Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 16,2005 00:00

Բյուրոկրատներն
ու գործազուրկները ղեկավարելու են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Օրերս
մեր ընթերցողներից մեկը զանգահարել էր խմբագրություն, առաջարկում էր վերլուծել ՀՀ
ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անդամների
ով լինելն ու զբաղեցրած պաշտոնները: Նրա դիտարկմամբ, հանձնաժողովներում քիչ չեն այն
մարդիկ, ովքեր, մասնավորապես, մարզային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված լինելուց
բացի՝ միաժամանակ նաեւ մարզպետարաններում, քաղաքապետարաններում եւ տեղական համայնքներում
ու պետական այլ գերատեսչություններում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: «Եթե
կեղծիքներ չեն անելու, ապա ինչո՞ւ են շահագրգռված իրենց հաստիքային աշխատակիցներին
անպայմանորեն մտցնել այդ հանձնաժողովների կազմի մեջ, այն էլ՝ նախագահի, նախագահի
տեղակալի կամ քարտուղարի պաշտոնում»,- հարցնում է մեր ընթերցողը: Մենք որոշեցինք
անդրադառնալ այս թեմային, բայց ի սկզբանե տեղեկացնենք, որ գործող «Ընտրական օրենսգրքով»
ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար զբաղեցրած պաշտոնի իմաստով որեւէ սահմանափակում
չկա, բացառությամբ, որ ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ԱԺ պատգամավորները,
ՍԴ անդամները, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետները, մի շարք այլ պաշտոնյաներ,
ինչպես նաեւ դիտորդները, թեկնածուները, ՀՀ քրեական օրենսգրքի առանձին հոդվածներով
դատվածություն ունեցողները: ՀՀ-ում տեղամասային հանձնաժողովների թիվը շուրջ
երկու հազար է՝ բոլորին անդրադառնալն անհնարին է: Սակայն փորձենք ներկայացնել գոնե
որոշ ԸԸՀ-ներում հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի ու քարտուղարի պարտականությունները
ստանձնած մարդկանց: Հայաստանի թվով 41 ընտրատարածքային հանձնաժողովներում նախագահի,
տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում ընդգրկված են միայն իշխանության ներկայացուցիչները:
ՀՀ նախագահի կողմից նշանակված հանձնաժողովականներից 8-ը ԸԸՀ-ներում, մասնավորապես՝
Երեւանի Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Էրեբունի համայնքներում,
նաեւ՝ Աբովյանում ու Գյումրիում, զբաղեցնում են հանձնաժողովների նախագահների պաշտոնը,
եւս 9-ը՝ տարբեր ԸԸՀ-ներում նախագահի տեղակալ են, եւս 8-ը՝ քարտուղարներ: Նույնատիպ
արտոնություններ ունեն իշխանամետ կուսակցությունները. ՀՀԿ-ն ընտրատարածքային
հանձնաժողովներում ունի 9 նախագահ, 8 տեղակալ եւ 9 քարտուղար: «Օրինաց երկիրը» ԸԸՀ-ներից
10-ում ունի տասական հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ եւ քարտուղարներ: ՀՅԴ-ին
եւս ԸԸՀ-ներում պատասխանատու պաշտոններ են բաժին հասել: Կուսակցության նշանակած հանձնաժողովականներից
9-ը նախագահներ են, 9-ը՝ տեղակալներ եւ 8-ը՝ քարտուղարներ: Ընտրատարածքային հանձնաժողովներում
նախագահի, տեղակալի ու քարտուղարի պաշտոններ ունեն նաեւ իրենց ընդդիմադիր համարող
ՄԱԿ-ը եւ ԱԺ «Ժողովրդական պատգամավոր» խումբը: ՄԱԿ-ը ԸԸՀ-ներից միայն 1-ում ունի
հանձնաժողովի նախագահ, 2-ում՝ նախագահի տեղակալ եւ 2-ում՝ քարտուղար, իսկ «Ժողպատգամավորը»
(«ԺՊ») 4-ում ունի նախագահներ, 3-ական տեղակալներ ու քարտուղարներ: Այժմ «անձնապես»
անդրադառնանք որոշ համայնքներում թաղապետի առաջիկա ընտրությունները սպասարկող ԸԸՀ-ներին:
Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը «Ժողպատգամավոր» խմբի կողմից
է նշանակված՝ Վահրամ Տոնոյան: Նա «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ հյուսիսային մասնաճյուղում
է աշխատում՝ որպես ճարտարագետ: Թե որտեղ են աշխատում նրա տեղակալ, ՀՅԴ ներկայացուցիչ
Վալերի Խաչատրյանն ու ՀՀԿ կողմից նշանակված քարտուղար Սամվել Քոչարյանը՝ պարզել չհաջողվեց:
Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ԸԸՀ նախագահն է ՀՅԴ ներկայացուցիչ Արարատ Կարապետյանը:
Նա չի աշխատում: Այսինքն՝ երբեւէ աշխատել է, բայց հիմա աշխատանքը թողել է ԸԸՀ-ում
իր պարտականությունները աշխատանքային պրոցեսի հետ չհամեմելու համար: Նրա տեղակալը՝
ՕԵԿ-ը ներկայացնող Գեւորգ Գեժոյանը, եւս չի աշխատում: Քարտուղարը՝ «ԺՊ»-ից Ռուզաննա
Կոստանյանը, Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենն է: Արաբկիրի թիվ 4 ԸԸՀ
նախագահը, որ նշանակված է ՀՀ նախագահի կողմից, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության
աշխատակից է, նրա տեղակալ Սպարտակ Մուսայելյանը աշխատում է Միջազգային եվրոպական
ակադեմիայում, իսկ քարտուղարը՝ Քաջիկ Գրիգորյանը, տրանսպորտի ոլորտի աշխատակից է:
Կենտրոնի թիվ 8 ԸԸՀ նախագահը ԿԸՀ նախկին անդամ Եղիշ Տերտերյանն է, որն, ինչպես
իր տեղակալն ու հանձնաժողովի քարտուղարը, հիմա ոչ մի տեղ չի աշխատում: Էրեբունիի
թիվ 13 ԸԸՀ-ն միաժամանակ սպասարկելու է նաեւ Նուբարաշենի թաղապետի առաջիկա ընտրությունները:
Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի ներկայացուցիչ Սեյրան Մկրտումյանը, որը
չի աշխատում: Նրա տեղակալը՝ Անաիդա Շահնազարյանը, Էրեբունիի թիվ 45 դպրոցի ուսմասվարն
է, ՀՀ ԿԳ նախարարությունում՝ վարչության պետ, իսկ քարտուղար Խաչիկ Մուրադյանն աշխատում
է Էրեբունիի թաղապետարանում: Աշտարակի թիվ 14 ԸԸՀ-ում նախագահի տեղակալ ՀՅԴ
ներկայացուցիչը Արագածոտնի մարզպետի լիազոր ներկայացուցիչն է Ապարանում, բայց, չգիտես
ինչու, ընդգրկված է Աշտարակի ԸԸՀ-ում: Քարտուղար Արտավազդ Սարգսյանը առողջապահական
վարչության պետ է, մասնագիտությամբ՝ բժիշկ: Վաղարշապատի թիվ 19 ԸԸՀ նախագահը՝
«ԺՊ»-ից, հիմա չի աշխատում: Նրա տեղակալ Արթուր Այվազյանը, որ նշանակված է ՀՀ նախագահի
կողմից, մարզպետարանի գյուղվարչության պետն է: ՕԵԿ-ը ներկայացնող Ռազմիկ Գրիգորյանը՝
քարտուղարը, ԱԺ գիտության եւ կրթության բաժնի վարիչ է: Արմավիրի թիվ 21 ԸԸՀ
նախագահ, ՀՀԿ կողմից նշանակված Գայանե Սուքիասյանը մարզպետարանում պայմանագրային
աշխատող է: Լոռու մարզում Վանաձորի թիվ 30 ԸԸՀ նախագահ Մինաս Սայադյանը եւս
մարզպետարանի աշխատակից է, նշանակված է ՀՀԿ կողմից: Թիվ 31 ԸԸՀ-ում, որը ներառում
է Վանաձորի մի հատվածն ու Ալավերդին, հանձնաժողովի քարտուղար Ալբերտ Սարգսյանը մարզպետի
օգնականն է: Նա ՀՅԴ անդամ է: Տաշիրում թիվ 32 ԸԸՀ նախագահն էլ, որ «ԺՊ» ներկայացուցիչն
է հանձնաժողովում, Տաշիրի տարածքային հարկային տեսչության պետն է: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել