ԹԵԿՆԱԾՈՒԻ՝
«ՁԵՌԸ ԲԱՑՆ» Է ԼԱՎ Երեկ հրավիրած ասուլիսում «Ընտրությունը
քոնն է» հ/կ-ն ներկայացրեց ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իրենց նախնական դիտարկումները:
Հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանի կարծիքով՝ դիտարկված թերությունները լրջորեն
կազդեն ընտրությունների արդյունքների վրա: Իսկ դիտարկված թերությունները,
մասնավորապես ԿԸՀ-ի կողմից՝ ԸՕ-ի պահանջներից չբխող, իրավասությունների գերազանցումով
ընդունված որոշումներն են, որոնք սահմանափակում են տեղական դիտորդների եւ վստահված
անձանց իրավունքները: Հ. Համբարձումյանին վրդովեցնում է հանձնաժողովներում տիրող
անվստահությունը՝ «նախագահը, տեղակալը բացառապես կոալիցիայի ներկայացուցիչներ են:
Ընդդիմության ներկայացուցիչները միայն անդամներ են»: Իսկ ամենախնդրահարույցը հ/կ-ի
անդամները համարում են ընտրացուցակները, որոնք փոխանակ ուղղվելու՝ ավելի են խճճվում:
«Ընտրացուցակներում հայտնվում են մահացածներ, իսկ 15 տարի բնակվողները դուրս են մնում:
Կան դեպքեր, որ 28 բնակարան ունեցող շենքից միայն 8 բնակիչ է գրանցվել ցուցակներում»,-
ընդհանրական հայտարարեց Հ. Համբարձումյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա
բանախոսը դրանք դժվար ապացուցելի փաստեր է համարում, քանի որ որոշ ահազանգերի դեպքում
իրենց ներկայացուցիչները շտապել են ներկայանալ եւ տեղում ճշտումներ անել, սակայն
ապացույցներ այդպես էլ չեն գտել: Մինչդեռ նա չի բացառում այդ փաստը: Ավելին՝ «թեկնածուից
է կախված. ձեռը բաց է՝ շատ է տալիս, փակ է՝ քիչ»,- ասում է նա: Սեփ.
լր.