Առաջարկում է Շավարշ Քոչարյանը
Սեպտեմբերի 12-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովի նիստից որոշ լրացուցիչ մանրամասներ ներկայացնելով՝ երեկ հրավիրված ասուլիսում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ որոշակի առաջընթաց կա ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնման հարցում:
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այսօր առաջարկվող լուծումներն ավելի լավն են, քան այն, ինչ առաջարկվում էր 97-ին, սակայն որակելով այսօրվանը որպես փաթեթային լուծում՝ ասվեց նաեւ, որ այն իր մեջ ներառում է նաեւ փուլային լուծումները. «Հիշեցնեմ 97 թիվը, արտաքուստ կա նմանություն, բայց կա էական տարբերություն: Այն, ինչ առաջարկվում էր 97-ին, հետեւյալն էր՝ իրականացնել այս նույն քայլերը, իսկ կարգավիճակի հարցում հետո բանակցել: Ոչ թե ի սկզբանե ֆիքսել ինքնորոշման իրավունքը, այլ՝ հետո»:
Որպես արձանագրված կարեւոր իրողություն՝ Շավարշ Քոչարյանը առանձնացրեց այն, որ ելույթներում խոսվել է այն մասին, թե Ղարաբաղը չի կարող լինել անկլավ եւ պետք է կապ ունենա Հայաստանի հետ: Կարեւորվել է նաեւ շփման գծում բաժանարար ուժերի առկայության անհրաժեշտությունը, ինչի մասին խոսել էր Անջեյ Կասպրշիկը: Այնուամենայնիվ, այս լուծումը պարունակում է նաեւ որոշ վտանգներ, մասնավորապես այն, որ սա փաթեթային լուծում է, որն առաջարկվում է իրագործել փուլ առ փուլ. սկզբից վերադարձնում ենք անվտանգության գոտի հանդիսացող տարածքները, լուծվում է փախստականների՝ խորհրդային տարիներին այդ տարածքներում ապրող մարդկանց վերադարձի խնդիրը, ապա տարիներ անց, հստակ ժամկետ չի նշվում, իրականացվում է հանրաքվե: «Այս ամենը հիանալի լուծում կլիներ, եթե մենք գործ ունենայինք ժողովրդավարական Ադրբեջանի հետ»,- ասել են հայ պատվիրակները եւ հիշեցրել Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները, ռազմական ծախսերի կրկնակի ավելացումը եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կոչը երիտասարդներին՝ օրինակ վերցնել մարդասպան Ռամիլ Սաֆարովից: Ի պատասխան Դեյվիդ Աթկինսոնի այն «մխիթարությանը», որ Ադրբեջանի կողմից խնդրի ռազմական լուծման դեպքում նա դուրս կմնա ԵԽ-ից՝ Շավարշ Քոչարյանը նկատեց. «Սա, իհարկե, մեզ չի մխիթարում, որովհետեւ երբ ԵԽ անդամ Թուրքիան բռնի տիրացավ ԵԽ անդամ Կիպրոսի տարածքին՝ դուրս չմնաց ԵԽ անդամությունից»: Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ ճիշտ ճանապարհը ժողովրդավարացումն է. «Մենք այլընտրանք չունենք, հարկավոր է հնարավորինս արագ հասնել իրական ժողովրդավարության»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ