ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Երեկ Սերբիա եւ Չեռնոգորիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի պատանիների ու աղջիկների առաջնությունը՝ 10, 12, 14, 16, 18 տարեկանների միջեւ: 42 երկրների 643 շախմատիստ 9 տուրում կպայքարի հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանը ներկայացուցիչներ ունի թե տղաների, թե աղջիկների բոլոր տարիքային խմբերում: Նրանք են. 10 տարեկան. տղաներ՝ Արա Դիլոյան, Ռաֆայել Գաբրիելյան, Հովհաննես Գաբուզյան, Կարեն Գրիգորյան, աղջիկներ՝ Սյուզաննա Գաբոյան, Աստղիկ Խալիկյան: 12 տարեկան. տղաներ՝ Ռոբերտ Աղասարյան, Հայկ Թամազյան, Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Վարդանյան, աղջիկներ՝ Լուսինե Թորոսյան: 14 տարեկան. տղաներ՝ Դավիթ Գեւորգյան, Ռոբերտ Հովհաննիսյան, աղջիկներ՝ Լուսինե Կարապետյան, Դիանա Մնացականյան: 16 տարեկան. տղաներ՝ Զավեն Անդրիասյան, աղջիկներ՝ Նունե Դարբինյան, Աննա Հայրապետյան: 18 տարեկան. տղաներ՝ Յուրի Համբարձումյան, Տիգրան Մամիկոնյան, Վարդան Մովսիսյան, Արման Փաշիկյան, աղջիկներ՝ Անի Դարբինյան: Սեպտեմբերի 18-24-ը Իտալիայի Սան-Վինսենթ քաղաքում զուգահեռաբար անցկացվելու են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 21-րդ եւ կանանց 10-րդ ակումբային առաջնությունները: Այսօրվա դրությամբ մասնակցության հայտ ներկայացրել են տղամարդկանց 45 եւ կանանց 10 թիմեր: Մրցումներն անցկացվելու են շվեյցարական մրցակարգով, 7 տուրով: Հայաստանից առաջնությանը մասնակցելու է կանանց «Միկա-Երեւան» ակումբը՝ Դանիելյան, Կուտիձե (Վրաստան), Ալեքսանդրովա (Ուկրաինա), Աղինյան, Գասպարյան կազմով: Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը պայմանագրով հանդես է գալու Ռուսաստանի «Ուրալ» ակումբում: Մեր հանրապետությունը տղաների թիմի հայտ չի ներկայացրել, սակայն մեր առաջատար գրոսմայստերները Սան-Վինսենթում խաղատախտակների առջեւ կնստեն այլ ակումբների կազմերում: Մասնավորապես, Լեւոն Արոնյանը Ռուսաստանի «Տոմսկ-400»-ում խաղալու է 2-րդ խաղատախտակի առջեւ, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Ռաֆայել Վահանյանը համալրել են «Ուրալ» թիմը: Ա. Հ.