Թե
ինչ է լինում, երբ չի հեռանում նախագահի վերահսկողական ծառայությունը՝ պատմում է
ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Նախօրեին Մաքսային պետական կոմիտեի ղեկավար
կազմի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, թե Նախագահի վերահսկողական
ծառայությունից աշխատանքային խումբ է ուղարկվելու մաքսակետ, որը չի հեռանա այնտեղից,
մինչեւ չշտկվի իրավիճակը: Սա լուրջ «սպառնալիք» է, եթե հաշվի առնենք այն ամենը,
ինչ Նախագահի վերահսկողական ծառայության գործունեության մասին դեռեւս սահմանադրական
քննարկումների ընթացքում ԱԺ ամբիոնից ազդարարեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Մեր
խնդրանքով նա առավել հանգամանալից ներկայացրեց իրեն հայտնի դարձած տեղեկությունները,
որոնք վերաբերում են Պետական գնումների գործակալությունում Նախագահի վերահսկողական
ծառայության իրականացրած ուսումնասիրություններին. «2004-ի աշնանից նրանք ստուգումներ
էին իրականացնում այս գործակալությունում: Թերություններ էին արձանագրել, ավարտել:
Սակայն դեռ 3 ամիս առաջ էլ նրանք մնացել էին գործակալությունում: Երբ հայտարարվում
էին 2005-ի մրցույթները՝ դրանց «յուղոտ պատառները» հիմնականում ղեկավարում եւ ուղղորդում
էին Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները: Այդ կազմակերպության ղեկավարին
ու աշխատակիցներին, փաստորեն, զրկել էին իրենց իրավունքներից: Երբ ես այն ժամանակ
ահազանգեցի ղեկավարներից մեկին՝ ինձ պատասխանեց, թե «ի՞նչ վատ բան են անում, վերահսկում
են, որ չգողանան»: Բայց եթե մարդիկ նշանակվել են ինչ-որ պաշտոնների ու նրանց կասկածում
են գողության մեջ՝ թող անմիջապես հեռացնեն աշխատանքից»: Վարչապետի՝ սեպտեմբերի
5-ի որոշմամբ Գագիկ Խաչատրյանն ազատվեց Պետական գնումների գործակալության պետի պաշտոնից
եւ նրա փոխարեն նշանակվեց Կենտրոն համայնքի ղեկավարի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը:
Մեր այս հիշեցմանը Մանուկ Գասպարյանն արձագանքեց այսպես. «Ե՞րբ հեռացրեցին: Երբ արդեն
2005-ի մրցույթներն անցկացվել էին, եւ դրանց «յուղոտ պատառների» առյուծի բաժինը տվել
էին իրենց ծանոթ-բարեկամներին: Համոզված եմ, քանի որ մի 3-4 մրցույթի էլ մասնակցել
էին ինձ ծանոթ մարդիկ, որոնք ամենալավ պայմաններն էին առաջարկել, բայց չէին շահել:
Քանի որ այդ մրցույթների հաղթողները նախապես որոշված էին, ու մինչ ամփոփումն արդեն
«պատերի տակ» բոլորը նախօրոք ասում էին, թե ով է հաղթելու՝ վերահսկողական ծառայության
աշխատակիցների խնամի-ծանոթ-բարեկամները կամ նրանց կողմից ուղղորդվող մարդիկ: Ուստի
իրավունք ունեմ եզրակացնելու, որ Նախագահի վերահսկողական ծառայությունը կատարում
է Պետական գնումների գործակալության իրացման գործառույթները, բոլոր այն մրցութային
ծրագրերում, որոնք իրենց մեջ պարունակում են ինչ-որ չափով մեծ գումարներ՝ 250-700
հազար դոլարի կարգի: Հատկապես ասֆալտապատման, ճանապարհաշինության, պաշտպանության
նախարարության հետ կապված գնումները հիմնականում ուղղորդվեցին վերահսկողական ծառայության
կողմից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ