապահովի բուհերի հետ։ Մինչեւ սեպտեմբերի վերջ բուհերը պարտավոր են նաեւ վերջնական
տեսքի բերել կանոնադրությունները եւ ուղարկել նախարարություն: Իր կանոնադրական փոփոխությունները
ներկայացրել է արդեն 7 բուհ՝ Ճարտարագիտական համալսարանը, Գյուղակադեմիան, Բժշկականը,
Մանկավարժականը, Ֆիզկուլտինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան եւ Գյումրիի Մ. Նալբանդյանի
անվան մանկավարժական ինստիտուտը։ Մյուս հանձնարարականը կլինի՝ ներկայացնել
պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից առաջադրվող թեկնածությունները։ Մինչ
այդ, սակայն, բուհերը դեռեւս շարունակում են դժգոհություններ հայտնել կառավարության
չարաբաստիկ որոշումից: ԵՊՀ-ն նամակ է հղել վարչապետին՝ մատնանշելով իր կարծիքով առկա
հակասությունները՝ որոշման եւ մի շարք օրենքների միջեւ (դրանց մենք արդեն անդրադարձել
ենք), եւ սպասում է վարչապետի պատասխանին՝ հույսով, որ վարչապետը կհասկանա իրենց
եւ փոփոխություններ կմտցնի հատկապես այն կետերում, որոնք վերաբերում են խորհրդի ձեւավորման
բաղադրիչների համամասնությանը: Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր
Կիրակոսյանը եւս դեմ է կառավարության որոշմանը եւ հատկապես՝ բաղադրիչների համամասնության
սկզբունքին: Մեզ հետ զրույցում պրն Կիրակոսյանը նշեց, որ բուհի խորհուրդը դիմել է
ԿԳՆ եւ կառավարություն՝ առաջարկով, որ խորհրդի ձեւավորման հարցում ընդառաջեն իրենց՝
փոփոխություններ կատարելով եւ ընտրելով 50+20 տարբերակը՝ 50 տոկոս հատկացնելով բուհի
պրոֆեսորադասախոսական կազմին, 20 տոկոս՝ ուսանողությանը: (Հիշեցնենք, որ կառավարության
հաստատած կարգում 25+25 հատկացված է բուհին, 25 տոկոսը կառավարության թեկնածուներին՝
պաշտոնյաներին, եւ 25 տոկոսը՝ ԿԳՆ թեկնածուներին՝ ոլորտի ճանաչված անձանց): Գրիգոր
Կիրակոսյանը կարծում է, որ «պրոֆեսորադասախոսական կազմն է միայն տիրապետում բուհի
խնդիրներին, որակի բարելավման ուղիներին: Իսկ հիմա հայտնի չէ, թե ով պետք է լինի
այդ կազմում: Ով էլ լինի՝ բուհի կառավարման համակարգին չի տիրապետի, դրան տիրապետում
է միայն բուհի 30-40 տարվա աշխատողը»: Պրն Կիրակոսյանը եւս, ինչպես ԵՊՀ ներկայացուցիչը՝
մեր նախորդ հրապարակումներում, պնդում է, որ բուհերի ռեկտորների հետ, մինչեւ որոշում
կայացնելն ու այն վավերացնելը, քննարկում չի եղել: Ավելի վաղ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը
մեզ հետ զրույցում ասել էր, որ ԵՊՀ-ում կայացած ռեկտորների խորհրդի նիստում քննարկումներ
են եղել, նաեւ՝ կապված խորհրդի կազմի բաղադրիչների ձեւավորման հետ: «Այդ նիստում
ասվել է, որ այսօր այդ հարցը չի քննարկվելու»,- ասում է Գր. Կիրակոսյանը: Գր.
Կիրակոսյանը նաեւ անդրադարձավ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին»
ՀՀ օրենքին, ըստ որի՝ թոշակի տարիքի ռեկտորները վաղուց արդեն պետք է թողած լինեին
իրենց աթոռները: Պրն Կիրակոսյանը մեջբերում է օրենքի 2002թ. լրամշակված տարբերակը,
ըստ որի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն
իրականացվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
Այս լրացումը կատարվել է 2002թ. հունիսին: «Իսկ «Կրթության մասին» օրենքում տարիքային
որեւէ սահմանափակում չի նշվում»,- ասում է ռեկտորը: Սակայն պրն Կիրակոսյանն անտեսում
է 2004 թ. կատարված՝ օրենքի մեկ այլ լրացում, որն էլ գուժում է. «Գործադիր մարմնի
պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ,
եթե լրացել է նրա 65 տարին…»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ.
Գ. Այսուամենայնիվ, երեկ կառավարության նիստը նախագահող Ռ. Քոչարյանը մեկ անգամ եւս
հավանություն տվեց բուհական խորհուրդների կազմում դասախոսների հետ՝ համակարգերի ներկայացուցիչներին,
կառավարության անդամներին, տարբեր ոլորտների պաշտոնյաներին հավասարաչափ տեղ տալուն:
Իսկ կառավարության ճեպազրույցում ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այս մասին ասաց. «Ես
շատ նախարարներ գիտեմ, որոնք այսօր արդեն խորհրդի անդամներ են: Օրինակ՝ Կարեն Ճշմարիտյանը
տնտեսագիտական համալսարանի բուհական խորհրդի անդամ է: Գործնականում՝ այդ կազմում
բուհը ներկայացված էր կեսից էլ պակաս: Մենք ուղղակի երկու կողմերը հավասարեցրինք:
Բայց վստահեցնում եմ, որ անդամության համար պատահական ու համակարգից չհասկացող մարդիկ
չենք ներկայացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել