Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀՄԱՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ

Սեպտեմբեր 16,2005 00:00

Ինքը՝
ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ իր պատվիրատուն մալուխ անցկացնող
բանվորն է Չորեքշաբթի ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ԱԺ ամբիոնից
հայտարարեց, որ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը իր կուսակցության դեմ խոսում է պատվերով,
ու սպառնաց, որ եթե Հմայակն այդպես շարունակի, իրենք կհրապարակեն պատվիրատուի անունը:
Քանի որ պրն Հովհաննիսյանը, կարծես թե, մտադիր է շարունակել նույն ոգով, «Առավոտը»
հետաքրքրվեց՝ արդյոք բացահայտելու ժամանակը չէ՞: Մեզ հետ զրույցում Սամվել Բալասանյանը
չուզեց անուններ տալ, ասաց, որ առայժմ դա նպատակահարմար չէ: Սամվել Բալասանյանի կարծիքով,
իրենց հայհոյանքները Հմայակի հասցեին վերջինիս նույնատիպ արտահայտությունների պատասխանն
էին: «Եթե որեւէ մեկը փորձի անձնական դաշտ մտնել, մենք նույնպես կմտնենք, եթե նա
մի հոգի է, անունն էլ չեմ ուզում տալ, մենք 21 հոգի ենք, պետք է հաշվի առնել, մենք
ուղղակի ասում ենք՝ հեռու մնացեք»,- նշեց պրն Բալասանյանը: «Ինքը (Հմայակ
Հովհաննիսյանը- Մ. Ե.) շատ փոփոխական է, մի ժամանակ ասում էր, որ պետք չի ավանդները
վերադարձնել, այսինքն՝ նրան ինչ ուղղության վրա դնում են՝ այդպես էլ գնում է, ես
չեմ ուզում նույնիսկ տվյալ անձի (Հմայակ Հովհաննիսյանի- Մ. Ե.) անունը տալ, ինքը
ինձ չի հետաքրքրում, հետաքրքրում է այն տրամաբանությունը, որ մենք կարողանանք ավանդները
վերադարձնել»: Սակայն նա, ում անունը Սամվել Բալասանյանը չէր ուզում տալ, մեզ հետ
զրույցում ասաց, որ պրն Բալասանյանի բիզնեսը, մասնավորապես՝ նրա Գարեջրի գործարանը,
ստեղծվել է նաեւ ավանդատուներին չվերադարձված գումարների հաշվին: Այս մեղադրանքին
ի պատասխան՝ պարոն Բալասանյանն ասաց. «Ինչ ուզում է՝ թող ասի, Սամվել Բալասանյանը
88 թվականից երկրաշարժի գոտում աշխատատեղեր է ստեղծել եւ մինչեւ հիմա ստեղծում է:
Իմ կենսագրությունը կա, կարող եք վերցնել ինտերնետային կայքից, «Ով՝ ով է» գրքից,
ես թաքցնելու բան չունեմ»: Պարոն Բալասանյանը չի էլ կասկածում, որ պատվիրատուն կա.
«Ես կհայտարարեմ, կասեմ, թե ով է պատվիրատուն, բայց եկեք հիմա այս խոսակցությունը
վերջացնենք, ճիշտն ասած, բոլորը գիտեն, թե ով է պատվիրատուն: Ի՞նչ սպասել մի մարդուց,
որը բազմաթիվ կուսակցություններ է փոխել»: Մեզ ոչինչ չէր մնում, քան գնալ
եւ հարցնել որոշ անձերին ու կուսակցություններին՝ արդյոք նրա՞նք են Հմայակի պատվիրատուն:
«Կասկածյալ պատվիրատուների» շարքում հիշատակվում է Սերժ Սարգսյանը, բայց նրա հետ
կապվելն այնքան էլ հեշտ չէ: Նույն շարքում հանրապետականներն են, ուստի հարցրինք ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. հնարավո՞ր է, որ իրենք են Հմայակ Հովհաննիսյանին
պատվիրել վարկաբեկել ՕԵԿ-ին: Պատասխանը հետեւյալն էր. «Մեղմ եմ մոտենում ձեր հարցին,
պարզապես մարդիկ ուզում են հեքիաթներ, առասպելներ, առեղծվածներ հյուսել իրենց շուրջը՝
մտածելով, թե դրանով մեծ բովանդակություն են ստանում եւ, առավել եւս, շատ վատ վիճակի
մեջ են ընկնում, մտածելով, թե այդ առասպելով ժողովուրդը պիտի սիրահարվի որեւէ մեկին
եւ ասի՝ սա է, որ կա»: Փորձեցինք հստակեցնել՝ ո՞ւմ նկատի ունի ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝
Հմայակ Հովհաննիսյանի՞ն, թե՞ ՕԵԿ-ին: «Հմայակին»,- եղավ պատասխանը: Գալուստ Սահակյանն
այն կարծիքին է, որ ինչքան էլ «Հմայակը անկանխատեսելի երեւույթ է, համենայնդեպս ավելի
շատ իր հետագա ճակատագրի մասին է մտածում, իրեն այդպես է պահում, որ ընտրազանգված
ունենա, իր ուժերը օգտագործեն, մի խոսքով՝ խնդիր ունի հետագայում քաղաքական գործընթացներում
մնալու, քաղաքականությամբ զբաղվելու: Ի դեպ, բոլորի մեջ էլ այս երեւույթը կա, դա
բնական եմ համարում, բայց կողմնակից եմ ավելի քաղաքակիրթ ձեւերի»: «Ազգային
միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը (վերջինը պարոն Հովհաննիսյանը
այս խմբակցության անդամ էր) ասաց. «Մենք իր ասածների համար որեւէ պատասխանատվություն
չենք կրում, դրա համար պետք չի մեզ ներքաշել այդպիսի բաների մեջ»: Պատվիրատու լինելուց
հրաժարվեցին նաեւ մյուս քաղաքական ուժերը: Ինքը՝ Հմայակ Հովհաննիսյանը չթաքցրեց,
թե ով է իր պատվիրատուն. «Իմ պատվիրատուն այն բանվորն է, որին ես հանդիպեցի իմ տան
դիմաց, որտեղ ստորգետնյա մալուխ են անցկացնում, եւ զուգահեռաբար քննադատում էր ՕԵԿ-ին»:
Հմայակ Հովհաննիսյանն էլ իր հերթին չէր ուզում տալ Սամվել Բալասանյանի անունը եւ
ասաց. «Թող այդ անձնավորությունը պատասխանի, թե ինչո՞ւ խոստացավ եւ դատի չտվեց Շիրակի
դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, որը նրան մեղադրեց ջրի գնով գարեջրի գործարանը
սեփականաշնորհելու մեջ: Եթե ինքը իսկապես մաքուր մարդ է, ինչո՞ւ իր խոստումը չի կատարում»:
Պրն Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ պատրաստվում է հոկտեմբերի քառօրյայում սկսել
նոր ստորագրահավաք՝ ավանդների հարցի քննարկման համար: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել