Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՉ ՄԵԿԸ ԱՅՍՏԵՂ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

Սեպտեմբեր 15,2005 00:00

«Ոգու
փորձություն» կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հավատում է
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արամ Զ. Սարգսյանի, Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ
Հարությունյանի ազնվությանը: – Պարոն Հակոբյան, որպես երկրապահ եւ Վազգեն
Սարգսյանի զինակից, ինչպե՞ս եք մեկնաբանում այն, ինչ կատարվեց «Հանրապետություն»
կուսակցությունում, ձեր կարծիքով ինչո՞ւ Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանը
եւ մյուսները դուրս եկան կուսակցությունից: – Ես ամենեւին կասկած չունեմ Ալբերտ
Բազեյանի եւ Արամ Սարգսյանի մաքրության վրա, ուղղակի համոզված եմ, որ նրանք իրար
չեն հասկացել, բաժանվել են իրարից, բայց վստահ եմ՝ երկուսի նպատակներն էլ նույնն
են, եւ նրանք միասնաբար նորից գնալու են նույն ճանապարհով եւ հասնելու են վերջնական
կետին: Ես համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը, Արամը եւ նրանց ընտանիքը Բազեյանի համար
սրբություն են, եւ եթե հանկարծ Արամին փորձանք պատահի՝ Բազեյանը կուզենա, որ դա իր
հետ կատարվի եւ ոչ թե Արամի: Ուղղակի նրանք այս պահին չկարողացան իրար հետ միասնական,
նույն ճանապարհով գնալ, բայց կգա ժամանակը եւ ամեն մարդ իրեն հաշիվ կտա, թե որ պահին
ինքը ճիշտ չէր, եւ նորից իրար հետ կգնան նույն ճանապարհով: – Հնարավո՞ր է
, որ ձեր ստեղծած «Ոգու փորձությունը» ինչ-որ պահի դառնա կուսակցություն եւ դա կլինի
Ալբերտ Բազեյանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության հիմքը: – Ոչ, նման բան
հնարավոր չէ: «Ոգու փորձությունը» ստեղծվել է երկրապահ-կամավորականների սոցիալական
խնդիրները լուծելու համար եւ նպատակ չունի կուսակցություն դառնալ: Մենք համախմբվել
ենք իրար սատարելու համար, այսօր շատ են անուշադրության մատնված տղաները, տպավորություն
կա, որ մեր երկրում պատերազմ չի եղել ու տղաները չեն վիրավորվել, հաշմանդամ չեն դարձել,
կարծես էս մարդիկ գոյություն չեն ունեցել: – Իսկ եթե Ալբերտ Բազեյանը ստեղծի
իր կուսակցությունը՝ դուք կմտնե՞ք այդ կուսակցության մեջ: – Ոչ, ես ցանկություն
չունեմ որեւէ կուսակցության մեջ մտնել, քանի որ էս բոլոր տարիներին տեսել եմ, թե
կուսակցությունների եւ կուսակցականների գլխին ինչ օյիններ են բերել: – Ի դեպ,
օյինների մասին, որոշ մարդիկ կասկածներ ունեն, որ «Հանրապետություն» կուսակցության
պառակտման գործում լուրջ դերակատարություն ունեն իշխանությունները, մասնավորապես՝
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ոմանք նույնիսկ մտածում են, որ սա Վազգենի
հիշատակին ուղղված հերթական քայլն էր: – Նման բան չկա, ես հաստատ համոզված
եմ, որ ոչ մեկը այստեղ կապ չունի, որովհետեւ երկուսի մաքրության վրա կասկած չունեմ:
Գուցե ուրիշ կուսակցության դեպքում ես էլ ուրիշների պես մտածեի, թե իշխանությունները
կապ ունեն, բայց սա այդ դեպքը չէ: Այստեղ Սերժ Սարգսյանը կապ չունի: Ես հավատում
եմ Ալբերտ Բազեյանին եւ Վաղարշակ Հարությունյանին: Ես գիտեմ, որ ժամանակին նույն
Վաղարշակ Հարությունյանին առաջարկել են մնալ աշխատել, բայց ինքը Արամի հետ դուրս
եկավ, նույն Բազեյանը դուրս եկավ: Ես համոզված եմ, որ բոլորն էլ կուզենային, որ Վաղարշակ
Հարությունյանի կամ Ալբերտ Բազեյանի նման մարդը իրենց հետ աշխատեր: – Երբ
ասում եք, թե համոզված եք, որ իշխանությունները կապ չունեն՝ ավելի շատ հավատում եք
Բազեյանի՞ն, թե՞ իշխանություններին: – Չէ, ես հավատում եմ Բազեյանին, ես կասկած
չունեմ Բազեյանի մաքրությանը, ոչ էլ Արամի: Ուղղակի՝ իրենք տարբեր բնավորություն
ունեն: – Եթե իշխանությունները իսկապես որոշեն որոշ տարածքներ տալ, ի՞նչ եք
անելու: – Նման բան չի լինի, նախագահին իմանալով՝ ես համոզված եմ, որ նա կյանքում
այդ քայլին չի գնա, նա հողերը չի տա, ինքը կարող է իրեն վտանգել, իր ընտանիքը վտանգել,
բայց մի քառակուսի մետր հող չի տա: Ինքը այդ ճանապարհը անցել է, եւ լավ գիտի մի քառակուսի
մետր հողի արժեքը եւ գիտի, թե տալու արդյունքը ինչ է լինում: – Գուցե ստիպված
գնա՞ այդ քայլին՝ միջազգային կառույցների ճնշման տակ: – Ինչպես որ Լեւոն Տեր-Պետրոսյանը
չգնաց այդ քայլին, նույնն էլ ինքը կանի ու չի գնա այդ քայլին: Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել