Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ՍՊԻԴԻՑ «ԽԱԲԱՐ» ՉԵՆ

Սեպտեմբեր 15,2005 00:00

Ազգային անվտանգության համար լուրջ վտանգ
ներկայացնող որոշ հիվանդությունների եւ այդ շարքում առաջին հերթին՝ ՁԻԱՀ-ի մասին
հասարակության տեղեկացվածության աստիճանը մեզ մոտ ոչ միայն ցածր է, այլեւ, կարելի
է ասել՝ ողբերգականորեն զավեշտալի: Մեր անցկացրած պարզ հարցումները ցույց
տվեցին, որ ոմանց կարծիքով ՁԻԱՀ-ով կարելի է վարակվել, եթե նստես այն աթոռին, որի
վրա քիչ առաջ նստած է եղել վարակակիրը: Կամ վարակը կարելի է «որսալ» այն աղբամանի
մեջ աղբ լցնելիս, որի մեջ մի քանի րոպե առաջ աղբ է թափել ՁԻԱՀ- ով հիվանդը: Թեպետ
հիվանդության մասին տեղեկությունների տարածման համար խոշոր գումարներ են ծախսվում,
մարդիկ են աշխատում՝ հաստատուն (եւ ոչ ցածր) աշխատավարձով: Մենք փորձեցինք ՁԻԱՀ-ի
կանխարգելման հայկական կենտրոնից ճշտել տեղեկատվության համար ծախսված գումարներն
ու դրանց արդյունավետության մասին իրենց կարծիքը, բայց պաշտոնական պատասխան տվող
իրավասու անձին գտնել չհաջողվեց: Մեկ այլ հարց է, թե թղթի վրա ցույց տվածից ինչքանն
է ծախսվել այդ նպատակի համար եւ ինչքանը գնացել «այլ» ճանապարհով: Իհարկե,
տեսականորեն բոլորն էլ կարող են առողջապահական կենտրոններից ու պոլիկլինիկաներից
անվճար ձեռք բերել այդ բրոշյուրները կամ գոնե ծանոթանալ հիվանդության նշաններին ու
տարածման ուղիներին՝ պատերին փակցված ստենդներից: Սակայն երեւում է՝ «դարի հիվանդությունը»
մերոնց այնքան էլ չի մտահոգում եւ բոլորն էլ իրենցից հեռու են համարում ՁԻԱՀ-ով վարակվելու
հեռանկարը: Այդ պարագայում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին մնում է հիվանդության եւ
դրանից խուսափելու մասին տեղեկատվությունը տառացիորեն մտցնել յուրաքանչյուրի տուն՝
տարբեր ճանապարհներով, օգտագործելով քարոզչության բոլոր հնարավոր ու անհնարին մեխանիզմները:
Ոչ թե բավարարվել ՁԻԱՀ-ի տարածման շարունակական աճի մասին լրատվամիջոցներով սահմռկեցուցիչ
թվեր հրապարակելով: Իսկ այսօր բնակչության տեղեկացվածության պատկերը հետեւյալն
է: Բելլա Հակոբյանը մասնագիտությամբ հաշվապահ է: Ահա ՁԻԱՀ-ի մասին ունեցած
նրա պատկերացումը. «Դա սեռական կյանքի շահագործումից առաջացած հիվանդություն է: Կարող
է նաեւ անձնական հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում էլ մարդիկ վարակվեն: Ես
45 տարեկան եմ ու պետք է ասեմ, որ նույնիսկ այս տարիքում ինֆորմացիայի պակաս ունեմ,
որտեղից այն ստանամ՝ ինքս էլ չգիտեմ»: Մասնագիտությամբ ինժեներ Վահան Բայադյանը ՁԻԱՀ-ի
մասին տեղեկություն է «փորփրել» ինտերնետում: «Այս վարակը հնարավոր է միջատների,
սեռական եւ նարկոմանիայի ճանապարհով: Անձնական հետաքրքրասիրությունս բավարարելու
համար կարդում եմ հանրագիտարաններ, դրա համար էլ գիտեմ, բայց ի՞նչ անեն հիմիկվա երիտասարդները,
որոնք կարդալու հետ այդքան էլ սեր չունեն: Նրանք անգիտակցաբար այդ հիվանդությունն
իրենց գլխին են կապում: Ու մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ ախ անող չկա»,- նեղսրտեց
Վ. Բայադյանն ու առաջարկեց հանրությանը ՁԻԱՀ-ի մասին իրազեկել «գունավոր, գեղեցիկ
դիզայն ունեցող բրոշյուրներով, եւ որ դրանք լինեն անվճար ու ամենուր»: Ամսագրերի
վաճառքով զբաղվող Մարգարիտա Գեւորգյանն իր շրջապատի պատմած ինչ-որ պատմություններից
է իմացել, որ ՁԻԱՀ-ով վարակվում են վարակակրին ձեռքով բարեւելուց, նրա անկողնուն
նստելուց, լողավազանից եւ այլն: Այս «սիրողական» պատմություններից բացի, տիկին Մարգարիտան
կարծում է, որ առհասարակ պետք է խուսափել վարակակրի հետ շփումից. «Երբեք չեմ թողնի,
որ իմ երեխան խաղա հիվանդի երեխայի հետ: Կամ սպիդոտ մեկը գա մեր տուն»: Ի դեպ, հարցվածների
մեծ մասը մեր հարցին, թե ինչի հետեւանքով են մարդիկ ՁԻԱՀ-ով վարակվում, սկզբից ժպտում,
հետո հարցնում էին. «Կարող ա՞ դուք եք հիվանդ»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել